ՙՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ՊԻՏԻ ԼԻՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ՚…
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Պատմություն՝ հայրենիքի զինվորի մասին
28 տարի է մեզ բաժանում մայիսյան այն հրաշունչ օրերից, երբ հայկական ինքնապաշտպանական ջոկատները Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ գրոհեցին Շուշին և, նախապես ծրագրված հստակ ռազմագործողության իրականացման շնորհիվ, թշնամու կապանքներից ազատագրեցին հայկական հինավուրց բերդաքաղաքը: Մեր ժողովրդի հերոսական տարեգրության այդ պայծառ էջերի մասին շատ է գրվել, ունորովի ընկալելով համահայկական հնչեղություն ստացած մայիսյան եռատոնի խորհուրդը, Շուշիի ազատագրումը, որպես բացառիկ երևույթ, այն դեռ վերաիմաստավորվելու և վերաարժեվորվելու է սերունդների կողմից:
Շուշիի ազատագրման ակտիվ մասնակից, ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանակիր, պետական ու մարտական մի շարք այլ պարգևների արժանացած, հատուկ նշանակության ջոկատի (զորամասի) նախկին հրամանատար, փոխգնդապետ Սամվել Հարությունյանը մեկն է այն կամավորականներից, որոնք զգալով ժողովրդին սպառնացող պատերազմի վտանգը, միակ փրկությունը տեսան համախմբման ու միասնության մեջ` երդվելով` թեկուզ մահվան գնով, Շուշին վերադարձնել իր օրինական տիրոջը: Մեր փրկության նախադուռը համարելով Շուշիի ազատագրումը, ենթադրվում էր, որ լռեցնելով քաղաքի շրջակա ադրբեջանական բնակավայրերում ամրացված կրակակետերը, հաջողության դեպքում հնարավոր կլինի առաջ շարժվել: Ասել է թե` միջանցք կբացվի դեպի Հայաստան, ու վերջապես դուրս կգանք շրջափակումից: Սակայն, հաշվի առնելով հակառակորդի դիրքային ու ռազմական հնարավորությունները (մասնավորապես` մեծաթիվ զենքի ու զինամթերքի առկայությունը), մեր կողմից անլուրջ կլիներ նախապես հաղթանակ ակնկալելը,- գտնում է Ս. Հարությունյանը: - Միևնույն ժամանակ, գիտակցելով ծրագրված առաքելության պատասխանատվությունը, մարտից առաջ բոլորիս ոգևորությունն այնքան մեծ էր, ու մեր երակներում այնքան ուժ ու ավիշ էր կուտակվել, որ դատապարտված էինք միայն հաղթելու…
Սամվելի համոզմամբ, հապաղելը նոր զոհերով ու անկանխատեսելի վտանգներով էր հղի: Ուստի ելքից դուրս գալու միակ ճանապարհը Շուշին ազատագրելն էր, որի ռազմավարական հզոր նշանակությունը, ինչպես Ստեփանակերտի շրջակա բնակավայրերի բնակչության անվտանգության, այնպես էլ հայկական ուժերի առաջխաղացման տեսակետից, անգնահատելի են ու, բնականաբար, այդ իրողությունըչէր կարող անտեսվել և հակառակորդի կողմից:
ՙՈրպեսզի կարողանայինք իրագործել մեր առջև դրված խնդիրը, մեզ մնում էր վերացնել Ջանհասանի, Քյոսալարի, Ջամիլլուի կրակակետերը, որտեղից (նաև Շուշիի երախից) գիշեր-ցերեկ հրետակոծվում էին Ստեփանակերտն ու քաղաքամերձ հայկական գյուղերը, արկերի պայթյունից գրեթե ամեն օր անմեղ մարդիկ էին զոհվում, ու տիրելով բարձունքին, ՙհուսալի նախապայմաններ՚ ստեղծել բերդաքաղաք մտնելու համար,- ասում է հայրենիքի զինվորը և ավելացնում, թե այն բանից հետո, երբ մեր զորախմբերը հաջող ռազմագործողությունների արդյունքում,կարողացան ետ գրավել թշնամու մենաշնորհը դարձած օդանավակայանը և վերացնել Խոջալլուի ռազմական հենակետերը, նրանց հերթական ամեն վճռական քայլը հանդիսացավ բերդաքաղաքի գրոհի ձեռնարկումը:
Սամվել Հարությունյանը, որ կռվում էր Վաչագան Իշխանյանի գլխավորած վաշտում, հպարտությամբ է պատմում մարտական այն ընկերների մասին, որոնք ոչ մի վտանգի առաջ կանգ չէին առնում և հաճախ ՙմահը նրանց կողքով էր անցնում՚…
- Այն ժամանակ մահվան կամ, ընդհանրապես` վախի մասին մտածելու ժամանակ ո՞վ ուներ: Բոլորիս մի բան էր մտահոգում. արդյո՞ք, կհաջողվի վերստին հայկական տեսնել Շուշին և պահ առաջ մոմ վառել եկեղեցում: Եթե Շուշին չազատագրեինք, Ստեփանակերտը մոխիրների կվերածվեր,- ենթադրում է ազատամարտի հերոս զինվորը և երախտիքի խոսք ուղղում ռազամագործողության կազմակերպիչների, հրամանատարների, իր ջոկատի տղաների հասցեին` ընդգծելով, որ եթե հնարավոր լիներ նրանց անուններն ինքը մեկ առ մեկ կթվարկեր…
- Արայիկի, Հրայրի, Գառնիկի, Արմենի, Ֆելիքսի պես քաջարի զինվորներով ամենաանհասելի բարձունքը կարելի էր նվաճել: Ես դրանում բազմիցս եմ համոզվել` հայտնվելով նրանց կողքին, ականատեսն ու մասնակիցը դառնալով թշնամու դեմ մղված բազում թեժ մարտերի,- պատմում ու ապա խոր ցավով Սամվելը հիշում է Շուշիի մարտական գործողությունների ժամանակ նահատակված ընկերներին` Մհերին, Դավիթին, Ռաֆիկին, Սամվելին, Սերգեյին, Մուրադին, Արմենին, Արթուրին: - Ափսոս, ազատագրված բերդաքաղաքն այդպես էլ չտեսան: Մինչդեռ տղերքն այն առաջին կամավորականներից էին, որոնք իրենց խիզախությամբ խանդավառում էին ջոկատի անդամներին, մարտերի ժամանակ գերադասելով իրենց վրա վերցնել հարվածները ու խնայել առավել երիտասարդներին…
Մայիսի 8-ին, ոչնչացնելով հակառակորդի մերձակա հենակետերը, ահեղ մարտերն հետզհետե տեղափոխվեցին բերդաքաղաք Շուշի: Թշնամին կատաղի դիմադրություն էր ցույց տալիս հատկապես բանտի հենակետերում, ուր ՙԳրադ՚ տիպի երեք կայանք էր տեղադրվել ազերիների կողմից և հրետակոծության տակ էին առվել հայկական զորամիավորումները: Սակայն, չդիմանալով հայ ազատամարտիկների դիպուկ հարվածներին, թուրքերը ստիպված էին փախուստի դիմել` տալով ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ: Կարճատև կրակահերթերից հետո մայիսի 9-ի առավոտյան Շուշին լիովին ազատագրված էր: Ու, չնայած Ադրբեջանական բանակի հրամանատարությունը, հայ մարտիկների ուշադրությունը շեղելու նպատակով, հակամարտության գոտու ողջ երկայնքով լայնածավալ ռազմագործողություններ էր ծավալել, ընդհուպ գործի դնելով օդուժը, մեր զինվորները խուճապի չմատնվեցին, վերահսկողության տակ առան Լաչին-Շուշի մայրուղին, ու սկսվեց Արցախի պաշտպանական ուժերի նոր հաղթարշավը, որը հանգեցրեց Արցախը Հայաստանին կապող երակի` Լաչինի միջանցքի բացմանը:
Մեր հանդիպման ամբողջ ընթացքում զրուցակիցս իր մասին ոչինչ չպատմեց, գերադասելով անդրադառնալ Շուշիի ազատագրմանը և իր գլխավորած հատուկ նշանակության զորամասի տղաների փառավոր ուղղու մասին, որոնք մասնակցել են Քելբաջարի, Զանգեզուրի, Ղուբաթլուի, Ֆիզուլու, Ջաբրաիլի, Աղդամի կրակակետերի ոչնչացմանը, Մարտակերտի շրջանի ազատագրման համար մղված թեժ մարտերին: Մեր զրույցի մասնակից, վաշտի նախկին հրամանատար Արթուր Միրզոյանը, որն ի դեպ, ծանր վիրավորվել է կռիվներից մեկում ու երկրորդ կարգի հաշմանդամ է, ուշադրությամբ լսելով գումարտակի հրամանատարին, չի համբերում. ՙԲայց ինչու՞, երբ խոսքը քեզ է վերաբերում, դիտավորյալ խուսափում ես... Եթե մարտական գործողությունները հմտորեն վարելու կարողություն և քաջություն չունենայիր, ապա հազիվ թե հնարավոր լիներ հաղթանակներ տոնել,- ասում ու հիշում է ՙ17-ի պատմությունը՚, որը մի անգամ ուրախ, իսկմյուս դեպքում` տխուր վերջաբան է ունեցել…
- 1993 թվականին ¥դեկտեմբերի վերջերին¤ Ջինի բնակավայրի մոտտեղի ունեցած մարտերի ժամանակ ամբողջովին վերացվեց ադրբեջանական մի վաշտ, 30-ից ավելի զոհեր եղան, 17 հոգու գերի վերցրին և հազիվ 3-4 թուրքի հաջողվեց ճողոպրել:
Ապաքինվելուց հետո, ինչպես ասում են, նորից շարք է վերադարձել Սամվել Հարությունյանը, ու որպես հրամանատար գլխավորում է Արցախի ՊԲ հատուկ նշանակության ջոկատը, որն օրինակելի զորամասերից մեկն է հանդիսանում այսօր և, հատուկ առաջադրանքների գերազանց կատարման համար, բազմիցս է արժանացել մարտական պարգևների:
Երբ սահմանային դիրքերում անդորր ու կրակոցներ չեն լսվում, ուզում եմ հավատալ, որ ոչ ոք իրավունք չունի ու երբեք չի համարձակվի խախտել մեր տղաների արյամբ ձեռք բերված խաղաղությունը,- փորձում է լավատես մնալ Սամվելը: - Ու մեկ էլ մտածում ես` երբ հարևանների կողմից դեռ փոխըմբռնում չկա, իսկ վստահելն անհեթեթություն է, խաղաղությունը պահպանելու համար, պարզապես միշտ զգոն ու պատրաստ պիտի լինես պատերազմին, որքան էլ որ այն անցանկալի լինի…
Երբ մեր զրույցն արդեն ավարտվել էր ու պիտի բաժանվեինք, հեռախոսի զանգ հնչեց: Ասաց, որորդին է՝ Դավիթը, ով ծառայում է Արտակարգ իրավիճակների պետական կառույցում: Սամբոյի պարապմունքների է գնում և ուզում է հորը տեղյակ պահել, որ մի քիչ ուշ է տուն գալու:
- Զինվորական կյանքի նկատմամբ դեռ մանկուց էր հետաքրքրություն ցուցաբերում:Երբ ատլետիկ կազմվածքով մեր տղաների խմբային լուսանկարն էր տեսել, նայեց ու թե` պապ, որ տարիք առնեմ, որպես զինվոր ինձ կվերցնե՞ս հատուկ նշանակության քո ջոկատում: Ասացի` տղաս, շատ դժվար կլինի, կփորձեմ, բայց դու գիտե՞ս, որ մեր զորամասում ծառայելու համար ֆիզիկական մեծ պատրաստություն անցած զինվորներ են պետք: Նա պատասխանեց. դրա համար էլ ես մարզվում եմ, սամբոյի, ձյուդոյի և ֆուտբոլի պարապմունքների եմ գնում… Իհարկե, ես նրան չխոստացա, բայց միևնույն ժամանակ հասկացրի` դե տեսնենք, որդիս, ամեն ինչ քեզնից է կախված…