ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ` ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հերմինե Խաչատրյան
Արցախի ազատամարտիկների միությունը, որ երեկվա պատերազմի մասնակիցներին համախմբող հասարակական կազմակերպությունն է, իր ստեղծման առաջին իսկ օրից գործունեության կարևոր ուղղություններից մեկն ընտրել է նյութապես ու բարոյապես աջակցել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ մարտընկերներին և պատերազմն անցած ու այսօր սոցիալ-կենցաղային ծանր վիճակում գտնվող ազատամարտիկների ընտանիքներին։
Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հունվարի 28-ի՝ Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր առաջին խմբի հաշմանդամներին և տրամադրվեց 150 000-ական դրամ նյութական օժանդակություն։ Միջոցառմանը, որին ներկա էին Ստեփանակերտ քաղաքի առաջին խմբի հաշմանդամները, ողջույնի խոսքով հանդես եկավ Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ- մայոր Սամվել Կարապետյանը։ ՙՄեր ողջախոհությունը հուշում է,- ասաց նա,- որ այսօր մենք առավել ևս պարտավոր ենք լինել միասնական ու համախմբված, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով լուծել մեր խնդիրները։ Մենք պարտավոր ենք նաև մշտական ուշադրության կենտրոնում պահել սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքներին՚։
Ազատամարտիկների հավաստմամբ` սա ոչ միայն սրտացավություն է, այլև հոգատար վերաբերմունք, որը հայրենասիրության ու ազգապահպանության իմաստ և արժեք է ստանում։
Արցախի ազատամարտիկների միության անդամ Գարուշ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասաց.ՙԱրցախի ազատամարտիկների միության բոլոր հաշմանդամներս շնորհակալություն ենք հայտնում մեր հանդեպ պարբերաբար նմանատիպ ուշադրություն դարձնելու համար։ Համոզված ենք, որ մենք՝ Արցախին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում, պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցություն ցուցաբերելու սահմանին կանգնած մեր զինվորներին, ինչպես դա եղավ 2016թ. ապրիլին։ Մենք մեր ներկայությամբ ոգևորեցինք թշնամու առաջ կանգնած մեր մարտիկներին և նորից տեսանք թշնամու նահանջը։ Այս պարգևատրումն ավելի շատ բարոյական է, քան նյութական։ Նորից շնորհակալություն՚։
Առաջին խմբի հաշմանդամ Արևիկ Պետրոսյանը նույնպես հայտնեց իր շնորհակալությունն ու երախտագիտությունը։
Ինչպես եզրակացրեց Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ժամանակը պահանջում է, որ այսօր ավելի ու ավելի ուշադիր և հոգատար լինենք Արցախյան գոյապայքարում հաղթանակ կռած ազատամարտիկների և նրանց ընտանիքների նկատմամբ։ Քանզի Արցախյան գոյապայքարի հաղթական ոգին փրկելով ու պահպանելով՝ մենք առաջին հերթին փրկում և ամրապնդում ենք երկրի ապագան ու գալիք սերունդների հավատը։
;