ՙԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ՚
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Անհատներ են ծնվում, որոնք ասուպի պես շատ կարճ կյանք են ունենում, բայց արձակած լույսով ապրելու ուղղություն են տալիս ազգին, ժողովրդին: Այդպիսին էր Մովսես Գորգիսյանը, ով առաջիններից էր, որ ընդգծեց բանակի ստեղծման անհրաժեշտությունը:
1988թ. մայիսի 28-ին բազմահազար հանրահավաքին իր ՙԿեցցե՜ ազատ և անկախ Հայաստանը: Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու՚ կոչով, ծածանած եռագույնով, վեր բարձրացված ձեռքերով, որոնցից մի հսկա ազդեցիկ ուժ էր բխում, կարողացավ կայծակնորեն հեղափոխել և պայքարը տանել Հայաստանի ինքնորոշման գաղափարի ուղղությամբ (տողերիս հեղինակը` ներկա գտնվելով այդ հանրահավաքին, իր վրա է զգացելԳորգիսյանից բխող այդ ուժը): Վստահ էր, որ Արցախին լավագույնս կարող է զորավիգ լինել միայն ինքնիշխան Հայաստանը: Նա շատ արագ հասկացավ բանակի ստեղծման անհրաժեշտությունը և իր հզոր խոսքով նպաստեց դրա ստեղծմանը: Դրա մասին շեշտել է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մ. Գորգիսյանի 50-ամյակին նվիրված իր խոսքում. ՙՄովսես Գորգիսյանը գաղափարի մարտիկ էր, սակայն նա ոչ միայն գաղափարներ տարածեց, այլ նաեւ սկսեց դրանք կյանքի կոչել: Մովսես Գորգիսյանն առաջիններից էր, ով բարձրացրեց կանոնավոր բանակ ստեղծելու գաղափարը, եւ այսօր Մովսեսի գաղափարները պաշտպանում եւ իրագործում է հայոց բանակի զինվորը՚:
Նա առաջիններից էր, ով մարմնավորեց իր իսկ գաղափարը, ով զինվորի համազգեստ հագավ, զենք վերցրեց և 1990-ի հունվարին հայկական ինքնապաշտպանական ուժերի հետ շտապեց Երասխավան, որտեղ Նախիջևանի կողմից ադրբեջանցիները կրակում էին հայ բնակչության վրա: Հայկական ուժերը պայթեցրին ադրբեջանական հենակետ դարձած գինու գործարանը, ոչնչացրին հետախուզական խումբը: Առջևում էր գտնվում նաև ադրբեջանցիների բարձրադիր հենակետի կրակապատնեշը, որը Գորգիսյանի ջոկատը ճեղքեց, որից հետո դրա հսկողությունն անցավ հայկական ուժերին: Ցավոք, զոհվեց ազգի զինվորը, սակայն իր գաղափարները ժողովրդին ուղենիշ դարձան:
Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. Երևանում: 1984 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը: Նույն թվականին նկարահանվել է Արման Մանարյանի և Հենրիկ Մարգարյանի ՙՈսկին և հողը՚ ֆիլմում` մարմնավորելով Սանթուրի կերպարը: 1986-1987 թվականներին աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում: 1987 թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության` Պարույր Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր: Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային Միության դեմ: Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967 թվականին Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ: Նրա մարտական ոգին նաև գեներով էր փոխանցված: Հերոսի պապերը սերել են Արեւմտյան Հայաստանից: Մովսես Գորգիսյանի պապը` Սամվել Գորգիսյանը, կամ ինչպես նրան էին կոչում` Սամի Չաուշը, 1915թ. թուրքական կառավարության կազմակերպած բռնի տեղահանությունից ու ջարդերից տուժած, թողեց խաղաղ աշխատանքն ու դարձավ պայքարի մարտիկ, բազում վճռորոշ մարտերի, այդ թվում նաեւ Սարդարապատի ճակատամարտի մասնակից:
Արցախյան պատերազմից հետո, 1996 թվականին Մովսես Գորգիսյանն արժանացավ Ազգային հերոսի կոչման: Թաղված է Ծիծեռնակաբերդում:
;