ՏՈՆ, ՈՐ ԻՐԱՎԱՄԲ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ…
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
(Հանդիսավորությամբ նշվեց
Հայրենյաց պաշտպանի օրը)
Հունվարի 28-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայրենյաց պաշտպանի օրվան։
Ներկա էին՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ¬լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի համար նահատակվածների սուրբ հիշատակը։
Զեկուցմամբ հանդես եկավ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ¬լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։
-Պատիվ ունեմ հայտարարելու, որ այսուհետ հունվարի 28-ը Արցախի Հանրապետությունում կնշվի որպես Հայրենյաց պաշտպանի օր,¬ ասաց պաշտպանական գերատեսչության ղեկավարը։-Այս իրողությունն, անշուշտ, մի առանձին շուք է հաղորդում մեր ժողովրդի համար դարերի ընթացքում պաշտելի դարձած զինվորականի կերպարին։
Կ. Աբրահամյանի դիտարկմամբ` միայն տոնական օրով չի չափվում այն անսահման հոգատարությունը և ուշադրությունը, որին տևականորեն, տարիներ շարունակ արժանանում էին հայրենյաց պաշտպանները՝ երկրի ղեկավարության և հարազատ ժողովրդի կողմից։ Այդ է վկայում զինվորականների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական, կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված հետևողական աշխատանքը, նորակառույց բնակարաններն ու զորանոցները, կենցաղային օբյեկտներն ու շինությունները, զինծառայողների դրամական բավարարման բարձրացումը, առաջնագծում հարմարավետ և ապահով կացարանների կառուցումը, մարտական դիրքերը շուրջօրյա խմելու ջրով և էլեկտրաէներգիայով ապահովումը և շատ ու շատ ուրիշ կենսական անհրաժեշտության ծրագրերի իրականացումը։
Ըստ պաշտպանության նախարարի` հայրենյաց պաշտպան հասկացությունն ուղիղ այնքան տարեկան է, ինչքան տարիք ունի հայ ազգը։ Հայկ Նահապետից մինչև մերօրյա հերոսներ, ապագա հայրենյաց պաշտպաններ, բոլորն էլ արժանի են մեծարանքի և առանձնահատուկ վերաբերմունքի։ Նրա դիտարկմամբ` անհրաժեշտ է ճիշտ ընկալել և սերնդեսերունդ փոխանցել այն ճշմարտության իմաստը, որ հայրենիքի պաշտպանը միայն զինվորականը չէ, միայն նա չէ, ով համազգեստ է կրում, ով ուսադիր ունի։ Եթե այս մտայնությամբ դիտարկենք տոն օրը, ապա այն ամբողջական և իմաստավորված չի լինի երբեք։ Մի առիթով մեր երկրի նախագահին ուղղված այն հարցին, թե որքան է Արցախյան բանակի թվակազմը, նա պատասխանեց՝ 150.000, այսինքն՝ ուղիղ այնքան, ինչքան բնակչություն ունի Արցախի Հանրապետությունը։ Գերատեսչության ղեկավարի եզրահանգումը միանշանակ էր. ՙՀայրենյաց պաշտպան ենք բոլորս, և այս տոնը, իրավամբ, կարելի է համարել համաժողովրդական՚։ Համաժողովրդական, որովհետև անկախ պետականության կերտման ճանապարհին` մեծից փոքր, ահել ու ջահել, համախմբված կարողացանք ստեղծել ազգային բանակ։ Բանակ, որը մեր ժողովրդի դարավոր երազանքն է և ամենամեծ ձեռքբերումը, իսկ բանակը, ըստ զեկուցողի, հասարակության հիմնասյունն է, երկրի ու ժողովրդի պաշտպանն ու ապավենը։ Հայկական զինված ուժերի գերագույն խնդիրը եղել և մնում է պետության, հայրենիքի և ժողովրդի անվտանգության ապահովումը, իսկ գաղափարախոսությունը՝ հայրենիքի ամբողջականության և ազգային, պետական շահերի պաշտպանությունը։ Բանակը ժողովրդից ձևավորված սրբազան մասունք է, պետության բաբախող սիրտը, որի կենսագործունեությամբ էլ պայմանավորված է 21¬րդ դար ոտք դրած հայի լինելիությունը։
Ապա պաշտպանության նախարարը հստակորեն ձևակերպեց այն երեք կետից բաղկացած ուղերձները, որոնք իրենց մեջ ներկա ու գալիք սերունդներին ուղղված բազում պատգամներ են պարունակում։
Շնորհավորելով Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ, ՊԲ հրամանատարը մաղթեց խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, բարգավաճում, հավաստիացնելով, որ զինված ուժերն այսուհետ ևս կանեն ամեն հնարավորը՝ հանուն մեր ժողովրդի խաղաղ արարումների, և բարձր կպահեն Հայրենյաց պաշտպանի պատիվը։
Ողջույնի խոսքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ¬լեյտենանտ Արտակ Դավթյանը բարձր գնահատեց Զինված Ուժերի և Պաշտպանության բանակի դերը տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման գործում, հավաստիացնելով, որ ոչ միայն կպահպանեն խաղաղությունը, այլև հարկ եղած դեպքում նաև կպարտադրեն հաղթանակ։ Նա միաժամանակ վստահեցրեց, որ Զինված Ուժերի առջև դրված խնդիրները միանշանակ իրենց լուծումը, կգտնեն և ողջ անձնակազմով պատվով կկատարեն իրենց գլխավոր առաքելությունը։
Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով ու Պաշտպանության բանակի անցած ուղու վավերագրությունը փաստող տեսահոլովակների ցուցադրությամբ։
;