[ARM]     [RUS]     [ENG]

27 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ԽՐԱՄՈՐԹԸ

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 1993 թվականի հունիսի 26-ին, շուրջ 1.5 տարի գերևարումից հետո, ազատագրվեց Խրամորթը։

1992թ. հունվարին հերթական գրոհը թշնամին լայնամասշտաբ էր ձեռնարկել՝ ներգրավելով մեծաթիվ զրահատեխնիկա և հետևակ, ինչին անհնար եղավ փոքրաթիվ ուժերով  դիմագրավել։ Մեր տղաները ստիպված դիրքավորվեցին գյուղի վերևում։ Գյուղի վաշտը՝ բաղկացած 108 մարտիկներից, գիշեր ու զօր հերթափոխով վերևից հսկում էր գյուղը, այդպես էլ չթողնելով թշնամուն Խրամորթում իրեն լիիրավ տեր զգալ…

...27 տարի անց Խրամորթում կյանքը կրկին եռում է։ Գյուղում պարապ մարդ չկա՝ մանավանդ գյուղատնտեսական եռուն այս ժամանակաշրջանում։ 

-Անգնահատելի է տոնի կարևորությունն ու խորհուրդը։ Հունիսի 26-ը մեզ համար գյուղի վերածննդի օրն է,- նշեց համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։

Անդրադառնալով ներկայում կատարվող աշխատանքներին, գյուղապետը նշեց, որ արդեն ավարտվել են գարու բերքահավաքի աշխատանքները։ Բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն համայնքի ղեկավարի սպասելիքները մեծ չեն։ Տարին նպաստավոր չէ հացահատիկային մշակաբույսերի բարձր բերքատվության համար։   

Գյուղի տարածքում գործում է <<Կարատ>> ՍՊ ընկերությունը, որն զբաղվում է խաղողի մշակությամբ և գինու արտադրությամբ։ Իսկ <<Հայ տեխնոլոգիական խումբ>> կազմակերպությունը խաղողի տնկարմատների աճեցմամբ է զբաղվում։ Համայնքի վարչական տարածքում խաղողի, հոնի, թթենու այգիներ է հիմնել <<Օհանյան բրենդի կոմպանի>> ՓԲ ընկերությունը։ Շուրջ 70հա պտղատու այգի էլ հիմնված է համայնքի բնակիչների կողմից։ 

Բնակլիմայական պայմաններն այստեղ նպաստավոր են պտղատու այգիների մշակության համար։ Մանավանդ վերջին տարիներին, երբ արդեն լուծվել է կենսական կարևորության՝ ջրի խնդիրը։ Համայնքում քիչ չեն նաև անասնապահությամբ զբաղվողները։ 

-Գյուղն ունի արտեզյան ջրհոր, որը կառուցվել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Արտեզյան ջրհորի ջուրն ամբողջությամբ բավարարում է համայնքի բնակիչների պահանջարկը։ Այսօրվա դրությամբ վստահաբար կարող ենք ասել, որ Խրամորթը եզակի է շրջանի բնակավայրերի մեջ, որը լիովին ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Նույնը չի կարելի ասել ճանապարհաշինության մասին։ Անմխիթար վիճակում են գտնվում գյուղամիջյան փողոցները։ Գյուղի կենտրոնական փողոցը խճապատվել և երկկողմանի հենապատեր են կառուցվել պետական միջոցներով,- նշեց Զ. Աբրահամյանը։

Խրամորթի աշխարհագրական դիրքն ու տեղը նպաստավոր է նաև տուրիզմի զարգացման համար։ Ինչպես նշեց համայնքի ղեկավարը՝ բնակիչներից շատերը պատրաստակամ են զբաղվել զբոսաշրջիկների հյուրընկալությամբ։ Էկոտուրիզմի զարգացման առումով մեծ հնարավորություններ կան։ Գյուղի տարածքում է գտնվում Շիկաքար ամրոցը։ Այն երեք կողմից շրջապատված է բնական դժվարամատչելի ժայռերով, որտեղ կա հինգ նշանավոր քարանձավ: Գյուղի վերևում՝ հին գյուղատեղիում է գտնվում սուրբ Աստվածածին եկեղեցին (XVIII դ.), Շռշռան կոչվող ջրվեժը, բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր, սառնորակ աղբյուրներ։ Այս ամենի առկայությունը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել էքստրիմալ տուրիզմի սիրահարների համար։   

Համայնքում գործում է գյուղապետարան, դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, որոնք ապահովված են անհրաժեշտ մասնագետներով։ Դպրոցահասակ երեխաների թիվը 64 է, նախադպրոցական տարիքի երեխաներինը՝ 25։ Խրամորթը զարգացող և աճող համայնք է։ Լուծված է գյուղացիների զբաղվածության հարցը։ Համայնքն ունի շտապ օգնության մեքենա, որը սպասարկում է նաև հարևան գյուղերին։ Շաբաթական երկու անգամ գործում է Խրամորթ-Ստեփանակերտ երթուղին ։

- Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայիով, բնական գազով, հեռախոսային և ինտերնետային կապով, փողոցային լուսավորվածությամբ։ Մասնագետների պակաս չունենք։ Գյուղաբնակների բուժսպասարկումը գտնվում է բարձր հիմքերի վրա, մանավանդ համաճարակային այս պայմաններում։ Խրամորթցիներն իրազեկված են և պահպանում են ԱՀ պարետի բոլոր որոշումները։ Մենք ամեն մի աղետ մեր մաշկի վրա ենք զգացել, ուստի այս ամենին շատ լուրջ ենք վերաբերվում և հորդորում ենք մեր բնակիչներին համայնքի տարածքը լքել հույժ անհրաժշտության դեպքում միայն,- ասաց համայնքի ղեկավարը։ 

Խրամորթում ձեռքբերումները շատ են, սակայն կան նաև չլուծված խնդիրներ, որոնցից համայնքի ղեկավարն առանձնացնում է համայնքային կենտրոնի կառուցումը։

-Զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու ծրագրի շրջանակներում 2019 թվականին հիմնանորոգվել է մեկ բնակելի տուն, մեկ ընտանիքի բնակելի տան տանիքն ամբողջությամբ փոխարինվել է։ Ծրագրի շրջանակներում գյուղում  ևս մեկ տան նորոգման աշխատանքներ կիրականացվեն։ Բազմազավակ մեկ ընտանիքի համար նոր տուն է կառուցվել։ Իսկ 5 երեխատեր 2 ընտանիքների բնակարանով ապահովելու աշխատանքներն ընթացքի մեջ են,- ասաց Զ. Աբրահամյանը՝ ավելացնելով, որ համայնքի երիտասարդների անունից 15 դիմում ունեն մուտքագրած՝ բնակելի տուն կառուցելու նպատակով։