… ԴՈՒ ԳԱԼԻՔ ԵՍ ԱՅԼՈՑ ՀԱՄԱՐ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ամառային զորակոչի մեկնարկը տրված է։ Մուտքդ Պաշտպանության բանակ թող բարի լինի, նորակոչի՜կ… Կայացման, ինքնահաստատման ուղին բռնած զինվոր, որ գալիս ես Երկրիդ երբեք չզորացրվող պաշտպանը դառնալու երդմամբ օծվելու։ Բարի զորակոչ ու բարի ծառայություն քեզ՝ աչքիս լույս իմ հոգեզավակ…
Եթե հանկարծ, հանգամանքների բերումով, մենք չհանդիպենք առաջնագծի խրամատներում, ոչինչ, միևնույն է, ես քեզ լավ եմ ճանաչում, այնպես, ինչպես հարազատ որդուն կճանաչեն՝ սպասելով նրա հաղթանակներին։ Իմ ճանաչումն ու հավատն առ քեզ փորձությունների, մաքառումների ճամփա է անցել, թրծվել-կարծրացել տասնամյակներ շարունակ՝ առաջնագծում, թիկունքում՝ խրամատներում ու զորավարժարաններում։ Ես տեսել-զգացել ու իմ բոլոր նյարդերով ՙշոշափել՚ եմ քո անվերջ ներկայությունը… Ու չթաքցնեմ՝ բոլոր չկրակված փամփուշտները իմ՝ քո հանդեպ մեծ սիրուց ու իմ աղոթքներից են լռել… Ու խոստովանեմ, որ այսուհետ էլ մորդ պես ամեն բացվող օրվա հետ պիտի աղոթեմ, որ անփորձանք լինես, որ զգույշ ու զգոն լինես, պատրաստ ու պատրաստակամ՝ հաղթահարելու կյանքիդ մեծագույն փորձությունը, որը երկու պարզ բառով կոչվում է զինվորական ծառայություն, ծառայություն Հայրենիքին… Բառերն են պարզ, իսկ էապես բարդ ու դժվար է, ֆիզիկական, կամային ու բարոյական ծանրաբեռնվածությունն այդտեղ սահմաններ չունի… Ու այն քեզանից՝ Երկրիս Զինվոր, պահանջելու է կարողությունների, հնարավորությունների ՙզորաշարժ՚։ Սա այն փորձաշրջանն է, տղամարդ դառնալու այն ճանապարհը, որը շատերին չէ հասու, սակայն վստահ եմ, որ դու պատվով ես հաղթահարելու քեզ ընձեռված բացառիկ հնարավորությունը, ու պարզերես ես լինելու հրամանատարներիդ, ծնողներիդ, երկրիդ ու ժողովրդիդ առջև։
Քեզ բարի ու անփորձանք ծառայություն, Զինվո՜ր… Հպարտ եղիր ու մի մոռացիր, որ դեպի հայկական բանակ ձգվող քո ճանապարհը գծվել է մեր Մեծ Նահատակների սրի անշեղ զարկով, նրանց ոչ մի թիզ հող չզիջելու վճռականությամբ… Վստահ եմ, որ կլինես արժանի փոխարինողն ու հետնորդը բոլոր նրանց, ովքեր մեզ աննախադեպ հաղթանակներ պարգևեցին, ովքեր կերտեցին Շուշիի հաղթանակը, մաքառման աննախադեպ օրինակներ ցուցաբերեցին Քարինտակում, Վաղուհասում, Օմարի լեռնանցքում, Քարվաճառում, Մատաղիսում, Մարտունու ու Հադրութի շրջաններում… Ովքեր սեփական բազկի ու կամքի պրկմամբ ընդլայնեցին Երկրիս սահմանները։ Ես վստահ եմ, որ քո անվերջ ներկայությամբ դու գալիք ես այլոց համար և ոչ միայն քեզ փոխարինողների… Այլև բոլոր նրանց, ովքեր իրենց առաջին ճիչ ու կանչով ՙոչ՚ են ասելու պատերազմներին։ Ես քո Բան ու Գործին այսօր չէ, որ ծանոթ եմ, գիտեմ տեսակդ, դու էությամբ խաղաղարար-խաղաղապահ ես, զինվոր խաղաղության, բայց երբ քեզ վրա հարձակվում են չար նկրտումներով, դու Սասնա Ծուռ ես, Դավիթ Սասունցի՝ զարկդ անշեղ է, ոգիդ՝ անպարտ։ Այժմ հաղթանակներ կերտելու հերթը քոնն է, ու ես մորդ աղոթքների պես ներկա պիտի լինեմ քո բոլոր փոքր ու մեծ հաղթանակների կերտմանը, իսկ թե պետք լինի /իսկ դու դրանում երբեք մի կասկածիր/« մենք քո կողքին կլինենք՝ Ազգովի… Դե՜ ինչ, խաղաղությանն ու հաղթանակներին տեր կանգնելու հերթը քոնն է, Երկրիս Զինվո՜ր, ծառայիր՝ ինչպես անպարտ պապդ ու քաջերի զարմից սերված հայրդ ծառայեցին Հայրենիքին… Ծառայիր Երկրիդ ու Խղճիդ առաջ մաքուր եղիր« մաքուր՝ ինչպես մորդ մեռոնակաթ Աղոթքները։
;