ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՎԿԱՆ
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
Մելիք պապը 96 տարեկան է։ Հասուն տարիների բեռի տակ կքված՝ իր ծերությունն է ապրում, ծանր ծերությունը՝ ոչ պակաս ծանր մանկության, պատանեկության, պատերազմական տարիներով համեմված երիտասարդության, հայրենի գյուղին ու երկրին, հարազատ ժողովրդին ունեցած իր նվիրվածության էջերի հիշողություններով, շրջապատված դուստրերի, թոռների ու ծոռների սիրով և հոգատարությամբ։ Նրա հիշողությունները թարմ են ու անսպառ։ Արդեն կորցրած տեսողությունն ու լսողությունն իրենց լուրջ զգացնել են տալիս, մեկ էլ՝ վտիտ, բայց ըմբոստ սիրտը, որ դիմացել է հազար ու մի հարվածի, սիրելի կնոջ և որդու կորստի ցավին ու իր մեջ ամփոփել սեփական և այլոց դարդերը։
Հայրենական մեծ պատերազմին Մելիք պապը մասնակցել է 17 տարեկանում, երբ պատանի էր, բայց արդեն հասցրել էր ճակատագրի դաժանությանն առերեսվել։ Կողքին հայր ու մայր չուներ, մանկատանն էր մեծանում՝ իրենից տարիքով փոքր եղբոր ու քրոջ հետ։ Ասում է. ՙՄեջի դութը ես էի՚։ Մի առանձին հետաքրքրությամբ Չապաևի մասին էր կարդում, որը նրան ուժ և մեծ համարձակություն էր տալիս։ Բայց մանկատան պատերը շատ ճնշող էին, ու անընդհատ մտածում էր՝ հնար ճարել, երեխաներին առնել ու փախչել այդտեղից։ Արդեն Մեծ հայրենականի սկզբին որոշեց անպայման մեկնել ռազմաճակատ։ Բայց եղբոր ու քրոջ համար շատ անհանգիստ էր։ Գտավ ելքը. երեխաներին թողեց մորաքրոջ տանը։ Մտածեց. ՙԿգամ՝ կգամ, չեմ գա՝ գիտեմ, որ երեխաները տեր ունեն, մորքուրն իր երեխաների հետ նրանց էլ կպահի՚։ Սկզբում Կրասնոդարի երկրամասի Մոզդոկ քաղաքում էր, որտեղ և առաջին անգամ վիրավորվեց, բայց շարունակեց իր կռիվը։ ՙ807 ստրելկովըյ պոլկ, հետո՝ Ուկրաինա։ Կիևում հանդիպեցի հաղթանակին, հետդարձ՝ նորից Կրասնոդար, հետո` Շուշի։ Հրաձիգ էի... ՚,- դժվարությամբ, բայց մեկ-մեկ վերհիշում է պապն ու ծանր հոգոցներ հանում յուրաքանչյուր վերհուշի հետ. հասկանում էի՝ ծանր է ամեն դրվագ։
-Պապի, դու գիտակցու՞մ էիր, թե ուր ես գնում, երբ մարտադաշտ էիր մեկնում։
Թոռան հարցին զայրացած պատասխանում է.
-Բա իհարկե, զորակոչ էր, շատ լավ գիտեինք՝ ուր ենք գնում, 24, 23, 22 թվականները սաղ հավաքել են ու տարել։ Գնում էինք մեր սովետական հայրենիքը պաշտպանելու։ Արցախյան պատերազմի ժամանակ այլ մոտեցում էր, այստեղ փոխված էր և հայրենիք հասկացությունը, և նպատակն էր այլ ընկալման տակ։
Պապը մի ՙշմայսեր՚ ինքնաձիգ ուներ։ Արցախյան պատերազմի ժամանակ, երբ թշնամու տանկերը հասել էին Կարմիր շուկայի մատույցներ՝ պապն իր ՙշմայսեր՚-ով և երկու նռնակներով դիմավորել է նրանց։
-88թ-ին, երբ Շարժումը սկսել է, համաձա՞յն էիր անկախացման մտքի հետ,- նորից թոռնիկի հարցն է։
-Իհարկե, անկախությունն ամենալավ բանն է, ամեն ժողովուրդ ուզում է առանձին լինել,- վստահ, ձեռքը բռունցք դարձրած ու թափ տալով պապատասխանում է թոռանը։
-Իսկ պատկերացրե՞լ էիր, որ հետևանքն այսպիսին կլինի։
Հարցին ի պատասխան` պապը գլուխն է օրորում.
-Դա հնարավոր չէր գուշակել։
-Մեծ հայրենականում կռվող տղանե՞րն էին լավ կռվում, թե՞ մեր՝ Արցախյան գոյամարտում կռվողները։
-Այսօրվա սերունդը գրագետ կռվող է։ Շատ եմ հավանում մեր տղաներին, մենք այն ժամանակ շատ միամիտ էինք։ Մեր բոլոր տղաները հերոսներ են։ Հերոսը կկարողանա երկրի ու ժողովրդի ղադրն իմանալ։ Թող մեր ժողովուրդը մեր տեսածը էլ չտեսնի, առողջ ինի, բախտավոր...- Ինքն իր և մեզ հետ հանգիստ զրուցում է Մելիք պապը...
Մեր պատերազմը չի ավարտվել և պատերազմական իրավիճակում ապրող մեր երկրի ապագան նա բութ մատը վեր տնկելով է պատկերացնում՝ ՙլափ լյավ՚։ Իսկ հաջողությունը պայմանավորում է մեր զինվորների մարտական պատրաստության բարձր մակարդակով և ոգու ամրությամբ, հայրենասիրությամբ։ Ասում է՝ մեր ամենաչխար տղան մայորի գլուխ ունի։
Պապն արդեն թույլ լսողություն և աղոտ տեսողություն ունի, հազար ու մի հիվանդություն, հիմնականում գամված է անկողնուն։ Նրա պայքարող ոգին, սակայն, շարունակում է ուժ տալ, ճիգերի վերջին լարումով, ծանր ու բազմաչարչար կյանքի հիշողություններով դեռ ամուր կառչած է կյանքին։
Հայրենական մեծ պատերազմի շրջանի միակ կենդանի մասնակիցն է Մելիք Հայկայի Շահնազարյանը՝ ծնված 1924 թվականի փետրվարի 5-ին, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում...