ՙԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ՚ ՕՐԵՆՔԸ ՝ Ի ՆՊԱՍՏ ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
-Հաղթանակի եւ պետության կերտման համար ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ։
-Երեք պայման՝ զենք, հաց, ոգի։
-Իսկ եթե ոչ թե երեք պայման« այլ երկու՞սը։ Այդ դեպքում որո՞նք։
-Զենք եւ ոգի։
-Իսկ եթե մե՞կը։
-Ոգի։
Կոնֆուցիոս, ՙԶրույցներ եւ դատողություններ՚
ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել է նախաձեռնող խումբ՝ ՙԱշխարհազոր՚ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ստեղծման նպատակով: Աշխարհազորի կարևորության, կազմակերպության ստեղծման ընթացքի մասին զրուցեցինք Արկադի Կարապետյանի հետ:
Նրա իրազեկմամբ՝ այդ գաղափարը վաղուց է ձգտում կյանքի կոչել, բայց Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո շատերի համար պարզ դարձավ դրա անհրաժեշտությունը: Գտնվելով աշխարհաքաղաքական բարդ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խրթին, յուրաքանչյուր պահի պատերազմի վերսկսման իրավիճակում, ուղղակի անհրաժեշտություն է դառնում բոլոր ուժերի միավորումը: Նա մեջբերեց նաև ռազմագիտության մասնագետների կարծիքը, ըստ որի՝ ընդարձակ տարածք չունեցող պետությունները, որոնք, փաստորեն, նահանջի տեղ չունեն՝ ուժեր հավաքելու և առաջ գնալու, պետք է ունենան լավագույն ռազմական համակարգ: Բնականաբար, գործող բանակ, առաջին օգնության հասնող պատրաստված ռեզերվ, որը տարին մի քանի անգամ պետք է դասընթացներ անցնի, մոբիլիզացիոն ռեսուրս, որը ևս պարբերաբար պետք է պատրաստություն անցնի, կամավորներ, որոնք թեժ պահերին կարող են օգնության գալ նաև այլ երկրներից, և ոչ պակաս կարևոր՝ աշխարհազորը: Այն ցանկացած արտակարգ իրավիճակներում՝ հակառակորդի ներխուժում, դիվերսանտների ներթափանցում, արհավիրքներ և այլն, արագ արձագանքման« այսինքն՝ ճկուն համակարգ ունեցող վաշտեր կամ գումարտակներ պետք է ունենա, որոնք մաս կկազմեն գործող բանակին: Այդ վաշտերը կամ գումարտակները պետք է բաղկացած լինեն կամավորականներից, այդ թվում նաև սահմանապահ գյուղերից, և որոնց մեջ պաշտպանության նախարարությունը շահագրգռված չէ, այսինքն՝ բարձր տարիք ու այլ խնդիրներ ունեցողները: Աշխարհազորը պետք է ապաքաղաքական լինի և կառավարվի բանակի կողմից: Ճիշտ կազմակերպման դեպքում այն կարող է հարձակումների ժամանակ, եթե առաջնագիծը ճեղքվի, տեղական մարտեր վարի՝ ձգձգելով հակառակորդի առաջխաղացումը, մինչև որ զորքը կհասնի: Հնարավոր է նման գործողություններով անգամ ձախողի հակառակորդի ռազմավարական ծրագիրը, քանի որ տակտիկականի ձախողումը կամ ուշացումը կարևոր գործոն է:
Ա. Կարապետյանի ՙԱզգ-բանակ՚ գաղափարի հիմնավորումներից մեկն էլ մեր պատմական հաղթանակներն են. ՙԵրբ ազգը առաջնորդվել է միասնության գաղափարով, որն ուղղակիորեն բխում է հայոց ազգային գաղափարախոսությունից, հաղթանակել է: Դրա վառ օրինակն են Սարդարապատի, Ապարանի ճակատամարտերը, որտեղ աշխարհազորն անփոխարինելի դեր ունեցավ: Արցախյան հերոսամարտի սկզբնական փուլում էլ, չունենալով պետականություն, կանոնավոր բանակ, կադրային զինվորականներ, կարողացել ենք ինքնակազմակերպվելով ողջ ներուժը ծառայեցնել խորհրդային նախկին զինվորականներից, ինքնապաշտպանական խմբերից ազգային կանոնավոր բանակ ձևավորել և հաղթանակներ գրանցել Արցախյան ազատամարտում: Հայ հասարակությունն այդ օրերին հիրավի վերածվել էր բանակի« և այդ միասնականությունն այն գրավականն էր, որը բերեց հաղթանակի՚:
Ինքնապաշտպանության առաջին հրամանատարն այսօր շատ մտահոգ է ստեղծված քաղաքական իրավիճակով, երբ Թուրքիան բացեիբաց օժանդակում է Ադրբեջանին՝ թե՜ արդիական զենքով, թե՜ հատուկ նշանակության ջոկատներով: ՙԱյդ մարտահրավերին կարող ենք դիմակայել միայն միասնական ուժերով,-համոզված է Արկադի Կարապետյանը,- որևէ պրոֆեսիոնալ բանակ չի լուծում երկարաժամկետ խնդիրներ, այն անընդհատ կարիք ունի համալրվելու մարդկային ռեսուրսով: Եվ այստեղ կարևոր է դառնում ազգ-բանակ համակարգ ունենալը: Օրինակելի է Նորվեգիայի բանակի համակարգը, որտեղ պրոֆեսիոնալ բանակից զատ, 3 դիվիզիա միշտ պատրաստ վիճակում է, տագնապի ժամանակ էլ ամբողջ ժողովուրդը կես ժամում գտնվում է զենքի տակ՚։
Ըստ Ա. Կարապետյանի՝ ՙԱշխարհազորի մասին՚ օրենքը բոլոր շահագրգիռ ատյանների հետ քննարկման փուլում է և՜ ՀՀ-ում, և՜ ԱՀ-ում: Նա համոզված է, որ բանակի նման ռեֆորմով կունենանք ճկուն համակարգ, ամբողջ բնակչությունը կլինի զենքի տակ՝ պատրաստ լինելով արագ արձագանքել յուրաքանչյուր ոտնձգության: Նա գտնում է, որ Արցախում ՙԱշխարհազորի մասին՚ օրենքը պետք է տարբերվի Հայաստանում ընդունվածից, քանի որ յուրահատկությունը, պայմաններն այլ են:
Դեռ հին ժամանակներից կարևորվում է բանակի բարոյական բարձր վիճակը, որն ի զորու է պարտությունը վերածել հաղթանակի: Եթե ժողովուրդը հավատում է հաղթանակին և պատերազմում է այդ ոգով, ուրեմն նա կհասնի իր նպատակին:
;