[ARM]     [RUS]     [ENG]

Այսօր մենք ունեցել ենք հաջողություններ

Ռուզան Իշխանյան

 Հերթական ճեպազրույցը ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի հետ տեղի ունեցավ սեպտեմբերի 29-ին, երեկոյան 21-30-ին:

Այսօր ևս հակառակորդի զավթողական մտահղացումը ձախողվել է: Ավելին՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ՝ վերցնելով անցած օրերին կորցրած որոշ դիրքեր, հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով: Անցած գիշերվա և այսօր՝ ցերեկվա ընթացքում, ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ ռազմաճակատի ամբողջ երկայնքով: Նախորդ օրերին ունեցած անհաջողությունների հետ չհամակերպվելով՝ հակառակորդը այսօր օգտագործել է իր ամբողջ զինանոցը. Կիրառել է ավիացիա, հարվածային անօդաչու թռչող սարքեր, ծանր հրականետ, հրթիռահրետանային սպառազինություն: Օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումներ՝ փորձել է գրավել ՊԲ մարտակարգերը, սակայն, այս անգամ ևս ունենալով անհաջողություններ, վերադարձել է նախկին դիրքեր և փորձել ամրանալ դրանցում: Հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններում, որոնցում նախորդ օրերին նա ունեցել է որոշակի հաջողություններ: Պարտություն կրելով՝ որոշել է հետագա գործողություններում ավելի զարգացնել իր ուժերը: ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա առաջխաղացումը բոլոր ուղղություններով: Հերթական անգամ անհաջողություն կրելով մարտի դաշտում, հակառակորդը փորձել է բարբարոսաբար հարվածել մեր խաղաղ բնակչությանը: Որպես օրինակ փոխհրամանատարը  նշեց Վարդենիսին հասցված հրթիռային հարվածները, ինչի հետևանքով տուժել է խաղաղ բնակչությունը: Վանդալիզմի այդ դրսևորումները միայն ամրապնդել են Հայրենիքի պաշտպանի վճռականությունն ու հայ զինվորի ոգին: Մեր զինվորը ցուցաբերեց անկոտրում կամք՝ փայլուն կերպով կատարելով իր առջև դրված մարտական խնդիրները:

Այսօրվա մարտերում հակառակորդն ունեցել է հետևյալ կորուստները՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, 500 զինվոր: Ցավոք, մարտերի ընթացքում մեր զորքերը նույնպես ունեն կորուստներ: Սարգսյանի խոսքով՝ թվային տվյալները ճշտվում են, որոնք կհրապարակվեն ավելի ուշ:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է ՊԲ հրամանատարի տեղակալը հակիրճ գնահատում անցած մեկ օրը՝ մարտավարական խնդիրների լուծման տեսանկյունից, Սարգսյանը պատասխանեց. ՛՛Այսօր մենք ունեցել ենք հաջողություններ և հակառակորդը ևս մեկ անգամ ձախողել է իր զավթողական մտահղացումը՛՛:

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2020 10:01