Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի ոչնչացման ռազմագործությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը:

ՊՆ-ն այս մասին նշում է հոկտեմբերի 12-ին տարածած իր հայտարարության մեջ՝ միաժամանակ հերքելով ադրբեջանական հերթական սուտ տեղեկությունը:

«Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,-նշում են Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից: