Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԼԵՌՆԵՐԸ ԹՈՒՅԼԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ…

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 ՚՚…Դրախտի ողջ հմայքն իրենց առէջներում ամբարած  լեռնային ծաղիկները ՚՚ Եղնիկներ ՚՚-ի գովքն են բացել, նրանք հայ զինվորի ոտնահետքերը համբուրում են անսահման սիրո արտահայտությամբ՝ իրենց ՚՚ պտուղների ՚՚ ողջ թովչանքով: Բիբլիական երկրիս պահապաններն ամեն Աստծու օր հաղորդակցվում են արարչական ոգորումներին, կատարելության, լինելիության, արարում-հավերժումի խորհրդին… Ճերմակ-թագակիր, խորհրդավոր ու իմաստուն Մռավի հայացքի ներքո, Ինջա գետի քչքչոց-քչփչոցին ունկնդիր՝ հայ զորական-զինվորականը սեփական արմատների խորքերն է չափում՝ նվիրումի, ինքնահաստատման, ինքնաարտահայտման ինքնամոռաց դրսևորումներով… Օրն իր ողջ հոգսառատությամբ բացվում է սահմանագլխին, ՚՚ ծաղկում ՚՚ զինվորի շուրթերին՝ որպես խորհուրդ նվիրումի:

 Առաջին գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Ջալավյանին հանդիպում ենք դասակներից մեկի հենակետում, որտեղ բուռն ինժեներական աշխատանքներ են ընթանում: Գումհրամանատարը անմիջապես հսկում էր, որ գործը տեղը-տեղին ընթանա, որ խոտորումներ ու խաթարումներ չլինեն: Երեսապատվում ու թարմացվում են ամրաշինական կառուցապատումները: Տեղումների պատճառած վնասներն են վերականգնում, կոսմետիկ վերանորոգումներ կատարում, հողաշեն խրամուղիները ամրացնում: Դիրքերում խաղաղ է, զինադադարը պահպանվում է, պահպանվում են մարտական հերթապահության  բոլոր տարրերը, զինվորները ոչ միայն ֆիզիկական պատնեշով են վահանել սահմանահատվածը, այլև՝ բարոյակամային բարձր որակներով, և միանգամայն վստահելի են մարտական խնդիրների իրականացման գործում: Գումհրամանատարի վստահությունը ամուր հիմքեր ունի: Զորքի հետ աշխատելու մեծ փորձն ու տարիների փորձառությամբ վաստակած հմտությունները օգնում են ճիշտ և արագ կողմնորոշվելուն: Ամեն ինչ զինվորի ապահովության և պետական սահմանի անառիկության համար՝ սրանք են գումհրամանատարի ծառայության հիմնական բաղադրիչները: Նա նաև վստահ էր, որ կիսամյակի արդյունքներով իրենք կրկին լավագույնների շարքում են լինելու, դրա համար ստեղծվել են բոլոր նախադրյալները…՚՚

Այս ակնարկաշար տողերը ես գրել եմ գրեթե երկու տասնամյակ առաջ, այդ օրը և հետագա բազմաթիվ օրերին պատիվ ունեցա իմ ծառայողական օրն ավարտել ՚՚ Եղնիկներ ՚՚-ում, սակայն հունիսյան այդ օրն ինձ համար նշանավորվեց մեկ այլ  ՚՚իրադարձությամբ՚՚.  Ի՞նչու չակերտավոր՝ ասեմ… Դիրքապահներին մեր խոսքն ու խրատը բաշխելով, շարժվեցինք Մռավի փեշերն ի վար ձգվող սահմանային գծով՝ հայացքներս հակառակորդի կողմը, մտքներս՝ Ավետյաց Երկրում… Այնտեղ, բարձունքներում արդեն, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Համլետ Օհանյանն ինձ է մեկնում հեռադիտակը: Ես անթաքույց ցավով մեկ առ մեկ հաշվում եմ պատմական Գյուլիստանի ՚՚ հանված ակնախոռոչները ՚՚, փնտրում նախորդ գործուղմանս ՚՚ հայտնաբերած ՚՚ եկեղեցին /որտեղ 1813թ. ստորագրվել է հայտնի ռուս-պարսկական պայմանագիրը/, արյունս մի պահ պաղում է երակներիս մեջ, աչքս սառչում հեռադիտակի ՚՚ կոպ ՚՚-ի մեջ՝ եկեղեցին այլևս փլատակ է… Գումհրամանատար Կարեն Ջալավյանը գուժում է իր բաժին մեղավորության անթաքույց արտահայտությամբ. ՚՚ Վերջերս են պայթեցրել ՚՚… Բոլորս լուռ ենք, մեզանից յուրաքանչյուրը մտքում ոճրագործին իր ՚՚ բառերով ՚՚ է այպանում… Ու ինքնաբերաբար հայացքներս գամվում են Մռավի ձյունաթագ գագաթներին, այն հույսով, որ մի օր` որպես ալեհեր ու իմաստուն ծերունի, մեզ առաջնորդելու է հայահավաք-հողահավաքի արահետներով…

…Ամեն անգամ  ՚՚ Եղնիկներ ՚՚ գործուղվելը մեզ՝ զինվորական լրագրողներիս համար ուխտագնացության  պես էր, և  իրարից առաջ էինք ընկնում ժամ առաջ հաղորդակցվելու դիրքապահների հետ, իսկ եթե ավելի անկեղծ՝ գնում էինք ուժ առնելու նրանց՝ արդեն զորամասի հրամանատարությունն ստանձնած գնդապետ-հրամանատարի խոսք ու պահվածքից, այո, այո Ջալավյանի ժլատ խոսքից, որովհետև քանիցս համոզվել էինք, որ թե մի բան ասում է, տասնապատիկ արածի մասին լռում է: ՚՚Եղնիկներ ՚՚-ը մեզ համար սոսկ մի զորամասի ծառայավայր չէր, այլ մի ուրույն Երկիր, ծայր հյուսիսային սահմանագծով, որի թավուտ անտառներում զինվորական ծառայության համար ստեղծված են իդեալական պայմաններ՝ ջեռուցում, մշտական տաք ջուր, ո՞ր մեկը թվես… Այստեղ մարտական հերթապահություն իրականացնում են՝ արհամարհելով եղանակային բոլոր քմահաճույքները: Ամեն անգամ մեծագույն հաճույքով ճանապարհի տուտը բռնած բարձրանում էինք քարերն ի վեր, սարերն ի վեր և հասնում այն ՚՚ երկրին ՚՚, որտեղ ալպիական մարգագետինների վրա տեղում է առաջին ձյունը, որտեղ տեղում է և վերջին ձյունը: Այստեղ լեռների Երկիրն է, իսկ լեռները թույլերին չեն հանդուրժում… Այստեղ են բացվում դրախտի բոլոր ծաղիկները, իսկ անտառներում հասնում տարատեսակ-տարաշխարհիկ վայրի մրգերն ու հատապտուղները: Այծյամ ու եղնիկ իրենց սլացքի մեջ նոր խորհուրդ են հաղորդում կուսական անտառներին, որտեղ կածանների ՚՚ ոտնահետքերում ՚՚ Արցախա Մեծ տատի նախշագորգերն են, իսկ ձյուն ու անձրև միայն մաքրում, փայլեցնում են Մեծ Նանի շյուղերից թռած հեքիաթային  նախշազարդերը: Իդիլլիկ աշխարհ, որտեղ ժամանակները սնվում են երկնքի շուրթից, որտեղ յուրաքանչյուրն իր հոգում թաքուն հույս ու երազ ունի՝ դրախտի դռներն իր ձեռքով բացելու… Մեզ հաճախ ընկերակցող Մռավի Քաչալ սարի ստորոտներից  ակունքվող գետակն էլ իր երգն ու խինդն է բաժանում բոլոր բարի կամեցողներին ու ամեն անգամ մեր կարոտից ՚՚ ստվերներ ՚՚ թռցնելով փախչում-կորչում է՝ աչքից հեռու վայելելու իր թաքուն հույսերը…   

…Արդեն անցյալ դարձած չարաբաստիկ տարվա սեպտեմբերի 27-ից առ այսօր բոլորիս թաքուն հույսերը խռովել ու երես են թեքել մեզանից, ու մենք մենակ ենք թողել ոսոխի սրտի մեջ խրված դիրքերը անառիկ ամրոց դարձրած հրամանատարին, մեր Հավերժական Հրամանատարին, որի անվան շուրջը հյուսվող ասքապատումները օր-օրի նոր թափ են ստանում…  Իմ  գործընկեր Դավիթ Դավթյանի բնորոշմամբ՝ ՚՚ Պատերազմի չնահանջած, մինչև վերջին րոպեն մարտնչած, անհաշվելի գրոհներ դիմակայած, ճակատի անխոցելի հրամանատարը: 44 օր, 44 սխրանք՚՚ :  ՚՚Եղնիկներ ՚՚-ի հայտնի հրամանատարից ՚՚ ազատվելու ՚՚ համար Ադրբեջանը 44 օր կիրառեց ավիացիա՝ թիրախավորելով հատկապես նրա գտնվելու հավանական վայրը: 9 անգամ: Կործանիչ ավիացիա, հարվածային անօդաչուներ, հրետանային համազարկ, հրթիռային չդադարող գրոհ: Ողջ մնաց: Անսասան, հեռախոսակապը ձեռքին, զորքը՝ թիկունքին: Հավանական այդ շինությունից հիմքերն են մնացել, սյուներն ու թիթեղյա տանիքի բեկորները: Եվ սմերչի հրթիռի չպայթած կասետային պայթուցիկները: Յուրաքանչյուր գրոհից հետո հիասթափվել են, երբ Գնդապետի նոր հակագրոհն են արձանագրել, կամ չեն հասցրել արձանագրել: Հետո կրկին նշան են բռնել արդեն հողին հավասարված շինության ուղղությամբ, էլի հրետակոծել, էլի՝ անակնկալի եկել:

՚՚ Եղնիկներ ՚՚-ի քաջ հրամանատար, քո մասին գրելն ինձ համար հոգու պարտք է և խղճի թելադրանք… Ու մինչև կրկին հանդիպելն ու զինվորավարի պատիվ առնելը, թույլ տուր չհամբերել ու խոստովանել… Դու ինձ համար Արցախի հերոս էիր ՚՚ վաղնջական ՚՚ ժամանակներից, այն օրվանից, երբ կամավորագրվեցիր քո հայրենի Շոշ գյուղի կամավորական ջոկատին ու երդվեցիր քո բաժին պայքարն անավարտ չթողնել… Հետո շատ ջրեր հոսեցին, գլխովդ շատ ամպեր անցան, սակայն մնացիր անթեք ու անսասան, մաքուր ու զուլալ, ինչպես հարազատ գյուղիդ Լալիկ /Լալեգ/ աղբյուրը… Հայրենական սահմանների անառիկությունը քո խնդիրների խնդիրն էր, կյանքիդ գերագույն նպատակը, և դու դա ապացուցեցիր առանց խոսքերի՝ մեր սակավախոս, սակայն ծառայողական ընթացքի բազմախոս ու բազմաշերտ հրամանատար՝ Կարեն Ջալավյան, ում շնորհիվ Արցախիս հյուսիսային դարպասները մնացին անառիկ, և ում սիրտը մշտապես լեռներում է: