ՄԵՐ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՄԵԿՆ Է ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՙԱ. Ա.՚- ի հարցազրույցը ՙՀանուն ժողովրդի բարեկեցության՚ հկ ղեկավար, ՙՄալա Էզդիա –Եզդիների տուն՚ ազգային շարժման ղեկավար Այսեր Իսայանի հետ։
- Դուք Արցախ եք եկել եզդիների ազգային շարժման և հայ-եզդիական միասնական կամավորական ջոկատի անդամների հետ, ո՞րն է Ձեր այցի հիմնական նպատակը։
- Այստեղ ենք կազմակերպչական-ճանաչողական այցով... Մեր կազմակերպությունն այս պահի դրությամբ չունի խնդիր, բոլորիս խնդիրը մեկն է՝ տեսնել հզոր Արցախ, տեսնել հզոր Հայաստան, և սա ոչ միայն խնդիր է, այլև նպատակ բոլորիս առջև հստակ դրված։ ՙԱրցախն իմ տունն է խորագրով՚ առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումների հետ կապված՝ եզդի ազատամարտիկների՝ Արցախի նվիրյալների պատվիրակությունը, որը գլխավորում եմ ես, այսօր գտնվում է Արցախում՝ Արցախի իշխանությունների հետ նախօրոք ձեռքբերված պայմանավորվածության համաձայն։ Պաշտոնական հանդիպումներից հետո կհանդիպենք նաև Արցախի ՙՄայրություն՚ հկ նախագահի հետ, ապա կմեկնենք զորամասեր։ Մեր նպատակը մեկն է՝ ցույց տալ աշխարհին, որ եզդի ազգը հայոց հարցի, Արցախի հարցի պահանջատերն է, և մեր բոլոր նահատակները, որոնք իրենց արյամբ ներկել են ազատ, անկախ Արցախի հողը, և ովքեր շարունակում են ընկած հայրերի, եղբայրների գործը, բոլորս մի հարցի պահանջատեր ենք, ու բոլորիս պահանջը մեկն է։ Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ թե՜ Արցախյան, և թե՜ քառօրյա ու վերջին պատերազմի վայրագ թշնամու գործողությունների ժամանակ եզդիական ջոկատներն իրենց առջև դրված մարտական առաջադրանքները կատարեցին թե՜ Ջեբրայիլ-Ջրականում, թե՜ Կուբաթլու-Կովսականում և թե՜ Սյունիքի տարածքում։ Մեր կամավորականների առջև դրված խնդիրը մեկն է, ծրագիրը մեկն է, նպատակը՝ նույնպես. տեսնել ազատ, անկախ Արցախ, տեսնել հզորացված Արցախ և հզոր Հայոց Բանակ։
- Ձեր կողմից կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ։
- Եթե դուք տեղյակ եք, առաջիններից մեկը ես եմ հայտարարել, որ մենք ունենալու ենք եզդիական հզոր ռազմականացված ստորաբաժանում՝ Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո, որը կլինի տարածաշրջանում ամենահզորը և որը ահուսարսափ կլինի տարածաշրջանի մեր հակառակորդների համար։ Սա իմ առաջին այցը չէ Արցախ, սակայն առաջինն է որպես պատվիրակության ղեկավար, պատվիրակություն, որն ունի կոնկրետ նպատակներ ու խնդիրներ, որի պտուղները տեսնելու, քաղելու են աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները։ Արցախը դեռ լիաթոք շնչելու է, Արցախը ոտքի է կանգնելու ... Մեր բանակը, ինչպես արդեն քանիցս հայտարարել եմ, վիրավոր կորյուն է, վիրավոր առյուծ, որի վերքերն արդեն ապաքինման պրոցեսում են, և թող սարսափեն նրանք, ովքեր գիտակցում են, թե ինչ է նշանակում հանդիպել ապաքինված առյուծի հետ։ Աշխարհը դեռ լսելու է հայոց բանակի մասին։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. մենք թշնամուն զիջելու ոչինչ չունենք։ Անհնար է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը համարվի Ադրբեջան, առավել ևս Նժդեհյան Զանգեզուրը, Արցախն ու Շուշին։ Եթե մենք այսուհետ թեկուզ մի փոքր կորուստ ունենանք, մենք Հայաստանում որպես արժանապատիվ քաղաքացի ապրելու իրավունք չունենք։
- Հայ-եզդիական համատեղ ջոկատն այսօ՞ր էլ դիրքերում է...
- Միանշանակ, մեր ջոկատները մշտապես մարտական հենակետերում են, մեզ համար հայրենիքն սկսվում է այն հենակետից, որը պաշտպանում են մեր ջոկատի տղաները։ Նրանք հաճախ են մարտական հենակետերից իրենց սրտի խոսքը հղում աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին՝ վստահեցնելով նրանց, որ իրենց հսկողության տակ գտնվող սահմանն ամուր են պահում։ Իմացեք, որ սահմանում կանգնած տղերքը պատրաստ են անգամ կյանքի գնով պահպանել այն։ Արցախի հերոս Քյարամ Սլոյանի անվան ջոկատը դժվարություններից երկնչողը չէ, մեր տղաները դիրքերում են կոնկրետ նպատակներով և հայ եղբայրների հետ միասին իրականացնելու ենք մեր երազանքը։ Այս օրերին էլ դիրքերում է Քյարամ Սլոյանի մեծ եղբայրը՝ Համիկ Սլոյանը, ով եկել է եղբոր վրեժի հետևից և մարտական ընկերներին վստահեցնում է, որ բոլոր նահատակներն իր եղբայրներն են, իսկ նրանց հարազատների ցավն իրենն է։ Այս օրերին դիրքերում հանդիպեցինք հերոս զինվորների, որոնց աչքերի մեջ իրենց նահատակ ընկերների վրեժի ցասումն էր։ Մենք պարտք ու պարտավորվածություն ունենք մեր նահատակների հիշատակի առջև։ Ամենակարևորը՝ միասնական լինենք ու վստահ, որ կորցրածը ետ ենք բերելու։ Մենք դեռ լուծելու ենք հայերի ցեղասպանության ու մեր Շանգալի վրեժը։ Մեր կողքին ապրում են հերոսներ, որոնցից պետք է օրինակ վերցնենք, ուղենիշ դարձնենք մեր պայքարի հետագա ճանապարհին ... Վերջին թարմ օրինակը՝ վերջերս Ստեփանակերտում հանդիպեցի լեյտենանտ Ժորա Առաքելյանի հետ։ Նա արցախցի վետերանի զավակ է, հայրենիքի նվիրյալի զավակ, այս վերջին պատերազմի օրերին նրա վաշտն ընկել էր հրետակոծության տակ, զոհվել էր հրամանատարը, 18-ամյա Ժորան ստանձնել էր իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը և վաշտի ողջ մնացած զինվորներին, եթե չեմ սխալվում՝ 116 հոգու, դուրս է բերել շրջափակումից՝ առանց որևէ մի վիրավորում տալու, առանց մի միավոր զենք թշնամուն թողնելու ... Ահա նմանատիպ սխրանքները մեր աչքի տակ ունենալով՝ քայլ առ քայլ կերտելու ենք մեր հզոր ու պաշտպանված հայրենիքը։