ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔՆ Է ՀԱՐԳԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ
1939թ. համամիութենական մարդահամարի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությունը (ԼՂԻՄ) կազմում էր 150 838 մարդ, որոնց 90 տոկոսը հայեր էին: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զորակոչվեց ու ռազմաճակատ մեկնեց 45 000 մարդ կամ բնակչության 32 տոկոսը (ամբողջ Խորհրդային Միությունում 194 միլիոնից 11 միլիոնը, այսինքն՝ 6 տոկոսը). Տոկոսային հարաբերակցությամբ ԼՂԻՄ-ից զորակոչվեց 5 անգամ ավելի շատ մարդ, քան ամբողջ երկրից: Պատերազմ հայտարարվելուց մեկ օր անց Ղարաբաղի քաղաքներում և գյուղերում գրեթե տղամարդ չէր մնացել:
Պատերազմի տարիներին ռազմաճակատ մեկնած ղարաբաղցիներն իրենց դրսևորեցին որպես քաջ զինվորներ, ինչը համահունչ էր նրանց բազմադարյա զինվորական ավանդույթներին. 24 ղարաբաղցիներ դարձան Խորհրդային Միության հերոսներ, նրանցից երկուսը՝ օդաչու Նելսոն Ստեփանյանը (նրան երկրորդ աստղը շնորհվել է հետմահու) և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանն այդ կոչմանն արժանացան երկու անգամ: Յոթ ղարաբաղցիների շնորհվեց Փառքի շքանշանի բոլոր երեք աստիճանների ասպետի կոչում: Խորհրդային Միության՝ Փառքի շքանշանի արժանացած զինվորների շարքում էր նաև ԼՂԻՄ Ներքին Սզնեք գյուղում ծնված Գևորգ Իսրայելյանը, ում այդ պարգևը շնորհվեց 1943թ. (նա Փառքի շքանշանի լրիվ ասպետ դարձավ 1945թ. մարտին):
Ռազմաճակատի հրամանատար մարշալ Բաղրամյանի հետ մեկտեղ մարշալի կոչում ստացան Լեռնային Ղարաբաղից սերող ևս երեք զինվորական. զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը ¥Արմենակ Խանփերյանց¤, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես ¥Իվան¤ Իսակովը:
Խորը թիկունքում գտնվող հայկական փոքր ինքնավար մարզից զոհվեց պատերազմին մասնակցած նրա ամեն յոթերորդ բնակիչը, ինչը զգալիորեն գերազանցում էր մարդկային կորուստների քանակը ողջ Խորհրդային Միության հաշվարկով:
Ռուսական խաղաղապահ հավաքակազմի զինվորականները վերջերս նախաձեռնել են ՙԸնտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն՚ խորագիրը կրող ակցիա՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 76-ամյակին: Հարցին, ի՞նչպես է ծնվել այդ գաղափարը, ռուսական խաղաղապահ հավաքակազմի ներկայացուցիչը պատասխանեց, որ ամեն տարի Հաղթանակի օրվա նախաշեմին Ռուսաստանում անց են կացվում նման ակցիաներ, և նրանք, երկու կողմի հետ ձեռք բերած պայմանավորվածության շրջանակում, Արցախի իշխանությունների և Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ փոխգործակցությամբ որոշել են իրականացնել Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկներին նվիրված հուշարձանների բարեկարգում: Այդ ակցիան իրականացնում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ հավաքակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները՝ տեղի իշխանությունների հետ համատեղ:
Ակցիայի մեկնարկը տրվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի՝ 1941-1945թթ. ֆաշիզմի դեմ մղված պայքարում զոհված 104 մարտիկներին նվիրված հուշարձանի մոտ: Հուշարձանը գտնվում է բարձր բլրի վրա և այնտեղ հասնելու համար պետք է հաղթահարել հուշակոթող տանող 104 աստիճանները ¥ըստ զոհված մարտիկների թվի¤:
Օրերս ռուսական խաղաղապահ հավաքակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողներն այցելել են հին Նորագյուղ: Այդ գյուղում այլևս մարդ չի ապրում, բայց այստեղ անցյալ դարի 60-ական թվականներին հուշարձան էր տեղադրվել՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների: Այս գյուղից ռազմաճակատ մեկնած ավելի քան 90 տղամարդ իր կյանքը զոհաբերեց հանուն խորհրդային ժողովրդի ազատության:
Ռուս խաղաղապահները Նորագյուղի բնակիչների հետ միասին ցանկապատի վերանորոգման և ներկման, հուշարձանի և հարակից տարածքի մաքրման աշխատանքներ են իրականացրել:
Ապրիլի 13-ին նման աշխատանքներ են իրակացվել Մարտակերտի շրջանի երեք գյուղերում: Հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից հաշվառման է վերցվել 58 հուշարձան: Դրանցից 30-ն արդեն բարեկարգվել են: Աշխատանքները կշարունակվեն մինչև Հաղթանակի օրը:
Իրականցվող աշխատանքներից զատ, Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները նաև այցելում են դպրոցներ և այնտեղ դասեր անցկացնում: Այստեղից էլ ակցիայի խորագիրը՝ ՙԸնտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն՚: Զինծառայողներն աշակերտների հետ միասին պատմում են այն հերոս ղարաբաղցիների մասին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աչքի են ընկել իրենց խիզախությամբ և Հայրենիքի հանդեպ ցուցաբերած նվիրվածությամբ: Ակցիան նաև նպատակ է հետապնդում՝ բարձրացնել աճող սերնդի հետաքրքրությունը Հայրենական մեծ պատերազմի թեմայի հանդեպ և կանխել պատմության խեղաթյուրումը:
Ռուս խաղաղապահները որոշել են հետայսու պարբերաբար մասնակցել արիության դասերի անցկացմանը: Ուսուցիչների հետ միասին խաղաղապահները պարբերաբար կհանդիպեն դպրոցականների և ուսանողների հետ և նրանց կպատմեն 1941-1945թթ. պատերազմում հերոսացած մարտիկների սխրանքների մասին: