[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽՈՒՄ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում մայիսի 20-ին կազմակերպված հուշ-ցերեկույթը նվիրված էր արցախյան  երեք պատերազմների հերոսական պայքարի մասնակից, 44-օրյա պատերազմում անմահացած Էդուարդ Աբրահամյանին:

Միջոցառման նախաձեռնությունը <<Արցախի պահեստազորի սպաների միություն>> հասարակական կազմակերպությանն էր, հովանավորը՝ <<Նառանե գոլդ>> ՍՊԸ-ն:

Ներկա էին պետական այրեր, ՊԲ բարձրաստիճան սպաներ, զինվորականներ, ՀԿ ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, հերոսի զինակից ընկերներ ու հարազատներ:

Միջոցառումը մեկնարկեց արցախյան գոյամարտում հավերժացած հերոսներին նվիրված հուշատախտակին ծաղիկների խոնարհումով:

Է. Աբրահամյանի կենսագրությունը ներկայացրեց  թիվ 2 դպրոցի զինղեկ Արմեն Սողոմոնյանը՝ ընդգծելով. <<Էդուարդ Աբրահամյանն իր առջև դրված բոլոր խնդիրները կատարում էր բարձր պատասխանատվությամբ, հստակ, ժամանակին ու որակով: 35 տարի շարունակ անձնուրաց ծառայելով հայոց բանակին` արժանացել է մի շարք խրախուսանքների, պատվոգրերի ու շնորհակալագրերի: Բացառիկ քաջության ու արիության համար ԱՀ ՊԲ պահեստազորի մայոր Էդուարդ Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է  <<Մարտական Խաչ 1-ին աստիճան>> շքանշանով>>:

Ելույթ ունեցան նաև հերոսի մարտական ընկերներն ու  <<Արցախի պահեստազորի սպաների միության>> նախագահ,  պահեստազորի փոխգնդապետ, <<Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ>> Կարմեն Ասլանյանը:

 <<Հայրենիքի պաշտպանի սրբազան առաքելությունն Էդուարդն սկսել էր Արցախյան գոյապայքարի առաջին օրերից: Ծանոթացել ենք 2000թ. զորավարժությունների ժամանակ: Նույն կոչումով ու նույն պաշտոնին էինք: Հպարտ եմ, որ ճանաչել եմ Էդուարդին>>,- ասաց Նվեր Լազարյանը: <<Որպես զինակից ընկեր` պարտավոր եմ ասել՝ Էդուարդին իսկույն ընդունեցինք 1-ին վաշտի շարքերը: Միանգամից աչքի ընկավ իր համեստությամբ, խիզախությամբ, ընկերասիրությամբ ու պատրաստակամությամբ: Մեր հուշերում նույն ժպտերես ու խիզախ մարտընկերն է, ով պատրաստ էր ցանկացած ժամի հասնել մեզ>>,- ասաց Արմեն  Գևորգյանը: Խոսք ասաց նաև հերոսի դուստրը:

 Միջոցառումն ընդմիջվում էր հերոսի հարազատ կրթօջախի սաների ասմունքով ու  <<Մենք ենք, մեր սարերը>> պետական համույթի երաժշտական կատարումներով: Միջոցառումը եզրափակվեց հերոսի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությամբ: