ՋԱԲՐԱՅԻԼԻ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ
Տիգրան ԲԱԲԱՅԱՆ
2020թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ. Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ցեղասպան պատերազմի վերջը կարծես չի երևում։ Այս պատերազմի մասին դեռ շատ կգրվի ու կխոսվի տարբեր ամբիոններից ու տարբեր մարդկանց կողմից։ Բայց ես որոշեցի գրել հենց հիմա՝ պատահական կարճ դադարների ժամանակ, որովհետև հետո էլ ուժ ու համարձակություն չեմ ունենա թղթին հանձնելու իմ մարտական ընկերների և նրանց անձնուրաց պայքարի ու հերոսական արարքների դրվագները։
Պատերազմին մասնակցելու պատիվն ունեմ որպես պատվախնդիր հայ տղամարդ, իսկ մասնագիտությունս և ճակատագիրն ինձ հնարավորություն տվեցին հանդիպել ռազմաճակատային բուժանձնակազմի նվիրյալների հետ, որոնք վիրավոր մարտիկին ուղեկցում են խրամատից մինչև մասնագիտական բժշկական օգնության հանգրվան։ Այդ նվիրյալներին ես անվանեցի ռազմաճակատի ՙպահապան հրեշտակներ՚։ Նրանցից ոմանք դեռևս 18-20 տարեկան են, կան և բեղ-մորուսավորներ. ամեն տարիքի ՙհրեշտակներ՚ էլ կան։ Հոգնած ու փոշոտված, կարմրած աչքերով, մրոտ ու ճաքճքած ձեռքերով, բզկտված ՈՒԱԶ-իկներով, բայց միշտ պատրաստ ու պատրաստակամ, ականջալուր յուրաքանչյուր օգնություն կանչող ձայնի։ Թեև նրանց ձեռքերը կոպիտ են ու առնական, սակայն դրանք… հրեշտակի ձեռքեր են։ Դրանք այն ձեռքերն են, որ սրբում են հուսահատ մոր արցունքները։ Դրանք այն ձեռքերն են, որ բյուրավոր երեխաների չթողեցին՝ իրենց ծնողի մասին խոսեն անցյալ ժամանակով։ Դրանք այն ձեռքերն են, որ հարյուրավոր փեսաների ՙկանաչ-կարմիրը՚ կապողը դարձան, սփոփեցին հազարավոր քույրերի՝ նրանց քնքուշ սրտի մեջ վերստին արթնացնելով եղբայրների վերադարձի բաղձանքը։ Դրանք վառոդի ծխի ու մրի, արյան ու վիրակապի, արհավիրքի միջից կյանք կերտող ձեռքեր են։ Դրանք ՙպահապան հրեշտակների՚ ձեռքեր են, մեր դեպքում՝ Ջրականի (Ջաբրայիլի) ՙպահապան հրեշտակների՚։
ՙՀրեշտակների՚
ջոկատը
Ուզում եմ անդրադառնալ մեր ստորաբաժանմանը։ Բուժանձնակազմը, սկսած շտապբուժօգնության մեքենաների վարորդներից մինչև կրակագծից վիրավորին դուրս բերողը և հոսպիտալի ճանապարհին առաջին բուժօգնություն ցույց տվողը, պետք է աշխատի շատ ներդաշնակ ու փոխհամաձայնեցված: Այդ ամենն ի կատար է ածվում համարյա իդեալական՝ շնորհիվ մեր հրամանատար Աշոտ Գաբրիելյանի։ Ասել, որ Աշոտը հմուտ է և իր գործի գիտակ, նշանակում է ոչինչ չասել։ Աշոտն աշխարհիս երեսին ինձ հայտնի ամենազգացմունքային, բայց, միևնույն ժամանակ, ամենահավասարակշիռ մարդկանցից է։
Յուրատեսակ հետաքրքիր են մեր երկաթյա նժույգների վարորդները։ Աշխարհիս երեսին ամենաուրախ, ամենաճկուն, ոչնչից ամեն ինչ ստեղծող ամենազիլ տղերքն են, որոնք ամեն Աստծո օր, առանց գույները խտացնելու, թերևս մի քանի տասնյակ անգամ խաբում են մահվանը։ Այո՜, խաբում են մահվանը, երբ հակառակորդի կողմից մեր կողմն ուղղված ամեն տրամաչափի հրետանուց արկ ու բոցի, ոռնացող կրակի միջով հասնում են խրամատներ և, վիրավորին վերցրած, ետ դառնում։ Ահա Սերգոն, մեր Սերգոն. Աստծո կամոք՝ Սերգոն շուտով պապիկ կդառնա։ Նա իր կարծիքը միանգամից չի ասում, ծանր ու մեծ լռելով, գցել-բռնելով։ Արտահայտվում է բռնկված վառոդի պես, միանգամից, առարկություն չվերցնող տոնով. կարծես անտեսանելի ինչ-որ մարդու հետ լեզվակռիվ լինի։ Չգիտեմ, թե Սերգոն կյանքում ինչպիսի պապիկ կլինի, բայց մարտական կյանքում անզուգական պապիկ է։ Տարիքի համեմատ՝ Սերգոն մեծ է երևում։ Չի ասում, չի խոսում այդ մասին, լռում է, բայց զգում եմ, որ բարդ կյանք է տեսել Սերգոն։ Նրա հոգու վեհությունը նաև այն է, որ այդ բարդությունները չեն թունավորել, չեն ապականել նրա պարզ ու անեղծ հոգին։ Մեր Մայիսը... Դժվար թե աշխարհում գտնվի մի մարդ, որ Մայիսին անտրամադիր տեսած լինի։ Մայիսը միշտ կենսուրախ է, անընդհատ շարժման մեջ և անընդհատ զավեշտալի որևէ պատմություն է պատմում։ Մայիսի հետ մեքենայով կարելի է ողջ երկրագնդով շրջել առանց հոգնելու, առանց լարվելու և ... առանց քնելու ցանկության։ Մայիսը մեր անձնակազմի մայիս ամիսն է։ Հաջորդը Յուրան է կամ, ինչպես տղաներն են ասում, Յուկան։ Նա իմ մարտական ՙկնքահայրն՚ է, որովհետև հենց նրա հետ եմ առաջին վիրավորին դուրս բերել դիրքերից։ Զարմանալի տղա է Յուկան. պոետի հոգի ունի և մարտիկի խառնվածք։ Միշտ հանգիստ ու հավասարակշռված է նա, վստահելի խորհրդատու, բայց երբ բռնկվում է, նրա բարի աչքերից պողպատ-կայծեր են շանթում։ Մեր վարորդներից, ավելի ճիշտ՝ մեր անձնակազմ-ընտանիքից Աշոտի մասին կսկիծով և ցավով արդեն պիտի անցյալ ժամանակով գրեմ։ Աշո՜տը։ Ե՜վ բալլադ էր, և՜ ռոմանս էր Աշոտը։ Ապրում էր, որ շրջապատում գեղեցիկն ավելի շատ ու շուտ զգայինք..., և գնաց... որ ապրենք։ Աշնանային մի երեկո Կարմիր Շուկա գյուղում կտրվեց նրա կյանքի թելը։ Լուսապսակվեց ու միացավ մեր նահատակ ընկերներին։ Մեր անձնակազմ-ընտանիքում կան և՜ ռազմական, և՜ պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող, և՜ կամավոր բժիշկներ` վնասվածքաբան, սրտաբան-վիրաբույժ, դեղագետ, ընդհանուր պրոֆիլի բժիշկ, ստոմատոլոգ։ Անձնակազմի հրամանատարը՝ Աշոտ Գաբրիելյանը, ընդհանուր պրոֆիլի բժիշկ է։ Աշոտը պատերազմական իրավիճակում բուժանձնակազմի անգնահատելի ու անփոխարինելի ադմինիստրատոր է։ Այս դժվար ու խառնակ օրերին նա ամեն ինչ հասցնում է արագ ու իդեալական կազմակերպել, ամեն ինչ հայթայթել՝ սկսած վիրակապական ու անտիսեպտիկ նյութերից, ՈՒԱԶ-իկների անվադողերից, ձմեռային հանդերձանքից մինչև, ասենք, ատամի մածուկ։ Չգիտեմ՝ ինչպե՞ս, ու՞մ է դիմում, ինչպե՞ս է լեզու գտնում, ե՞րբ է հասցնում, բայց... ճարում է ու ապահովում։ Այս տեսակետից նա, ինչպես ասում են, ՙԲազումք են կոչեցեալք և սակավ՝ ընտրեալք՚։ Եթե ինչ-որ հրաշքով շվեյցարական գերճշգրիտ աշխատող ժամացույցը վերածվեր մարդու, նրան ուղղակի կանվանակոչեին Ղահրամանյան Արթուր և վերջ։ Արթուրն ամեն ինչ անում է խիստ կենտրոնացած։ Նա կենտրոնացած է մտնում դիրքերը՝ վիրավոր դուրս բերելու, կենտրոնացած կանգնեցնում է զարկերակային արյունահոսությունը, կենտրոնացած կար է դնում, ճաշելիս կենտրոնացած է ծամում, կենտրոնացած էլ… հայհոյում է թշնամուն։ Ճիշտ է, այս դեպքում ես նրա կենտրոնացումի մեջ խի՜ստ արտահայտված ոգևորության երանգներ եմ լսում։ Արթուրը քիչ է խոսում. նա կենտրոնացած լռո՜ւմ է։ Ըստ երևույթին, մեխանիկայի օրենքներին հայտնի ու անհայտ բոլոր կենտրոնախույս ուժերը նրա մոտ վերացել են՝ թողնելով միայն կենտրոնաձիգներին։ Այս սուսիկ-փուսիկ և գերճշգրիտ տղային երբեք չտեսա, որ թեկուզ շատ հոգնած ու քնաթաթախ, հրաժարվեր մարտական հերթապահությունից, չտեսա, որ վիրավորների հերթական խումբը հոսպիտալ ճանապարհելուց հետո, գրեթե մինչև արմունկներն արյունաթաթախ, Արթուրը հրաժարվեր վարորդներից մեկնումեկին օգնել անվադողը փոխելիս։
Չտեսա՜... Ոչ ոք չտեսա՜վ։ Թե իր մեծ սրտի ո՞ր անկյունում էր ամբարում այդ անհատակ դառնությունը, չիմացա... Չիմացանք...
Կարմիր Շուկա և Կարմիր գյուղերում մեր անձնակազմն ունեցավ առաջին զոհերն ու վիրավորները։
2020թ. սև աշունը բժիշկներից առաջինը Մանուկյան Գարիկի գարուն կյանքը տարավ։ Գարիկը ռազմական բժիշկ էր։ Աչքերիս առաջ են նրա արիստոկրատ, կանոնավոր դիմագծերը, նուրբ, բայց կտրուկ շարժումները։ Եթե դուք ծանոթ եք Դյումայի ՙԵրեք հրացանակիրները՚ վեպին, ուրեմն հստակ կպատկերացնեիք Գարիկին՝ Աթոսի ազնվագույն զսպվածությամբ ու ինքնատիրապետմամբ, Արամիսի անհորիզոն ռոմանտիկայով։ Եթե պոեզիայի սիրահար եք, ուրեմն Գարիկի մեջ կտեսնեիք Չարենցի բոսորագույն, ցասկոտ մայրամուտները և Տերյանի թախծոտ ու քնքուշ աշունները։ Եվ աշնանն էլ գնաց` բոսորագույն մայրամուտին։ Նվիրումով լուսապսակվեց ու երազախառը գնաց՝ երկի՜նքը հարստացնելու...