ՄԵՆՔ ՊԻՏԻ ՆՈՐ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐՏԵԻՆՔ…
«Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր-հրամանատար Կարո Քահքեջյանը դարձավ 60 տարեկան… Հոբելյարի՝ իրենց քաջարի հրամանատարի երկնային ծնունդը մարտական ընկերները այս էլ արդեն որերորդ անգամ նշում են առանց նրա… Ու վերստին քաղցրանում են հուշերը օրվա խորհրդի հանգույն ու կրկին հառնում է քաջազուն հրամանատարի հերոսական կերպարը՝ հայրենիքին անմնացորդ նվիրվածության տեսլականով պարուրված։
Այս անգամ ունկնդրելու ենք ՙԽաչակիրներ՚ ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյանին։
-Կարոն, ես և մեր մյուս ընկերներն այն սերունդն ենք, որ դաստիարակվել ենք Սփյուռքում և մի փոքր այլ տեսակ ենք դաստիարակվել։ Ամենակարևոր հանգամանքը կամ ազդակը եղել են եղեռնից ճողոպրածները։ Ամեն տան մեջ եղեռնից մազապուրծ մի պապիկ կամ տատիկ կար, և մենք հազար անգամ լսել ենք նրանց պատմությունները…Նրանց, որոնց այրեցին, թալանեցին, բռնաբարեցին, սպանեցին, ծանակեցին բարբարոսները։ Այդ ամենը մեզ վրա ազդում էր և ասես թե անգիտակցաբար նրանք մեր մեջ վրեժխնդրություն են սերմանել։
Արցախյան շարժումը մեզ համար սպասված առիթ էր, և մենք պետք է մասնակցեինք, մեր ներդրումը բերեինք Հայոց մեծ Դատի մի պատառիկին։ Մենք պիտի նոր պայքարի պատմությունը կերտեինք, մաս կազմեինք, և չէինք մտածում կմեռնե՞նք, թե՞ ողջ կմնանք, մտածելու ժամանակ չկար։
12 տարեկան եմ եղել, երբ Անթիլիասի կաթողիկոսարանի կողքին մի փոքրիկ մատուռում Դեր-Զորից բերած գանգերի մոտ մոմս վառել եմ, ՙՀայր Մեր՚-ը ասել։ Մութն ընկնում էր արդեն, իսկ ես ՙՀայր Մեր՚ եմ ասել և ծնկաչոք երդվել. ՙՄինչև կյանքիս վերջը ազգիս պիտի ծառայեմ, ձեր վրեժը պիտի լուծեմ…՚: Իմ բաժին ազատագրական պայքարը միայն Արցախով չի սկսվել, 1979թ. Մոնթեի հետ եմ ծանոթացել, որը նույնպես այդ կրակով էր վառված։ Ամերիկայում ընկերներ եմ ունեցել, որոնք Հայ Դատի զինվորներ էին։
Նույնը և՝ Կարոն…Երբ 1982 թվականի հունվարին Լոս Անջելեսում թուրք հյուպատոսը ահաբեկվեց, ամբողջ Ամերիկայում հատուկ ծառայությունները խառնվել էին իրար։ Առաջին ձերբակալությունների ժամանակ բռնեցին Համբիկ Սասունյանին, իսկ հաջորդ օրը Ֆրեզնոյում Կարոյին ձերբակալեցին։ Օրերով նրան պահեցին, Կարոն այնքան ակտիվ էր, որ հատուկ ծառայությունների համար առաջին կասկածյալներից էր։ Ահագին նեղություններ կրեց նա այդ տարիներին, բայց առանց երկնչելու մնաց որպես գաղափարի զինվոր։
Ֆրեզնոյում մեծ, հսկա տուն ուներ, երկու հատ նժույգ, նժույգի գիժ էր, քանի անգամ է ընկել նժույգից, ջարդվել։ Առանձնասենյակի մի պատը հայոց պատմության գրականությունն էր, մի պատին հսկա Եռագույնը, մյուս պատին զենքերի հավաքածու էր։ Յոթ լեզվով խոսում էր։ Հայրը՝ Հայկը, Նիգերիայում երկաթի հսկա գործարան ուներ։ Նիգերիայի վարչապետի, գեներալների հետ նստող-վերկացող մարդ էր։ Հայկ Քահքեջյանը Դրոյի թիկնապահներից է եղել, Կարոյի զոհվելուց 3 ամիս առաջ մահացավ մալարիա հիվանդությունից, Կարոյի հետ գնացինք դիակը Աֆրիկայից բերելու։
Նրա ամենամտերիմ ընկերների շարքում էի, սակայն դա չէր խանգարում, որ ինձ էլ վերաբերվեր այնպես, ինչպես պատերազմի օրենքներն են պահանջում… Մի անգամ իր հրամանը չկատարելու համար ձմեռը ինձ դուրս հանեց ու ժամերով կիսամերկ մնացի ձյան մեջ: Տղաները, ինձ տեսնելով այդ վիճակում, աչքներին չէին հավատում…Մեզ մոտ օրենք էր՝ ծխել, խմել չկար, մեր կոշիկները միշտ փայլուն պիտի լինեին, կուզիկ կանգնել չկար, պիտի ուղիղ քայլես, որպեսզի երբ մարդիկ քեզ նայեն, ասեն հայ զինվոր է։
Ինչո՞ւ ՙԽաչակիրներ՚։ Կարոն ասում էր. ՙՔրիստոնյա ժողովուրդ ենք, խաչի զորությամբ պիտի կռվենք, թող խաչի անունով էլ կոչվենք…՚։ Ոչ մի քաղաքական կողմնորոշում չուներ, նրանը կռվելն էր՝ հանուն ազգի, հավատքի, հողի…
Պատահական չէ, որ հենց Սրբազանը դարձավ մեր ջոկատի քավորը։ Ջոկատն ավելի շուտ էր սկսել գործել, նախքան ՙԽաչակիրներ՚ կոչվելը, մի տարի գործում էինք որպես հատուկ պաշտպանության ջոկատ։ Հետո տարբերակելու համար անուն ընտրեցինք։ Հրամանատարը խաչեր էր բերել Ամերիկայից։ 92-ին Պատարագ եղավ Ղազանչեցոցում ու խաչերը ստանալով մեկնեցինք Մարտակերտի ուղղությամբ։ Երբ արդեն դանդաղ, բայց հաստատուն քայլերով սկսեցինք մեր գործունեությունը, շատերն էին ուզում ընդգրկվել մեր ջոկատի կազմում։ Քիչ լինենք, մաքուր լինենք, արագաշարժ լինենք. այդպես էր ուզում Կարոն և նախընտրում էր կռվել այն տղաների ընկերակցությամբ, որոնց ծնողներն ու պապերը մանկուց եղել են Աղբյուր Սերոբի ու Անդրանիկի զինվորը։
Դեռևս Ամերիկայում, երբ երիտասարդական միությունների մեջ էինք գործում, Եղեռնի օրերին հավաքվում էինք, ցույցեր կազմակերպում, նույնիսկ Լոս Անջելեսի ոստիկանության հետ ընդհարումներ ունեցանք, կալանավորվեցինք, Կարոյի գրպանից փամփուշտներ հանեցին, զինաթափեցին։
Տաքարյուն էր Կարոն, եռանդուն, մի Եռագույն դրոշ ուներ, աշխարհով մեկ պտտել էր։ Հալեպ ծնվել էր, հետը Բեյրութ է տարել, Բեյրութում հայկական փողոցների պաշտպանությանն էր մասնակցել, այդտեղից գնացել է Լոնդոն, հետո` Գերմանիա, որտեղ քրդերի հետ բարեկամություն է արել, նրանց հետ միասին թուրքերի դեմ պայքարել։ Ապրիլի 24-ին Գերմանիայում թուրքերը կրակել էին նրա վրա, Եռագույնը ծակվել էր։ Մինչև վերջ աչքի լույսի պես էր պահպանում այդ դրոշը՝ ասելով. ՙԷսի պիտի հասցնեմ Մուշ, պիտի հասցնեմ Սասուն, ողջ Արևմտյան Հայաստան…՚։ Նրա հուղարկավորությանը Եռաբլուրում մենք այդ դրոշը դրել ենք նրա դագաղի վրա։ Մոնթեի զոհվելուց ուղիղ երկու շաբաթ անց մենք կորցրինք Կարոյին։ Ճակատագիր էր, մենք իրար հետևից մի քանի շաբաթում կորցրինք անփոխարինելի հրամանատարների, մինչև ուղն ու ծուծը նվիրյալ, գաղափարական մարտիկների։
Կարոն միշտ ասում էր, որ լուրջ տեղեր ուղարկեն մեզ։ Մի անգամ Մաղավուզ ուղարկեցին, Կարոն ջղայնացել էր. ՙՄենք անբաննե՞ր ենք, ի՞նչ է, այստեղ գործ չկա անելու՚։ Մի անգամ էլ նույնիսկ շտաբ գնաց, թե մենք լուրջ գործի համար ենք այստեղ, իսկ դուք մեզ պարապ տեղեր եք ուղարկում։
Զոհվելուց երկու օր առաջ շտաբից կանչել էին հետախուզական վաշտի հրամանատար նշանակելու, ասաց, գնամ մարտի գամ, հետո կնշանակեք։ Գնաց ու չեկավ…
Կարոն հետմահու արժանացավ ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանի ու ՙԱրիության համար՚ մեդալի, սակայն նա փառքի հետևից չէր եկել, նրա երազանքն էր Եռագույնը ծածանել Մեծ հողահավաքին։
Պատերազմ էր, թացը չորից դժվար էր ջոկվում…Մարդ կա պարտադրված էր կռվում, մեկն էլ, որ կրակը հասել էր իր տունը, իր գյուղը, իր հողը պիտի պաշտպանի ճարահատ, մարդ կա գաղափարի համար է կռվում, մարդ կա իր հռչակի համար է կռվում, տարբեր տեսակի մարդիկ կան…Բայց երբ դու հազարավոր կիլոմետրեր ես կտրել ու հասել Էրգիր, ուրեմն գաղափարաբանություն կա, կամավոր կասենք, ինչ կասենք, կարևոր չէ արդեն։ Դա գալիս էր մեր դաստիարակությունից, մեր էությունից, Հայ Դատին տեր կանգնելու մեր նախանձախնդիր պայքարից։ Կարոն այդ պայքարի առաջամարտիկներից էր իր ողջ երկրային կյանքի ընթացքում։
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ