…ԵՐԲ ԼՈՒՅՍԸ ԾԱՆՐԱՆՈՒՄ Է ՀՈԳՈՒԴ ՎՐԱ
Շուրջ երեք տասնամյակ առաջ, ժամանակի պահանջ-հրամայականով Երկրի տղամարդիկ Երկրապահ դարձան… 88-ից ի վեր Երկիրն էլ արդեն Երկրապահ էր։ Ի զեն ելած Երկրի Տերերը երեք տասնամյակ շարունակ կենաց-մահու պայքարում փառավորեցին իրենց անունն ու գործը… Արցախյան ավանդական ու ավանդապահ Ավշառյան մեծ գերդաստանի զենք բռնելու ունակ տղամարդիկ էն գլխից արդեն առաջնագծում էին, նրանց թվում և Էդուարդ Ավշառյանի ընտանիքը, որ Արցախյան շարժմանն ու պայքարին զինվորագրվեց իր 5 որդիներով, որոնք, հընթացս մարտագործողությունների, մեր պայքարի խորհրդանիշներից դարձան։
… Ապրիլի 8-ի առավոտյան մահվան բոթը ծանր լույսի պես կախվեց օդում… 57 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՙՄարտական խաչ՚ առաջին և երկրորդ աստիճանների շքանշանակիր, գնդապետ Մխիթար Ավշառյանը։
Ծնվել է 1965 թվականի փետրվարի 21-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1983-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ՝ Գերմանիայում տեղակայված զորախմբում՝ որպես տանկային դասակի հրամանատար։ 2005-2006թթ. սովորել է Մոսկվայի ռազմական ակադեմիայում։ 1992-1994թթ. ՊԲ 4-րդ տանկային վաշտի, ապա Առանձին տանկային գումարտակի հրամանատարն էր։ Հետագայում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ՝ ԱՀ ՊԲ Ն զորամասի սպառազինության գծով փոխհրամանատար, Ն միավորման զրահատանկային ծառայության պետ, տանկային զորամասի հրամանատար, Ն միավորման հրամանատարի առաջնային գծով տեղակալ, ԱՀ զինվորական կոմիսար։ Մ. Ավշառյանը մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու ինքնապաշտպանական մարտերին և Օմարի լեռնանցքից մինչև Հորադիզ ընթացող բոլոր մարտական գործողություններին։
Տասնյակ անգամներ մահվան աչքերին նայած, պարտություն չտեսած-չճանաչած մերօրյա հերոսը պարտվեց չարագուշակ հիվանդությանը։ Չդիմացավ թաց ու խոնավ խրամատներում ձեռք բերած ու տարիների ընթացքում խորացած-քրոնիկականի վերածված հիվանդությանը։ Նրա սիրտը չդիմացավ Շուշիի անկմանը, Հադրութ-Դիզակի մելիքական ապարանքների խոնարհմանը... Գնաց Մխիթարը՝ երկնքում իր կռիվը տալու անարդարության դեմ, հաղթանակներ սերմանած, սակայն վերջին շրջանում փուշ ու տատասկ հնձած զինվորականի անհաշտությամբ հեռացավ մեր պայքարից։ Նրա սահմաններ չճանաչող, սահմաններ չունեցող բարությունը կես րոպեում անհաշտ պոռթկումի վերածող մեր հերոսը, որի հետ պատիվ եմ ունեցել քննարկելու մեր օրերի բարդացող հարաբերություններն ու պատերազմական թոհուբոհի լույսն ու ստվերը՝օրվա պարունակներում ինքը վերածվեց ծանր լույսի... Պատիվ եմ ունեցել նրա հետ կիսել Շուշիի ազատագրման բերկրանքը, նաև Արցախյան պատերազմում մեր տանկիստների ունեցած բոլոր մեծ ու փոքր հաջողությունների տարեգիրներից մեկը լինել…Այն տանկիստների, որոնց առաջին հրամանատարը լինելու պատիվը նրան էր տրված, և պատահական չէ, որ հետագայում, ՊԲ կազմավորման փուլում նրան վստահվեց Առանձին տանկային գնդի հրամանատարի պաշտոնը։ Պարոն գնդապետ, այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես դառնացած մի պահի չուզեցիր կիսվել զինվորական լրագրողիս հետ, սակայն քիչ անց տեղի տալով իմ թախանձանքներին, ասեմ թե հետևողական պնդումներին, խոսեցիր մեր հաղթանակներից, Շուշիի ազատագրումից և դու ՙվերակերտվեցիր՚ իմ աչքի առաջ՝ մոռանալով ամեն չարի ու չարիք ծնող պատճառների մասին... Հետո պատմեցիր Շուշի բարձրանալու ճանապարհին գլխովդ անցածը… Երանությամբ հիշեցիր, որ այն ժամանակ ձեր շարքերում գլուխ պահողներ չկային։ Հակառակը. յուրաքանչյուրը ձգտում էր առաջինը մարտի նետվել։ Նեղացար, երբ քո առջև խնդիր դրեցին այլ ուղղությամբ գնալ, ու թե ինչպիսի դժվարությամբ Շուշիի ռազմագործողությունից առաջ մի կերպ անձնակազմ հավաքեցիր։ Հիշու՞մ ես, պարոն գնդապետ, երբ առաջին զինվորական աշխատավարձը բերեցին, ընկերներով ամաչում էիք ստանալ. ՙԷս ի՞նչ եք անում, մենք դրա՞ համար ենք ծառայում՚… Հետո շատ արժեքներ փոխվեցին, բայց խրամատային բարոյականությունն ու ընկերությունը մնացին անփոփոխ և այն ողջ կյանքի համար էր…
Բանակաշինության գործընթացի գրեթե բոլոր փուլերում Մ. Ավշառյանի հետ խոսել-քննարկել ենք ձեռքբերումների ընթացքը և նրա սրտացավությունը /արհեստավարժության մասին էլ չեմ խոսում/ ինձ միշտ հույս է ներշնչել, որ մեր ՙգործերը՚ լավ են լինելու։ Ցավոք, նրան տեսել եմ նաև մարտական ընկերների կորստյան ցավից երկատվելու պահին, այն պահին, երբ հողին են հանձնում մարտական ուխտով ամրագրված, հարազատից էլ հարազատ դարձած եղբայրներից մեկնումեկին... Իսկ, այսօր արդեն մեր մարտիկներից մեկն էլ գնաց միանալու Անմահների Գնդի կուռ շարասյանը… Ցավոք, մեկիկ-մեկիկ, լուռ հեռանում են մեր բանակի հիմնասյուները՝ իրենց ետևից ցավ ու կսկիծ շաղելով… Հեռանում են, որ նորից ու կրկին վերածնվեն մեր բոլոր գալիք Հաղթանակներում… Որ Վերևից հսկեն մեր անխոտոր ընթացքն ու իրենց պայքարի լույսը մեզ՝ ապրողներիս համար փարոս դարձրած, լուսավորեն մեր անցնելիք ճանապարհը։ Նրանք այլևս մեր վաղվա օրվա, գալիքի երկնային հրամանատարներն են, ու նրանց շարքերում այր մի Մխիթար Ավշառյան անուն-ազգանունով, որն այս օրերին ՙզինվորագրվեց՚ Անմահների գնդին։
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ