[ARM]     [RUS]     [ENG]

ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը

 Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում արձանագրվել է իրավիճակի սրացում: Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում: «Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սարիբաբայի բարձունքի շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար»,–ասված է հաղորդագրությունում։

Օգոստոսի 2-ի տեղեկագրում նույնպես ՌԴ ՊՆ-ն մատնանշել էր, որ օգոստոսի 1-ին հրադադարի ռեժիմը խախտել էր Ադրբեջանը: Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է: