Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԿՈՍՈՒՄ ԾՆՎԱԾ ԳԻՐՔ...

Վերջերս լույս տեսավ Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանի ՙՈւսուցչի իմ թղթապանակը՚ գիրքը, որը մեթոդական, ուսուցողական-մանկավարժական հոդվածների ժողովածու է: Այն հրատարակվել է ԼՂՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ և ֆինանսական աջակցությամբ: Օրերս Մարտակերտի մշակույթի պալատում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Մասնակցելու էին եկել ԼՂՀ ԿԳ նախարարությունից, գրողների միությունից, ներկա էին շրջվարչակազմի ղեկավարությունը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողական հասարակայնության ներկայացուցիչներ: 
Շնորհանդեսն սկսվեց աշակերտների ելույթով: Նրանք իրենց սրտի խոսքն ասացին սիրելի ուսուցչուհուն` գրքի լույսընծայման առթիվ: Դա հանդիսավոր միջոցառումներին հավուր պատշաճի  հնչող ձոներգ չէր, այլ երախտագիտության արտահայտություն այն բանի, որ ուսուցչուհու շնորհիվ իրենք դարձել են գրքի հերոսներ։ 
Ժողովածուն յուրատեսակ երկխոսություն է ուսուցչուհու և աշակերտի միջև։ Այդ երկխոսությունը շարունակվեց նաև միջոցառման ժամանակ, երբ  ուսուցչուհին, կանգնելով աշակերտների կողքին, խոստովանեց, որ իր` մանկավարժի բարդ ու պատասխանատու աշխատանքի պարգևատրությունն աշակերտների գնահատումն է, նրանց հետ շփման ամենօրյա բերկրանքը։ Բոլոր ժամանակներում ուսուցչի առաքելությունը նույնն է` նա խորազգաց մի անհատականություն է, որը պետք է հավատարիմ լինի իր պատվաբեր կոչմանը, լինի ուսուցանող և ստեղծարար, մարտահրավերներին դիմակայող, անհողդողդ կամքով, հաստատակամությամբ: Մեր օրերի ուսուցիչն ավանդական ձևերին զուգահեռ կիրառում է նոր մեթոդներ, նա կանգնում է նոր բացահայտումների առաջ և իր հետ բացահայտումների մղում աշակերտներին: Ուսուցիչը պետք է տիրապետի հրապարակային խոսքի արվեստին, նա նաև արդարության դատավոր է: Ն. Պողոսյանի այս դիտարկումը բխում է սեփական փորձից։    
Չնայած հեղինակն ասաց, որ գրքում ամփոփված են հետպատերազմյան շրջանի իր մանկավարժական գործունեության արդյունքները` գրված մի քանի ամսվա ընթացքում,  ԼՂՀ գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը, ում մտահղացմամբ իրականացվել է գրքի շնորհանդեսը, այնքան էլ  համաձայն չէր այդ մտքին: Նրա կարծիքով՝ գիրքը միանգամից չի ստեղծվում: Դա նման է մեծ սարի լանջին բխած աղբյուրի, որը տարիների մաքառումներով, հողի ընդերքով գնացել է և նոր մի տեղ բխել: Գրքի մի շարք արժանիքների կողքին նրա գործառնական նշանակությունն ընդգծվեց: ՙՍովորաբար ուսուցչին համեմատում են սերմնացանի հետ: Այս տրամաբանությամբ`  գիրքը ծնվել է ակոսի մեջ՚,-ասաց Վ. Հակոբյանը` շարունակելով միտքը, որ, ցավոք, պատերազմից հետո լավ մանկավարժները քիչ են` նկատի ունենալով նրանց, ովքեր իրենց գործին վերաբերում են ստեղծագործաբար,  և ուրախություն հայտնեց, որ ի դեմս Ն. Պողոսյանի, տեսնում է վերածնվող Մարտակերտի մտավորական դիմագծի վերակենդանանալը, որ երբևէ ունեցել է նա՝ երախտավոր մտավորական Շահեն Օհանջանյանի և այլոց շնորհիվ:
Շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը նույնպես իր խոսքում նշեց, որ անչափ ուրախ է իր ղեկավարած շրջանում Ն. Պողոսյանի նման ուսուցիչ ունենալու հանգամանքով: Նա դրանում նոր չի համոզվել: Հինգ տարի ղեկավարելով կրթության համակարգը` որպես նախարար, ամեն տարի սեղմել է Ն. Պողոսյանի ձեռքը` իր շնորհակալությունը հայտնելով նրան օլիմպիադաներում և շարադրությունների մրցույթներում բարձր արդյունքներ ապահովող աշակերտներ տալու համար: Եվ այսօր նորից շնորհակալություն է հայտնում` ստեղծագործող ուսուցիչ լինելու համար, որը գաղափարապաշտ և հայրենապաշտ սերունդ է դաստիարակում: 
Գրքի խմբագիր, Կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության և գիտության  բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լուսինե Ղարախանյանն անդրադարձավ մոլեռանդ ուսուցչի կերպարին, որպիսին Ն. Պողոսյանն է: Նրա եզրակացությունը հետևյալն է. ՙՆրանք ստրատեգիկ անձինք են, ինչպես սահմանում կանգնած զինվորը: Այդպիսի ուսուցիչներով կարող է ուժեղ լինել կրթության համակարգը, նրանք են ձևավորում գիտական, էլիտար ուսուցչության բանակը՚:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի բնութագրմամբ՝  ժողովածուի հեղինակը ժամանակակից ուսուցչի օրինակելի կերպար է: ՙԴասավանդման արդի մեթոդների իմացությունը, ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաներին տիրապետելն ապացուցում են, որ Նատաշա Պողոսյանը ոչ միայն անցյալ դարի երկրորդ կեսի, այլև 21-րդ դարի հրթիռային արագությամբ վերափոխվող մանկավարժության օրինակելի ներկայացուցիչներից է՚,¬ասաց նա։
Նոր Մարաղայի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Լոռեցյանի վկայությամբ` մեր կողքին ապրում է մեկը, որի համար մանկավարժությունը ոչ միայն աշխատանք է, այլև կենսակերպ, ում համար դպրոցը ոչ թե աշխատավայր է, այլ աշխարհ, որտեղ նա անընդհատ որոնում է և գտնում այն, ինչի առաքելությամբ աշխարհ է եկել:
Միջոցառման  ժամանակ մեծարվեց ոչ միայն նրա հեղինակ Նատաշա Պողոսյանը, այլև արժևորվեց ստեղծագործող անհատը, մտավորականը` սկզբունքային, անկոտրում,  քաղաքացիական  խիզախ դիրքորոշմամբ, որի կարիքը շատ է զգում մեր հասարակությունը: 
 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ