Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՄԻՈՒԹՅԱՆԸ

Տասնյոթ տարի առաջ՝ 1998թ. հոկտեմբերի 10-ին, Արցախում ստեղծվեց մի կազմակերպություն, որի ծնունդը, հիրավի, անհրաժեշտություն էր։

Ստեղծվեց ժամանակի հրամայականով, նույն վշտով տառապողներին՝ Արցախյան պատերազմում անհայտ կորածների հարազատներին մեկ հարկի տակ հավաքելու, նրանց բարոյապես սատարելու և պատերազմի դաշտից տուն չեկածների ճակատագրերը պարզելու նպատակով։ Այս ընթացքում հասարակական կազմակերպությունը տարաբնույթ աշխատանքներ է իրականացրել, վերջնական արդյունքին, սակայն, դեռ շատերն են սպասում։ Հոկտեմբերի 17-ին՝ միության 17-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության (ԱԿԱՀՄ) գրասենյակ այցելեց ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ ՊԲ ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի ներկայացուցիչների և ԱԿԱՀՄ նախագահ Վերա Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց անհայտ կորած ազատամարտիկների հուշաթանգարանում, հետաքրքրվեց միության գործունեությամբ։ Գրասենյակի հատուկ պահարանի դարակներում տղաների կենսագրություններն են, յուրաքանչյուրի մղած վերջին մարտի վայրն ու իրավիճակը բացահայտող այլ փաստեր։ Միության տվյալներով՝ Արցախում անհայտ կորած են համարվում 239 ազատամարտիկ և 411 խաղաղ բնակիչ։ Կազմակերպության նախագահը հանգամանալից ներկայացրեց կատարած աշխատանքները՝ միաժամանակ չմոռանալով նշել հուզող որոշ խնդիրների մասին։ Լևոն Մնացականյանը վստահեցրեց, որ բանակը հետայսու ևս կշարունակի աջակցել միության գործունեությանը։ ՙՊաշտպանության բանակը միշտ էլ կանգնած է եղել հասարակական կազմակերպության կողքին և կշարունակի միության հետ համագործակցությունը,-ասաց Լ. Մնացականյանը։- Մենք չենք տարբերում այսօրվա զինվորին և երկու տասնամյակ առաջ անհայտ կորած ազատամարտիկին ու նրա ընտանիքին։ Փորձում ենք հնարավորինս սատարել նրանց, ձգտում ավելի շատ տեղեկություններ հավաքել անհայտ ճակատագրերի տեր անձանց մասին։ Կարծում եմ, համատեղ գործունեությունը կլինի արդյունավետ՚։ Հիշարժան օրվա առթիվ ԼՂՀ պաշտպանության նախարարը արժեքավոր նվերներ հանձնեց հասարակական կազմակերպությանը։ Միության նախագահ Վերա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Լևոն Մնացականյանին՝ կազմակերպության հանդեպ ցուցաբերած սրտացավության ու համագործակցության համար և պարգևատրեց նրան ԼՂՀ ԱԿԱՀՄ հուշամեդալով։ Կազմակերպության 17-ամյակի կապակցությամբ ՙՀայրենիք և հավատ՚ հուշամեդալով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով պարգևատրվեցին նաև միության հետ ակտիվ համագործակցող մի շարք անձինք, այդ թվում՝ ՊԲ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ։ ՙԵրանի՛ թե այս միության կարիքը չլիներ… Բայց իրականությունը ժխտել հնարավոր չէ. կազմակերպության անհրաժեշտությունն այսօր առաջին հերթին զգում են նրա հարկի տակ գտնվողները։ Մեր մայրերին ուժ, կորով և համբերություն եմ մաղթում։ Արցունքով հայրենիք չեն պահում, պետք է լինենք միասնական, համախմբված՚,-ասաց ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը։ ՙՀայոց մայրերի ուսերին միշտ էլ ընկած է եղել ամենածանր բեռը։ Հերոսներին լույս աշխարհ են բերում մայրերը, նրանք են դաստիարակում, օրհնում և մարտի դաշտ ուղարկում որդիներին։ Եվ նրանք են միշտ համբերությամբ սպասում իրենց զավակներին։ Հայրենասիրության գործում ամենակարևոր ներդրումը, որ անում են մայրերը, իրենց պատվավոր, պատվախնդիր կեցվածքն է՝ վիշտը սրտում, պատիվը՝ դեմքին՚,- ասաց Արցախի ազատամարտիկների միության վարչության անդամ Ալվարո Շեկյանը։ ԼՂՀ ԱԿԱՀՄ անդամ Նազիկ Նալբանդյանի խոսքն ավելի շատ կոչ էր՝ ուղղված ներկա գտնվողներից յուրաքանչյուրին. սատար կանգնել հայոց բանակին, թև ու թիկունք դառնալ իշխանություններին, քանզի միայն այդ ձևով կարող ենք հակահարված տալ հակառակորդին, պաշտպանել հայրենիքը։ Նա բարձր գնահատեց Վերա Գրիգորյանի կատարած աշխատանքը, շեշտելով, որ կազմակերպության նախագահը պատմություն է դարձրել տղաների կատարածը։ Անցած տասնյոթամյա ճանապարհը նաև հետագա աշխատանքները նախանշելու առիթ էր։ Կազմակերպության նախագահը հավաստիացրեց, որ դրանք շարունակաբար կուղղվեն անհայտ կորածների ճակատագրերի հստակեցմանը։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ