Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՆ

Նախագահի մոտ կայացած խորհրդակցությունից հետո Ազգային վիճակագրական ծառայության պատասխանատուները ճեպազրույց են ունեցել՝ ներկայացնելով քննարկված հարցերից որոշ մանրամասներ եւ ՙՄարդահամար-2015՚-ի նախապատրաստական աշխատանքներն, ընդհանրապես:

ՙԸնդհանուր առմամբ՝ հանրապետության ողջ տարածքում շուրջ 429 հաշվարար է աշխատելու: Իսկ մարդահամարում ներգրավված են շուրջ 749 աշխատողներ, այդ թվում՝ հրահանգիչ-հսկիչներ, համակարգողներ, տեղամասերի վարիչներ ու իրենց օգնականները: Հաշվարարները եւ հրահանգիչ-հսկիչներն անցել են համապատասխան ուսուցում, դասընթացներ եւ ատեստավորվել են,- մանրամասնում է Ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալ, մարդահամարի վարչության պետ Միքայել Սողոմոնյանը:- Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ մարդահամարի կազմակերպման համար նախապատրաստական բոլոր աշխատանքներն արդեն իրականացված են՚: Այդ մասին են զեկուցել նախագահ Բակո Սահակյանին: Կատարված աշխատանքները երկրի ղեկավարը դրական է գնահատել: Այնուամենայնիվ, նաեւ դիտողություններ եւ հանձնարարականներ են հնչել: ՙՍտացանք կոնկրետ հանձնարարականներ: Նախագահը կարեւորում է հատկապես հասարակության շրջանում բացատրական, ինչ-որ տեղ նաեւ՝ քարոզչական աշխատանքների իրականացումը, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի լավ պատկերացնեն համապետական այդ միջոցառման կարեւորությունը եւ դրան պատասխանատվությամբ մոտենան՚,- խորհրդակցության ընթացքում հնչած հանձնարարականներից մի քանիսն առանձնացնում է Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը: Հընթացս, նաեւ նկատված փոքր խնդիրներն են փորձելու կարգավորել՝ մինչեւ մարդահամարի մեկնարկը: ՙԴեռ 3-4 օր ունենք նկատված խնդիրները կարգավորելու համար: Որոշ տեղամասերում խնդիրներ ենք հայտնաբերել, որոնք կկարգավորվեն առաջիկա օրերին: Դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները, ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական: Եվ համոզված եմ, որ մենք ի վիճակի ենք կատարել մեր առջեւ դրված խնդիրները: Առավել եւս, որ նախագահ Սահակյանն այսօր պատկան մարմիններին հրահանգեց ամեն կերպ աջակցել մարդահամարի իրականացման գործընթացին՝ կարեւորելով նաեւ համապետական այս միջոցառման քաղաքական ասպեկտները՚,- ընդգծում է Կարեն Ներսիսյանը: ՙԿան որոշակի խնդիրներ՝ կապված որոշ հեռավոր բնակավայրերում հաշվարարների տեղափոխման, տվյալների հավաքագրման, ինչպես նաեւ հաշվարարների աշխատանքը վերահսկելու հետ: Հույս ունենք, որ առաջիկա օրերին այդ խնդիրներն էլ կկարգավորվեն՚,- լավատես է ԱՎԾ նախագահի տեղակալ, մարդահամարի վարչության պետ Միքայել Սողոմոնյանը: Նոյեմբերի 28-ից սկսվելու է մարդահամարի հետ կապված նախնական շրջագայությունը: Յուրաքանչյուր հաշվարար, շրջելով իր տեղամասում, իր եւ հարցվողների համար կկազմի բուն մարդահամարի օրերին իր շրջագայության գրաֆիկը: Մարդահամարը կանցկացվի դեկտեմբերի 1-9-ը:

ՙԱԱ՚