[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՊԻՍԻ ԱՐՀԱՎԻՐՔ ԷԼ ՈՐ ԼԻՆԻ՝ ՀԱՅԻ ԱՆՆԿՈՒՆ ՈԳԻՆ ԸՆԿՃԵԼԸ ԱՆՀՆԱՐ Է

Արցախում հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

 1988-ին հայ ժողովուրդը երկու մեծ ցնցում ապրեց։ Դրանցից առաջինը Ղարաբաղյան շարժումն էր, որը վերաճեց ազգային-ազատագրական պատերազմի և ավարտվեց հայ ժողովրդի հաղթանակով։ Չնայած մարդկային և նյութական մեծ կորուստներին, Արցախը ձեռքբերեց անկախություն և արդեն երկու տասնամյակից ավելի է՝ Մայր Հայաստանի հետ միասին շարունակում է կառուցել իր կյանքը։ Հաջորդ ցնցումը Սպիտակի երկրաշարժն էր, որը հողին հավասարեցրեց Հայաստան աշխարհի հյուսիսային մասը՝ ընդգրկելով երկրի տարածքի 40 տոկոսը։ Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը 25 հազար էր։ Զարհուրելի իրողություն, որը զուգադիպեց 88-ի խառնակ օրերին, երբ Բաքուն, Մոսկվայի թողտվությամբ, ամեն կերպ փորձում էր ճնշել համազգային շարժումը, երբ դեռ չէր չորացել սումգայիթյան անմեղ զոհերի արյունը… Անսպասելի կույր տարերքը հանկարծակիի բերեց արտակարգ իրավիճակներում գործելու կոչված կազմակերպություններին ու ծառայություններին։ Հայ ժողովրդի համար ծանր փորձության ժամին աշխարհի տարբեր ծագերից օգնության հասան փրկարար ջոկատներ, կամավորականներ, բժիշկներ, շինարարներ, զինվորականներ։ Աշխարհի մարդկության գութը շարժվեց… Մեր ժողովուրդն իր առասպելական ուժով հերթական անգամ դիմացավ արհավիրքին։ Քանդվածը վերաշինվեց, մոխրակույտերից նորից վեր խոյացան ավերված գյուղերն ու քաղաքները՝ արար աշխարհին ցույց տալով, որ ինչքան էլ խոցեն՝ հայի ձեռքն ընդունակ է է կրկին շենացնելու իր պապենական օջախը։ Երեկ կրկին մարդաշատ էր Ստեփանակերտի հուշահամալիրը, որտեղ հենց խռովահույզ 88-ին ձեռնամուխ եղել ու կարճ ժամանակում կանգնեցվել է երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանը։ Մարդկանց հոսքը դեպի կորստի ցավից ծնված կոթող սկսվել էր վաղ առավոտից։ Աղետի զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին գալիս մեծ ու փոքր՝ դպրոցական, ուսանող, շինարար ու բանվոր, մանկավարժ ու զինվորական, քաղաքական գործիչներ ու պետական այրեր։ Նրանք գլուխ էին խոնարհում ու նաև աղոթում, որ տառապած ազգն ու երկիրը հեռու մնան ամեն տեսակ փորձությունից, աղետներից։ Առավոտից Հուշահամալիր այցելեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ։ Հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին երկրի իշխանությունների, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի, պետական տարբեր գերատեսչությունների կողմից։ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի և ոգեկոչման արարողություն։ 25 հազար զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումները աշխարհին կրկին հավաստերին, որ հայը շարունակում է ապրել, մաքառել ու արարել։ 1988-ի դեկտեմբերի 7-ի ողբերգության և Սպիտակի երկրաշարժի դասերի մասին մեզ հետ կիսվեցին արարողության մասնակիցները։ Աշոտ ՂՈՒԼՅԱՆ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ. - 1988-ի երկրաշարժը չսպիացող վերք է. դեռ երկար, շա՛տ երկար տարիներ մենք կհիշենք ահավոր բնական աղետի պատճառած հետևանքների մասին։ Մեր ազգի համար ծանր այդ տարում՝ Ղարաբաղյան շարժման սկզբնափուլում տեղի ունեցած արհավիրքը ցույց տվեց, որ հայի աննկուն ոգին ընկճել հնարավոր չէ։ Աղետի լուրը տարածվելով ողջ աշխարհով՝ Հայաստանի վրա բևեռեց Սփյուռքի հայության և ընդհանրապես մարդկության ուշադրությունը։ Հայ ժողովրդի վիշտը կիսում էին նախկին հզոր տերության մեջ ապրող բոլո՛ր-բոլոր ժողովուրդները։ Համոզված եմ, որ հենց այդ ժամանակ ձևավորված միասնությունն ու միաբանությունն է հետագայում մեզ հնարավորություն ընձեռել հաղթահարել բազում դժվարություններ։Ամեն տարի դեկտեմբերի 7-ին գալիս ենք սրբավայր դարձած Հուշահամալիր, հարգանքի ու հիշատակի տուրք ենք մատուցում անմեղ զոհերին և վերհիշում ծանր իրադարձությունները՝ պատկերացնելով, թե ի՞նչ կլիներ, եթե իրար թև ու թիկունք չլինեինք։ Սա առիթ է նաև մեկ անգամ ևս հասկանալու, որ միաբանությամբ է հնարավոր դիմակայել բոլոր տեսակի մարտահրավերներին։ Իսկ հետագայում արդեն հայտնի միաբանությունը մեզ թույլ է տվել հաղթանակած դուրս գալ Արցախյան պատերազմից։ Ասեմ, որ Արցախից էլ բազմաթիվ մարդիկ են մեկնել Աղետի գոտի և օգնություն ցուցաբերել տուժածներին։ Կարծում եմ, առաջին անգամ հենց այդ ժամանակ արտահայտվեց Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ուժը։ Վիլեն ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ, Ստեփանակերտի հ.6 հիմնական դպրոցի տնօրեն.- Դեկտեմբերի 7-ը մեր ազգի համար մնաց որպես սգո խորհրդանիշ։ Ամեն տարի դեպի հուշահամալիր ձգվող բազմամարդ երթը մեկ անգամ ևս վկայում էր, որ տարիներ առաջ Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի պատճառած համազգային վերքերը ոչ միայն չեն մոռացվել, այլև շարունակում են հիշվել նույն ցավ ու կսկիծով, խոնարհմամբ ու խնկարկումով։ Անշուշտ, նման արարողությունները ևս յուրօրինակ դաս են մատաղ սերնդի համար՝ ազգի պատմությունը լավ իմանալու, բոլոր տեսակի իրադարձությունները հիշելու համար։ Դպրոցում նույնպես բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում, և բոլորն էլ միտված են մեկ նպատակի՝ սերունդներին պահ տալու հիշողությունը, մեր ազգի անցյալը։ Ընդհանրապես բնական աղետներին դժվար է նախապատրաստվել, բայց, կարծում եմ, իրավասու համակարգում խնդիրները ճիշտ լուծելու պարագայում շատ ավելի պատրաստ կլինենք բնության մարտահրավերներին։ Ըստ իս՝ սա է այն ամենակարևոր դասը, որ պիտի սերտենք մենք և մեր գալիք սերունդները։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ