ՄԵԶ ՓՈՔՐ¬ԻՆՉ ՊԱԿԱՍՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ

 ասում է Դրմբոնի համայնքի ղեկավար Սուրեն ՇԱԲՈՅԱՆԸ

 Մարտակերտ շրջկենտրոնից շուրջ 30 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Թարթառ գետի աջ ափին է տարածվում Դրմբոն գյուղը։ Նրա շրջակայքում են գտնվում Մանդուռ եկեղեցին (12-րդ դար), Ճոխտակ խաչ, Մուքին խաչ սրբավայրերն ու ՙՂլբենին խաչ՚ խաչքարերի խումբը։ Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի առաջին իսկ օրերից, ինչպես հանրապետության մյուս բնակավայրերում, այնպես էլ Դրմբոնում կազմավորվել են աշխարհազորայինների և կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք սկզբում առանձին, այնուհետև նորաստեղծ ԼՂՀ պաշտպանության բանակի կազմում մասնակցել են Մարտակերտի և Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Դրմբոնի ազատագրումից հետո (1993թ. փետրվարի 12) այստեղ են տեղակայվել Մարտակերտի պաշտպանական շրջանի շտաբը՝ իր ստորաբաժանումներով, և ՊՊԿ-ի լիազոր-ներկայացուցչությունը։ Իսկ ՊՊԿ լիազոր-ներկայացուցիչն այնտեղ եղել է համայնքի ղեկավար Սուրեն Շաբոյանը, ով երեք տասնամյակ շարունակ Դրմբոնի գյուղապետն է (1982 թվականից)։ Արցախյան պատերազմի տարիներին կատարել է ՊՊԿ նախագահ Ռ. Քոչարյանի հատուկ հանձնարարականները։ Հայրենիքին մատուցած նրա ծառայությունը բարձր է գնահատվել երկրի ղեկավարության կողմից, որի ապացույցը ԼՂՀ Նախագահի կողմից ստացած ՙԵրախտագիտություն՚ մեդալն է։ Շուրջ 570 բնակիչ ունեցող Դրմբոնում (մինչ Ղարաբաղյան շարժումը Կոճողոտի հետ միասին 1700 բնակիչ կար) հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ։ Բայց գյուղացիների մեծ մասն աշխատում է տեղում՝ 2002-ին ՙՎալեքս Գրուպ՚ ընկերության հիմնադրած ՙԲեյզ Մեթըլս՚ հանքարդյունաբերական համալիրում։ Հարակից գյուղերի բնակչության մոտ 90 տոկոսը ևս աշխատում է նշված ընկերությունում։ Թեև Դրմբոնի հանքավայրի պաշարներն արդեն սպառվում են (ինչին առանց ուշանալու փոխարինելու եկավ Կաշենի հանքավայրը), ընկերությունը շարունակում է շուրջօրյա ռեժիմով աշխատել և աշխատանքով ապահովել ոչ միայն Մարտակերտի շրջանի բնակիչներին, այլև շատ ու շատ հայաստանաբնակների, ինչպես նաև՝ շարունակում է մնալ Արցախի խոշոր հարկատուներից մեկը։ Որ գյուղն օրեցօր զարգանում է՝ այդ մասին երկու կարծիք լինել չի կարող։ Ս. Շաբոյանի խոսքով՝ շնորհիվ ՙԲեյզ Մեթըլս՚-ի՝ երիտասարդներն սկսեցին մնալ գյուղում, կապվել իրենց ծննդավայրին։ Այսօր 180 ընտանիք է ապրում Դրմբոնում։ Բարելավվել է մարդկանց ապրելակերպը, ժամանակակից տեխնիկան մուտք է գործել գրեթե ամեն մի ընտանիք։ Բացի այն, որ մարդիկ հիմնական աշխատանք ունեն հանքարդյունաբերությունում, ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունը գյուղում նաև բարեգործական ծրագրեր է իրականացնում. տարբեր խնդիրներով աջակցում է դպրոցին, բազմազավակ ընտանիքներին, և, իհարկե, համայնքին։ Չկա մի հարց, որով դիմեն ընկերությանը և չստանան նրա աջակցությունը, ասում է համայնքի ղեկավարը։ Բնակավայրի զարգացմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ շրջանի հետ կապող գլխավոր ճանապարհն անցնում է Դրմբոնի մոտով։ Գյուղը գազիֆիկացված է դեռևս խորհրդային տարիներից։ Շնորհիվ գործունյա գյուղապետի՝ շաբաթօրյակների միջոցով՝ գյուղաբնակների ներուժով լուծվում են բոլոր օրախնդիր հարցերը՝ հատկապես կապված գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման, ջրամատակարարման աշխատանքների հետ։ Դրմբոնի ամենամեծ խնդիրն այսօր ջրի պաշարներ չունենալն է։ Ըստ համայնքի ղեկավարի՝ խնդրի միակ լուծումը հորատման միջոցով՝ արտեզյան ջրհորի տեսքով ջուր ունենալն է։ Հանրապետության կառավարությունում տեղյակ են խնդրին, և այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրեր են մշակվում։ Գործադիրը վերջերս ջրախողովակներ է տրամադրել՝ ջրատար ցանցի անցկացման համար, որոնց մեծ մասն արդեն տեղադրվել են։ Լուծման փուլում գտնվող խնդիրների շարքում Ս. Շաբոյանը մատնացույց արեց հանդիսությունների տան կահավորումը, որը ավարտին կհասցվի մոտ ժամանակներս։ Օրախնդիր է գյուղտեխնիկայի հարցը, որը նույնպես բարձրացվել է կառավարությունում՝ գյուղապետի կողմից։ Լիզինգային եղանակով այդ խնդիրը ևս կլուծվի, խոստացել են։ Ընդհանրապես գյուղում կատարված աշխատանքներից ամենակարևորը, որն արվել է համայնքի միջոցներով, երկու թաղամասերը միացնող կամուրջի կառուցումն է։ Երեխաները սելավների ժամանակ չէին կարողանում դպրոց հաճախել, իսկ հիմա, փառք Աստծո, լուծվել է այդ խնդիրը ևս, գոհունակությամբ փաստում է համայնքապետը։ Ավարտական փուլ է թևակոխել զոհված ազատամարտիկների հուշահամալիրի կառուցումը։ Համագյուղացի Լավրենտ Ղալայանի նախաձեռնությամբ (ով նաև շինարարն է) և Վյաչեսլավ Ղազարյանի հովանավորությամբ սկսվել են կառուցման աշխատանքները։ Ցավոք, հովանավորը, ով սկզբի համար գումար էր տրամադրել, հրաժեշտ է տվել երկրային կյանքին։ Այժմ հուշահամալիրի հովանավորչությունն ստանձնել են գեներալ Մանվել Գրիգորյանն ու ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունը։ Քանի որ վերջին տարիներին դրմբոնցիները հիմնականում զբաղվել են հանքարդյունաբերությամբ՝ գյուղատնտեսությունը համայնքում հետին պլան է մղվել։ Դրմբոնն ունի 53,6 հա սեփականաշնորհված հող։ Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ աշնանացանի տակ կատարվել է ընդամենը 22 հա հացահատիկի ցանքս (ցորեն և գարի)։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում գարնանացանի համար։ Կառավարությունն անհատույց տրամադրել է կորնգանի սերմ, որը ցանվել է շուրջ 15 հա-ի վրա։ Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա բերքին՝ համայնքի ղեկավարն այնքան էլ գոհ չէ արդյունքներից. երաշտ է եղել, ասում է, մեկ հա-ից 18 ցենտներ բերքը քիչ է։ Դրմբոնցիները տնամերձ հողամասեր ևս ունեն, որտեղ ցանում են բանջարաբոստանային մշակաբույսեր։ Դրանց մի մասն իրենց սեփական կարիքներն է բավարարում, մյուս մասն էլ վաճառում են։ Գյուղն ունի դպրոց, բուժկետ, հանդիսությունների տուն, գրադարան։ Ակումբը գտնվում է գյուղապետարանի շենքում։ Մշակութային կյանքը թեև այնքան էլ աշխույժ չէ, գյուղի դպրոցականների ուժերով, ինչպես նաև դրսից ժամանող երգիչների, առանձին խմբերի շնորհիվ երբեմն¬երբեմն միջոցառումներ լինում են։ Հաճելի է, որ ակումբի նստարանները նոր են։ Գյուղապետարանի շենքը հրետակոծվել էր ազերիների կողմից. համայնքի ղեկավարն այն իր միջոցներով է վերանորոգել, հանդիսությունների տունը՝ նույնպես։ Կառավարության կողմից հայտարարված ամենամյա մրցույթում Դրմբոնի համայնքը 6 մլն դրամ է շահել, և այն հատկացվել է գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը։ Ս. Շաբոյանի խոսքով՝ համայնքի բյուջեն կազմում է մինչև 8 մլն դրամ։ Չկա այնպիսի տարի, որ չկարողանան բյուջեի եկամտային մասը կատարել և օգտվել 13-րդ աշխատավարձից, հավաստիացնում է նա։ ՙՄեր ամբողջ դարդն ու ցավը ջրատար ցանցի անցկացումն է,- ասում է մեր զրուցակից,- անգամ Միշել Տանքրեզին եմ խնդրել, որ օգնի այդ հարցում։ Ի դեպ, նշեմ, որ Ֆրանիսայի մեր բարեկամը մի շարք հարցերում ևս աջակցել է գյուղին։ Մասնավորապես վերանորոգվել է բուժկետի շենքը, ջուր է անցկացվել այդ հիմնարկի համար։ Գյուղի բնակչության մի մասն էլ՝ շուրջ 30 ընտանիք, առիթից օգտվելով, ջուրը հասցրել է բնակարանները։ Բայց մեր գյուղի ջրի խնդիրն իր վերջնական լուծումը կստանա ջրամբարի կառուցումից հետո, ինչն էլ նախատեսում ենք անել՚։ Գործազուրկ չկա գյուղում, ծայրահեղ աղքատ՝ նույնպես։ Բազմազավակ մի քանի ընտանիքներ կան. դրանցից մեկն ունի 9 երեխա, 4-ը՝ 5 և ավելի երեխաներ։ Նրանց բնակարանային խնդիրը պետության ուշադրության կենտրոնում է։ Վեց երեխա ունեցող մեկ ընտանիքի համար բնակարան է կառուցվել, մեկի կառուցումն էլ ընթացքի մեջ է։ Մեկ այլ բազմաերեխատերի բնակարան վերանորոգվում է։ Բացի այդ, պետության կողմից համայնքին շինանյութ է հատկացվել՝ զոհվածների ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու համար։ Դրմբոնում գործում են ՙԱրցախբանկի՚ մասնաճյուղը, ՙՂարաբաղ Տելեկոմը՚։ Աշխատանքը սիրող, աշխատողին գնահատող անձնավորություն է Սուրեն Շաբոյանը, ով առավել շատ մտահոգված է իր երկրի անվտանգության, նրա սահմանների ամրության ու պաշտպանության հարցով։ ՙՄեզ փոքր¬ինչ պակասում է ազգային մտածելակերպը,¬ ասում է Սուրեն Շաբոյանը,¬մարդիկ ավելի շատ սիրում են բողոքել, քան՝ աշխատել։ Երբեմն խոսում են տնտեսությունների խոշորացման մասին. դեմ չեմ, բայց կան համայնքների ղեկավարներ, ովքեր իրենց գյուղի բարգավաճման ու բնակչության մասին նորմալ չեն էլ մտածում, էլ ո՞ւր մնաց մեկ այլ գյուղի համար էլ մտածեն։ Որպես հիշեցում ուզում եմ ասել իմ հայրենակիցներին՝ աշխատասիրություն և կրկին աշխատասիրություն՝ սա՜ պետք է դառնա յուրաքանչյուրիս կենսագործունեության բանաձևը։ Յուրաքանչյուր մարդ, անգամ շարքային գյուղաբնակը, ունի իր առաքելությունը։ Լիարժեք մշակիր այգիդ, հարստացրու հայրենիքդ։ Տեր կանգնիր այս հողուջրից սերված նահատակներիդ պատգամին և լավագույնս կզգաս այդ առաքելության իմաստը՚... 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ