Logo
Print this page

ՙԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՍԱԴՐԻՉ ՈՒ ԱՆՀԵՌԱՏԵՍ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳԾՈՒՄ ՄԵԾԱՑԵԼ Է…

՚ ՙԱԱ՚-ի թղթակցի հարցերին պատասխանում է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ

 - Տարեմուտ է… Ասել է թե՝ եկել է հաջողությունները ժողովելու ժամանակը։ Ի՞նչ տվեց մեզ 2015թ. բանակային տարին:

- Անցնող 2015 թվականին Արցախի զինված ուժերի համար հաջող և արդյունավետ տարի էր բանակաշինության տեսանկյունից: Հետադարձ հայացք ձգելով՝ կարելի է վստահորեն նշել, որ տարվա ընթացքում բանակի ղեկավարման համակարգի, շտաբների, բոլոր աստիճանի հրամանատարների ու նրանց ենթակա անձնակազմի մարտավարամասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեսական ու գործնական պարապմունքները, մարտական հրաձգությամբ զորավարժությունները, արդի պահանջներին համահունչ սպառազինությամբ ու զինտեխնիկայով համալրումը նպաստել են բանակի մարտունակության բարձրացմանը: Բավականին մեծ աշխատանք է տարվել առաջնային գծի ամրապնդման, ինժեներական կառույցների ու արգելափակոցների ամրացման, մարտական հերթապահության համար ավելի անվտանգ պայմանների ստեղծման և թիկունքային ապահովման ուղղությամբ: Ուշադրության կենտրոնում են եղել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության խնդիրները, ինչի արդյունքում շուրջ 200 ընտանիք այս տարի ամանորը կդիմավորի նոր բնակարաններում: Այս ամենով հանդերձ, Պաշտպանության բանակի ամենամեծ ձեռքբերումը համարում եմ մեր հայրենիքի սահմանների անառիկության և ժողովրդի անվտանգության ապահովումը:

- Պարոն գեներալ, կխնդրեինք ընդհանուր ուրվագծերով ներկայացնել 2016¬ի անելիքները:

- Արդեն իմ կողմից հաստատվել է նոր տարվա բանակային հիմնական միջոցառումների պլան-գրաֆիկը: Պլանավորված բոլոր գործընթացները նպատակաուղղված են լինելու Պաշտպանության բանակի՝ տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը լինելու համբավի և նախորդ տարիների ձեռքբերումների պահպանմանը, մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովմանը:

- Լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգ տեսնում ե՞ք, եթե այո, ապա՝ ի՞նչ բնույթի…Ի՞նչ եք մտածում հակառակորդի, նրա իրական ուժի ու հոխորտանքների առնչությամբ:

- Քանի դեռ հակամարտող կողմերի միջև ստորագրված չէ զինադադարի հաստատման մասին վերջնական պայմանագիր, պատերազմի վերսկսման վտանգն իրական է: Պաշտպանության բանակն իր ամենօրյա գործունեության ընթացքում պատրաստվում է պատերազմի և հակազդող ու կանխարգելիչ գործողություններով ապահովում տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը: Որովհետև եթե խաղաղություն ես ցանկանում, միշտ պետք է պատրաստ լինես պատերազմի: Ադրբեջանական կողմի սադրիչ ու անհեռատես մարտավարության արդյունքում լարվածությունը առաջնային գծում մեծացել է: Եթե տարիներ շարունակ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվում էր հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, ապա 2015թ. մարտից հակառակորդն աստիճանաբար մեծացրեց կիրառվող զինատեսակների տրամաչափը՝ օգտագործելով ականանետներ ու ռեակտիվ հրթիռային կայանքներ և 1994թ. մայիսին ստորագրված կրակի դադարեցման մասին համաձայնագրից ի վեր առաջին անգամ գործողության մեջ դրեց 122 միլիմետրանոց Դ-30 տիպի հաուբից հրանոթ: Իրավիճակի նման շարունակականության դեպքում բացահայտ լայնածավալ գործողությունների հավանականությունը մեծանում է: Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ պետք է նշեմ, որ տարիներ շարունակ օգտագործելով Կասպյան ընդերքից ստացվող եկամուտները, Ադրբեջանը մեծ գումարներ էր ներդնում բանակի արդիականացման և սպառազինության ձեռքբերման նպատակով: Սակայն եթե ուշադրություն դարձնեք գնված միջոցներին, կտեսնեք, որ դրանց համարժեքն արդեն առկա է հայկական զինանոցում, և որևէ կերպ ուժերի հարաբերակցությունը չի փոխվել: Իսկ Ադրբեջանի նախագահի հոխորտանքները մի քանի նպատակ են հետապնդում. առաջինը՝ քաղաքական, որով փորձ է արվում ԼՂ հիմնախնդրով զբաղվող միջազգային կառույցների վրա ճնշում գործադրել՝ առաջնագծում անընդհատ սադրիչ գործողություններ հրահրելով և իրենց անհանդուրժողականությունը ցուցադրելով իրերի ներկա վիճակի նկատմամբ: Երկրորդ՝ Ալիևը բարձրագոչ հայտարարություններով փորձում է ադրբեջանցիների մոտ ռևանշիստական տրամադրությունները պահպանել՝ չբացառելով հիմնախնդրի կարգավորման ռազմական տարբերակը: Եվ երրորդ՝ հայկական կողմի վրա բարոյահոգեբանական ազդեցություն թողնելը:

- Այսօր, առավել քան երբևէ, կարևորվում է բանակ-հասարակություն կապի սերտացումը, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են, սակայն անելիքներն էլ քիչ չեն… Ձեր կարծիքը, վերաբերմունքը (գուցե և՝ առաջարկությունները) այդ առնչությամբ: Ի վերջո, բանակը սնուցող երակը հասարակությունն է:

- Պաշտպանության բանակի հրամանատարությունը մեծ տեղ է հատկացնում բանակ-հասարակություն կապերին և ամեն ինչ ձեռնարկել ու ձեռնարկում է նմանօրինակ դրսևորումներն ակտիվացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Այդ անխափան կապի շնորհիվ բանակը դարձել է ավելի բաց ու թափանցիկ կառույց: Այսօր գործում են պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը, զինվորական առօրյայով մտահոգ բազմաթիվ կազմակերպություններ, որոնք հաճախակի լինում են զորամասերում, առաջնագծում, սպայական ավաններում և փորձում են վեր հանել դեռևս լուծում պահանջող հարցերը: Զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների սահմանման և արատավոր բարքերի դեմ պայքարելու ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվել, բայց դեռևս կան անելիքներ: Սակայն արատավոր բարքերի դեմ բանակը միայնակ չի կարող արդյունավետ պայքարել: Այս ուղղությամբ անելիք ունեն բոլորը՝ սկսած ընտանիքներից, ուսումնական հաստատություններից, վերջացրած հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներով: Որովհետև միայն գաղափարապես ու հոգեբանորեն ճիշտ դաստիարակված և ծառայությանը գիտակցաբար մոտեցող զինվորի միջոցով է հնարավոր դիմագրավել մեր առջև ծառացած մարտահրավերներին:

- Ինչպե՞ս և որտե՞ղ եք պատրաստվում դիմավորել Ամանորը: Եվ, իհարկե, Ձեր բարեմաղթանքները մեր ժողովրդին ու զինվոր-զորականին:

- Ամանորը պատրաստվում եմ դիմավորել առաջնային գծում՝ դիրքապահ զինվորի հետ: Եվ օգտվելով առիթից՝ բանակի հրամանատարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՊԲ ողջ զինանձնակազմին, արցախյան ազատամարտի վետերաններին, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին ու մեր բոլոր հայրենակիցներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բոլորին մաղթում եմ անձնական երջանկություն, ստեղծագործ աշխատանք և անփորձանք ծառայություն՝ ի շահ մեր երկրի հետագա հզորացման: Թող 2016 թվականը մեր պետության, բանակի և ժողովրդի համար լինի խաղաղության ու նորանոր ձեռքբերումների տարի:

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.