[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Սահմանին վերջին ամիսների լարվածության և լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին շրջանառվող լուրերի համապատկերին պատահական չէր լրագրողների մտահոգությունը, թե կառավարությունը որքանով է պատրաստ բնակիչների ու երկրի անվտանգության պաշտպանությանը։

Վարչապետը խոստովանեց, որ այս ընթացքում իրոք եղան օրեր, երբ թվում էր, թե վաղն արդեն պատերազմ է։ ՙԻհարկե՝ ոչ մեր կամքով, ոչ մեր կողմից հրահրված, բայց պատերազմին մենք միանշանակ պատրաստ ենք՚, ասաց կառավարության ղեկավարը։ Այսօր մենք ավելի սպառազինված, կանոնավոր, մարտական առաջադրանքի պատրաստ բանակ ունենք։ Սա ևս միանշանակ է։ Այնպես որ, Աստված մի արասցե, եթե անգամ պատերազմ լինի, պաշտպանության առումով մենք պատրաստ ենք։ Ինչ վերաբերում է պարենային, էներգետիկ անվտանգությանը, տարհանման, քաղպաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապա ոչ թե վերջին 1,5 տարվա ընթացքում, երբ դրությունն առավել լարված է, այլ իր գործունեության ողջ ընթացքում գործադիրը մեխանիզմներ է մշակում։ Եվ խնդիրը ոչ միայն պետական պահուստ ստեղծելու մեջ է. Ա. Հարությունյանի խոսքով՝ խթանվում է պարենային անվտանգության ցանկում ընդգրկված ապրանքների արտադրությունը, կան մեխանիզմներ՝ հումքի, արտադրանքի ձևով պահուստ ապահովելու համար, ինչը ֆորսմաժորային իրավիճակում պիտի կիրառվի երկրի անվտանգության ապահովման գործում։ Աշխատանքներ են ծավալվել նաև քաղպաշտպանության ոլորտում, որի մասին որոշ մանրամասներ ևս ներկայացվեցին։

* * *

Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղը ՀՆԱի աճի բարձր տեմպեր է գրանցել։ Համաշխարհային ընդհանուր ֆինանսատնտեսական անկայուն վիճակում դա բացառիկ երևույթ է։ Չնայած դրան, անցնող տարվա ընթացքում ԼՂՀ-ն Հայաստանի Հանրապետությունից 8% տոկոսադրույքով 20 մլն դոլար վարկ է վերցրել։ Վարչապետի խոսքով՝ ԼՂՀ բյուջեն կազմվում է դեֆիցիտով, ինչը ենթադրում է լրացուցիչ ռեսուրսների ներգրավում։ Նման քայլը կառավարության ղեկավարը հիմնավորում է այս հանգամանքով։ Այլ պետությունների՝ արտաքին ռեսուրսներ ներգրավելու կամ էմիսիայի հնարավորություն Արցախը չունի և այդ բացը լրացնում է ներքին պարտքերի միջոցով։ Այդ վարկամիջոցները, Ա. Հարությունյանի պարզաբանմամբ, տրամադրվում են փոխառությունների ձևով՝ երկարաժամկետ ծրագրերի համար, քանի որ սեփական միջոցները բավարար չեն պետության կարևոր նշանակության մի շարք նախագծեր կյանքի կոչելու համար։ Վարչապետը նշեց, որ չպետք է խուսափել տնտեսության մեջ վարկեր ներգրավելուց։ Նա Արցախի համար ամենամեծ խնդիրը համարում է այն, որ միջպետական կառույցների կողմից տրամադրվող վարկային միջոցներից, արտոնյալ ծրագրերից մեր երկիրն օգտվել չի կարող։ Պատճառները տարբեր են, այդ թվում՝ նաև քաղաքական։ Արցախի կառավարությունը շահագրգռված է և ջանքեր չի խնայում տնտեսության մեջ ներգրավել արտասահմանյան ներդրումներ։ Բարեբախտաբար, նման ներդրողներ կան, այդ ներդրումներով իրագործված հաջողված նախագծեր՝ նույնպես։

***

Տնտեսական ձեռքբերումների ու ներքին չօգտագործված ռեզերվների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ա. Հարությունյանն ասաց, որ դրական միտումների գնահատականն առաջին հերթին տալիս է տնտեսական աճի ցուցանիշը։ Այդ մասին երկար կարելի է խոսել։ Վարչապետն առանձնացրեց արտաքին ներդրումների ավելացումը, մեծ թվով տնտեսական նախագծերի իրականացումը։ Ինչ վերաբերում է ներքին ռեզերվներին, ըստ նրա, դրանք շատ են, մի մասն էլ բացահայտվում է ընթացքում։ Կառավարությունը մեծ հեռանկարներ է տեսնում գյուղատնտեսության ոլորտում։ Վարչապետի բնութագրմամբ՝ այստեղ ռեսուրսներն անսահմանափակ են։ Հիդրոէներգետիկայի զարգացման համար ևս կան բարենպաստ պայմաններ, ունենք հարուստ ընդերք։ *** Շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Եվրասիական տնտեսությանը։ Եվ քանի որ Արցախը Հայաստանի հետ նույն տնտեսական դաշտում է, պետք է որ դրական միտումներ լինեն ԼՂՀ տնտեսության մեջ։ Ի՞նչ է տվել այդ անդամակցությունն Արցախին, այս մասին Ա. Հարությունյանն ասաց, որ որոշակիորեն հեշտացել է Արցախի տնտեսվարող սուբյեկտների գործնական հարաբերությունները ԵՏՄ անդամ երկրների հետ։ Ընդհանուր առմամբ՝ միտումները դրական են։ Այլ գնահատական վարչապետը չտվեց, հատկապես որ ԵՏՄ անդամ երկրներն այսօր խոր տնտեսական ճգնաժամ են ապրում։

***

Հասարակությանը, նշանակում է նաև լրագրողներին ամենաշատ հետաքրքրող թեման կառավարության օպտիմալացման քաղաքականությունն էր և արդյունքում՝ կրճատված մեքենաների գործընթացն ու հետագա ճակատագիրը։ Ինչո՞ւ է կառավարությունը գնացել այդ քայլին, դա նշանակո՞ւմ է, թե մինչ այդ կառավարման սխալ ուղի էր ընտրված։ Ա. Հարությունյանը նշեց, որ կառավարման օպտիմալացման անհրաժեշտություն միշտ էլ կար, բայց այն ժամանակին չի կատարվել, քանի որ դրան պետք էր քայլ առ քայլ անցնել՝ տնտեսության զարգացմանը համընթաց։ Օպտիմալացման տեղ այսօր էլ բոլոր ոլորտներում կա. առկա են մի քանի անգամ շատ բյուջետային հաստիքներ, քան անհրաժեշտ է։ Բայց գործընթացը պետք է կատարվի փուլային եղանակով։ Լրագրողները մտահոգություն հայտնեցին այն առթիվ, որ հիմնականում կրճատվում են ներքին ու միջին խավի բյուջետային աշխատողները, ինչը սոցիալական խնդիր է առաջացնում բնակչության շրջանում, մինչդեռ կարիք կա կրճատելու բազմաթիվ խորհրդականների ու օգնականների շարքը, որոնց աշխատավարձերը զգալիորեն կտնտեսեն պետբյուջեի միջոցները։ Ա. Հարությունյանի խոսքով, եթե կան նման հաստիքներ, ասենք վարչապետի շրջապատում, ուրեմն՝ կարիքը կա։ ՙԴրանք կադրեր են, որոնք պատրաստվում են հետագայում տնտեսության տարբեր ճյուղեր կամ կառավարման համակարգում ուղղորդելու համար, ասաց Ա. Հարությունյանը։ Թող այն տպավորությունը չստեղծվի, որ նրանք այսօր աշխատանք չունեն։ Մեծ նախագծերում այդ մասնագետներն օժանդակում են արտաքին ներդրողներին՝ Արցախում բիզնես սկսելու գործընթացում՚։ Ինչ վերաբերում է մեքենաներին, ապա գործընթացը ծավալվել է պետբյուջեի ծախսերը կրճատելու համար, դրանք վաճառվել են համապատասխան կարգով։ Վարչապետը չբացառեց, որ հնարավոր է՝ այդ գործընթացում եղել են չարաշահումներ։ Նրա կարծիքով՝ խնդիրը բարոյական տիրույթում է, և ինքը գնահատական տալ չի կարող։ Խոսք եղավ հանքարդյունաբերական բիզնեսում պետության փայաբաժնի մասին. ոգևորությունն ու ակնկալիքներն ավելի շատ էին։ Այդ ընկերությունները մեծ վնասներ են կրել։ Պատճառներից մեկը միջազգային շուկայական գների տատանումներն էին, կային և այլ գործոններ՝ կապված ոչ ճշգրիտ ուսումնասիրությունների հետ և այլն։ ՙՈրպես ներկա կառավարության ղեկավար, գտնում եմ, որ մենք պատրաստ չենք նման ռիսկերի մի այնպիսի ուղղությունում, որը մշուշոտ է՚, ասաց նա՝ հավելելով, որ պետությունն այսօր կիրառում է փայաբաժին ստանալու լավագույն գործիքը. դա հարկային քաղաքականությունն է՝ ըստ այդ ընկերությունների եկամուտների սանդղակի։

***

ՙԱզատ Արցախ՚-ի հարցերից մեկը վերաբերում էր ՙԱրցախի սոցիալական հիմնադրամ՚-ի միջոցով նախատեսվող վարկավորման գործընթացի հեռանկարին։ Ճիշտ է, հիմնադրամի ծրագրերից մեկը՝ գյուղաբնակ երիտասարդ ընտանիքներին տրամադրվող 3 մլն դրամ աջակցության ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, բայց հիմնական նախագիծը՝ հանրապետությունում արտոնյալ, վարկի տրամադրումը բնակարանների ձեռքբերման համար, չի գործում։ Ա. Հարությունյանը նշեց, որ վարկ տրամադրողը բանկն է, Սոցիալական հիմնադրամը կանխավճարների ու սուբսիդավորման գործընթացների ուղղությամբ է աշխատանք տանում։ Բանկերը խուսափում են վարկեր տրամադրելուց։ Այսօր պետության միակ հնարավորությունն առաջնային շուկայում Հիմնադրամի կողմից ձեռք բերված և տրամադրվող բնակարանների ծրագիրն է։ 2016 թվականն, ըստ վարչապետի, այդ առումով բավական ակտիվ կլինի։ Որքանո՞վ է նպատակահարմար պետբյուջեից տարբեր ծրագրերի սուբսիդավորումը, երբ նույն ծրագրերից այդ գումարները հարկերի ձևով գանձվում են բյուջե։ Չի՞ հակասում այն նույն օպտիմալացման քաղաքականությանը։ Ա. Հարությունյանը գտնում է, որ սուբսիդավորման քաղաքականությունն այսօր անհրաժեշտ է, քանի որ բանկային համակարգը, ՓՄՁ ոլորտը և մի շարք այլ ուղղություններ առանց այդ քաղաքականության ի վիճակի չեն լինի գոյատևել։

Սրբուհի ՎԱՆՅԱՆ