Logo
Print this page

ՆԱԵՎ ՄԵՐ ՇՆՈՐՀԻՎ Է ՊԱՀՊԱՆՎԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

Արդեն 22 ամիս է՝ ծառայում եմ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։

Զորացրվելու եմ հունվար ամսին, ասել է թե՝ ևս մեկ նոր տարի եմ դիմավորելու դիրքերում։ Անցած Ամանորն էլ մարտական դիրքերում եմ դիմավորել։ Այն զգացողությունը, որ ես եմ իմ ընտանիքին, իմ երկրին խաղաղություն ու անվտանգություն պարգևողը, հպարտության անանց պահեր է պարգևում ինձ։ Այս դժվարություններն ու զրկանքները ժամանակավոր են, շուտով, շատ շուտով մեզ հերթափոխելու կգան, այնպես չէ, որ տուն գնալ չենք ուզում, տան կարոտը միշտ տրոփում է մեր սրտում, բայց այն զգացողությունը, որ հայրենիքը մեր ծառայության կարիքն ունի, լիցքեր է հաղորդում մեզ, պատասխանատվության կոչում։ Երբ նոր էի զորակոչվել և աղոտ պատկերացում ունեի ծառայության վերաբերյալ, չգիտեի, որ այսքան մեծ պատասխանատվություն եմ ստանձնելու։ Ծառայության երկու տարիները կոփեցին մեզ։ Հակառակորդի չափազանց մեծ ակտիվությունն ու նենգ դիտավորությունները մեզ պարտադրեցին, որ առավել զգոն և զգույշ լինենք, չերկնչենք դժվարություններից։ Գաղտնիք չէ, որ արտակարգ իրավիճակներում է մարդ կոփվում, ինքնադրսևորվում։ Կարծում եմ՝ ես և իմ ընկերները պատվով ենք քննություն բռնել, դիմակայել փորձություններին։ Մենք կոփվել ենք ֆիզիկապես, ամրացել հոգեպես։ Բանակը մեզ շատ բան է սովորեցրել, դարձել ենք հայրենիքի զգոն, արթուն պահապաններ, ու նաև մեր ծառայության շնորհիվ է պահպանվել խաղաղությունը։ Չեմ ափսոսում, որ երկրորդ Նոր տարին էլ ընտանեկան միջավայրում չեմ լինելու, կարևորը՝ իմ երկիրը խաղաղ լինի, ծնողներս ու ընկերներս՝ պաշտպանված։ Իսկ ես ընտանիքիս ու ընկերներիս հետ դեռ շատ տոներ պիտի դիմավորեմ։ Դիրքապահ ընկերներիս մաղթում եմ խաղաղ ու անփորձանք ծառայություն։ Թող ոչ մի մոր աչք կորստյան արցունքներ չտեսնի։ Իսկ մեր ժողովուրդը թող վստահ լինի. 2016¬ը ևս խաղաղության տարի կլինի, և այն նրան կպարգևենք ես ու իմ ընկերները։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ 

 Գոռ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ն զորամասի սերժանտ 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.