[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄԸ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՆՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՎՐԱ

Նախաամանորյա հարցազրույց ԼՂՀ  ԿԱ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ

 - Պարոն Աղաջանյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին համակարգի, նաև  Ձեզ համար։ Տարվա ամենանշանակալից ձեռքբերումը։ 

- 2015-ը յուրաքանչյուրիս ապրած կյանքի մեկ տարին է՝ մեր նպատակների, արված ու չարված գործերի, երջանկության ու տխրության, հավատարմության ու նվիրումի, մարդկային պարզ ու շիտակ ցանկությունների հանրագումարով։  Անցնող տարում մենք շարունակել ենք ԼՂՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները, որոնք առաջին հերթին միտված են ՙԱմեն ինչ՝ հանուն  քաղաքացու անվտանգության՚ մեր ուղենիշի լիարժեք ապահովմանը։   Հատկապես արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների կողմից հասարակության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի արդյունքում, առանց չափազանցելու կարող ենք ասել, որ հետևողական քաղաքականության շնորհիվ էականորեն ամրապնդվել են ոստիկանության հանդեպ հավատն ու վստահությունը, ինչի վկայությունը ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին, ինչպես նաև՝ անձամբ ինձ դիմող քաղաքացիների քանակի տարեցտարի նկատվող աճն է։ Մյուս կողմից՝ բարձրացել է նաև մեր աշխատանքի՝ հանրության նկատմամբ  վերահսկողության աստիճանը։ Այսինքն՝ ամենադժվարը կարծրատիպերը կոտրելն է։ Վերջին երկու-երեք տարիներին դա մեզ հաջողվեց, և հասարակությունն այսօր աշխատում է ոստիկանության, իրավապահի հետ, ում մեջ միավորված են ոստիկանն ու քաղաքացին։ 

Անցնող տարվա ամենանշանակալի ձեռքբերումը համարում եմ համակարգը երիտասարդ, բայց նաև շրջահայաց մասնագետներով համալրելուն միտված քաղաքականության շարունակականությունը, ինչի շնորհիվ զգալիորեն բարելավվել է հատկապես հետաքննություն և նախաքննություն իրականացնող ծառայությունների արդյունավետությունը: 

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք գալիք տարում։ Համակարգում նախատեսվո՞ւմ են նոր փոփոխություններ՝ ոստիկանության ծառայության գործունեությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար: 

- Ակնկալիքները շատ են ու բազմապիսի, սակայն դրանք կարող են մնալ որպես զուտ ցանկություն, եթե գործնական քայլեր չձեռնարկվեն իրականություն դարձնելու համար։ Այս առումով նպատակ ունենք որակապես նոր հարթություն տեղափոխել հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այսինքն՝ հիմնական շեշտը պետք է դնել ոչ թե հանցագործությունների բացահայտման, այլև դրանք ծնող պատճառների, հանցանքի  համար նպաստավոր միջավայրի վերացման վրա։ Հանցավոր հակումներ ունեցողը պիտի համոզված լինի, որ հանցագործության կատարման դեպքում հատուցումը չի ուշանա։ ՙՕրենքի առաջ հավասարություն և հասարակական անվտանգության լիարժեք ապահովում՚. այս կարգախոսը պետք է հիմք հանդիսանա մեր ակնկալիքների համար։ 

Համակարգում իրականացվելիք փոփոխությունները, իսկ ավելի հստակ՝ բարեփոխումները միտված կլինեն նշածս սկզբունքների ապահովմանը և այդ կերպ՝ ոստիկանության հեղինակության, ինչպես նաև նրա գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Կանգ առնելը ոչ թե լճացում, այլ հետընթաց կնշանակի։ Ուստի շարունակելու ենք առաջ ընթանալ բարեփոխումների՝ այլընտրանք չունեցող ճանապարհով։ Շարունակելու ենք վերացնել թերությունները, շտկել սխալներն ու բացթողումները, համակարգ բերել նոր մտածելակերպով ու սկզբունքներով օժտված ոստիկանների սերունդ։ Պետք է ձևավորենք այն ոստիկանությունը, որը պահանջում են ժամանակն ու ժողովուրդը։ Այս առումով 2016-ը կլինի ոչ թե հանգրվան, այլ բարեփոխումների նոր սկիզբ։ Համոզված եմ, որ հավատով ու պատվախնդրությամբ կիրագործենք նաև այդ փուլը՝ ևս մեկ քայլ մոտենալով կայացման այն կետին, երբ մեզանից հետո եկողներին արդեն հարկ կլինի ոչ թե ստեղծել նորը, այլ հավելել մեր ստեղծածին՝ հանուն ապագա նորագույնի։ 

- Որտե՞ղ եք դիմավորելու Ամանորը։

- Ընտանիքիս ու ընկերներիս հետ, սակայն մինչ այդ հոգուս և խղճիս պարտքն եմ համարում այցելել շփման գիծ և առաջինը շնորհավորել մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին: 

Թող բարձրագոչ չհնչի՝ բայց ես ոչ միայն իմ ծառայողական մկրտությունն եմ  ստացել սահմանագծում, այլև յուրաքանչյուր տոնական օր անցկացրել եմ զինվորի հետ:  Մանավանդ այսօր՝ հակառակորդի սանձազերծած սադրանքների շրջափուլում, բոլորս պարտավոր ենք մեր գործողություններով մշտապես քաջալերել հայրենիքի պաշտպանին, բարձրացնել նրա մարտական ոգին։ Չէ՞ որ հաղթանակը ձեռք ենք բերել մեր ժողովրդի և նույն այդ զինվորի անձնվիրության շնորհիվ: 

- Ձեր մաղթանքները Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: 

- Առաջին հերթին՝ խաղաղություն հայոց աշխարհին։ Դրա հետ մեկտեղ՝ թո՜ղ  նոր տարում միջազգայնորեն ամրագրվի Արցախի անկախությունը, և մեր նահատակների հոգիներին բարի ավետիս հաղորդենք։ 

Մեր ժողովրդին ցանկանում եմ ամուր առողջություն, անձնական երջանկություն:       Փառք Աստծո, այսօր Արցախը ծաղկում է, ու ես լավատես եմ և համոզված, որ համազգային ցնծության օրը սարերի հետևում չէ, և միասնական Հայաստանն ի զորու է փառքով դիմագրավել մեզ նետված մարտահրավերներին։   

Շնորհավորում եմ բոլորին՝ գալիք Ծննդյան տոների առթիվ։ Թող 2016-ը դառնա համազգային նվաճումների, հայրենանվեր մտահղացումների ու նախաձեռնությունների իրականացման տարի։ 

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ