ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՆՈՐ ՏԱՐԻ ՆՇԵԼՆ ԱՄԵՆԱՊԱՏՎԱՎՈՐ ԳՈՐԾՆ Է

ՙԱզատ Արցախ՚-ի ամանորյա հյուրասրահում ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ է:

 -Պարոն Շահրամանյան, անցյալ տարվա կապիտալ շինարարության ծրագիրը, եթե չեմ սխալվում,  կրճատվել էր ավելի քան 3 մլրդ դրամով: Ինչպե՞ս է այն անդրադարձել Ձեր գործունեության վրա, ի՞նչ արդյունքներով է Քաղաքաշինության նախարարությունն ամփոփել տարին:

-2014 թվականին քաղաքաշինության պետական բյուջեն  կազմել էր 14690 միլիոն դրամ: 2015-ին այն կրճատվել է մոտ 4 միլիարդ դրամով, ինչը, բնականաբար, բացասաբար է անդրադարձել մեր ոլորտի վրա: Նախանշված ծրագրերի մեծ մասն այդ գումարով հնարավոր չէր հասցնել ավարտին, այդ թվում` Շուշիի մշակույթի տունը, Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանը, Ազոխի դպրոցը, բնակարանաշինության ոլորտի մի շարք գործեր, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ներհանրապետական ճանապարհահատվածն ու այսպես մի շարք ծրագրեր, որոնք արդեն պետք է շարունակենք նոր տարում։

-Ի՞նչ առաջնահերթություններ են դրված եղել Ձեր ղեկավարած գերատեսչության ծրագրերում, հաջողվե՞լ է լրիվությամբ իրագործել պլանավորվածը:

- Այս ամենի հետ մեկտեղ՝ մեր գերատեսչությունը պետական բյուջեով նախատեսված և ֆինանսավորած մի շարք օբյեկտների կառուցապատումը հասցրել է ավարտին: Ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացվում են արտաբյուջետային միջոցների հաշվին: Օրինակ՝ ընթացքի մեջ են  Սոթք-Հաթերք ենթակայանները միացնող 110 կՎ միաշղթա երկրորդ բարձրավոլտ օդային գծի կառուցման աշխատանքները: Այս ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համագործակցությամբ: Ծրագիրը, տնտեսական մեծ նախագիծ լինելուց բացի, հուսալի կլինի նաև էներգետիկ անվտանգության առումով: Օդային գծի ընդհանուր երկարությունը 92 կմ է: Այս աշխատանքները ևս կավարտվեն 2016 թվականին: Նշեմ նաև, որ մեզ համար ամենակարևոր առաջնահերթությունը շինարարության որակն է, ճարտարապետական լուծումներով տեսքի ապահովումը:

- Ո՞րն է 2015 թվականի ամենախոշոր նախագիծը և ո՞րը կլինի գալիք տարվանը:

- 2015 թվականի ամենախոշոր նախագծերից, որոնք արդեն իրականացրել ենք պետական ու բարեգործական միջոցների հաշվին, թերևս, կառանձնացնեի մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի, Շուշիի Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի, Գանձասարում` հայկական երկրորդ մատենադարանի, Մատաղիսում` սպաների համար կառուցված բազմաբնակարան շենքի, Ստեփանակերտում վերջերս շահագործման հանձնված սպայական նոր թաղամասի,  Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ միջպետական ճանապարհի կառուցումը (վերջինիս 116 կմ-ից 50 կմ-ն արդեն ասֆալտապատ է)։ Այս շարքը կարելի է երկար  շարունակել: Իրականացված ծրագրերը շատ են, հատկապես բնակարանների, կրթական ու առողջապահական համալիրների, համայնքային վարչական կենտրոնների, ճանապարհների բարեկարգման ու այլ շինարարությունների մասով:

 2016 թվականի համար նախանշված ամենամեծ նախագիծը կլինի մայրաքաղաքում  Ուռուցքաբանական դիսպանսերի շահագործումը և Հանրապետական բժշկական կենտրոնի տարածքի բարեկարգումը, որտեղ նախատեսված է զբոսայգի կառուցել: Կառանձնացնեմ նաև Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի 50 առանձնատները, որոնք շահագործման կհանձնվեն դարձյալ 2016 թվականին: 

- Ամանորյա ի՞նչ ավանդույթներ ունի Կարեն Շահրամանյանը:

- Նոր տարվա հետ կապված հատուկ սովորույթներ չունեմ: Պլանավորված ծրագրեր ևս: Չնայած լավագույն ավանդույթ կարելի է համարել այն, որ այդ օրը մեկնում ենք առաջնագիծ, շնորհավորում մեր բանակի զինվորներին: Ի դեպ, զինվորի հետ նոր տարի նշելը ամենապատվավոր գործն է:  Այնուհետև տոնը շարունակում եմ ընտանեկան միջավայրում:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք Նոր տարուց:

- Նոր տարին համամարդկային տոն է, հույսերի, երազանքների, բարի նպատակների տոն: Համայն հայությանը մաղթում եմ նպատակասլացություն,  առողջություն: Խաղաղություն մեր երկրին ու ժողովրդին:  

Սրբուհի ՎԱՆՅԱՆ