[ARM]     [RUS]     [ENG]

ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

Տարեմուտի հարցազրույց ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ

 - Պրն Դանիելյան, ավարտվեց 2015 թվականը, որը կարելի է դժվար տարի համարել տարբեր առումներով: Ինչպիսի՞ն էր այն արդարադատության համակարգի համար:

- Անցնող տարվա ընթացքում, կարելի է ասել, իրականացրել ենք այն բոլոր ծրագրերը, որոնք նախանշվել էին: Իսկապես ծանր տարի ենք ճանապարհում, սակայն պետք է նշել, որ մեր ոլորտը տարբերվում է մյուսներից նրանով, որ անբարենպաստ տարին քիչ է անդրադառնում մեր աշխատանքների վրա, որովհետև մեր հիմնական գործառույթները կապված են օրենսդրության կատարելագործման, դատաիրավական համակարգի և իրավակիրառական պրակտիկայի բարեփոխման աշխատանքների հետ: Ինչպես միշտ, մեր ուշադրության կենտրոնում են եղել համակարգի ստորաբաժանումների գործունեության բարելավումը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Միջոցներ են ձեռնարկվել համակարգի զարգացման, գործունեության բարելավման և նյութատեխնիկական բազայի ընդլայնման ուղղությամբ:

-Ձեր ղեկավարած գերատեսչության՝ տարվա ընթացքում գրանցված ո՞ր առավել կարևոր ձեռքբերումները, և, եթե եղել են, բացթողումները կառանձնացնեիք:

-Տարվա նշանակալի ձեռքբերումներից էին Քաղաքացիական օրենսգրքի մշակումը, որը պատրաստվել և ներկայացվել է Ազգային ժողով, ինՉպես նաև միջազգային պայմանագրերի վավերացումը` կապված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ: Ես կարևորում եմ նաև արդարադատության համակարգում գործող և շարունակաբար կատարելագործվող Arlexis ծրագրի դերն ու նշանակությունը. երկու տարվա ընթացքում մենք կարողացանք տեղադրել ԼՂՀ օրենսդրական և նորմատիվ ակտերի մի ամբողջ շարք` իրականացնելով ներմուծման, սրբագրման, տեքստերի հաստատման, ճշգրտման, ինկորպորացիայի ներմուծման, վերջնական հաստատման աշխատանքներ։ Մինչև գալիք տարվա առաջին եռամսյակի ավարտը համակարգում ամբողջապես ներառված կլինեն նաև 1992-95թթ. հանրապետության բոլոր կարևորագույն իրավական փաստաթղթերը, որոնք մինչ այդ միայն թղթի վրա էին: Որպես նշանակալի ձեռքբերում կարելի է նշել նաև այն, որ այսօր ամբողջ ՔԿԱԳ համակարգը` շրջանային ստորաբաժանումներով, էլեկտրոնային միացյալ ցանցով է գործում, ստեղծված բազան հնարավորություն է ընձեռում առավել արդյունավետ դարձնել մատուցվող ծառայությունների որակը: Տարվա ընթացքում մշակել ենք նաև պետական ռեգիստրի գործակալության գործունեությունը կարգավորող օրենսդրություն, և ներկայում բոլոր գրանցումները կատարվում են էլեկտրոնային ձևով: Ոչ որպես բացթողում, այլ հաղթահարվող խնդիրների թվում կնշեի որակյալ երիտասարդ կադրերի կարիքն ու անհրաժեշտությունը, ինչին մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում:

- Ի՞նչ առաջնահերթություններ ունեք` կապված գալիք տարվա հետ:

-Հաջորդ տարում մենք ծրագրել ենք Աշխատանքային օրենսգրքի մշակման և ներկայացման ուղղությամբ աշխատել: Որոշակի մտադրություններ կան` կապված ՙՎարչական իրավախախտումների մասին՚ օրենքի հետ: Շարունակվելու է միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացը` ներառելով երեխաների և հաշմանդամների իրավունքների պաշտպանության և այլ բնագավառներ: Ինչպես գիտեք, մեր հանրապետությունում այդ ուղղություններով արվածը շատ է, սակայն հիմքում միջազգային փաստաթուղթ դեռևս չկա: Կուզենայի շեշտել, որ այդ պայմանագրերի վավերացումը ևս մեկ խթան է՝ զարգացնելու միջազգային համագործակցությունը: Նման քայլերով երկիրը քայլ առ քայլ մոտենում է իրավական ճանաչման գործընթացին: Անելիքներ ունենք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության արդյունավետության բարձրացման առումով: Տարվա ընթացքում որոշակի դժգոհություն կար բնակչության շրջանում` կապված էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ կազմակերպվող հարկադիր աճուրդի հասանելիության հետ. այս բացը ևս կձգտենք լրացնել: 2016-ի անելիքների թվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության արխիվի փաստաթղթերի թվայնացումը, ինչը շատ կարևոր է՝ աշխատանքներն ավելի արագ և արդյունավետ դարձնելու առումով: Դատական փորձաքննությունների լաբորատորիայում այսօր մասնագետների պակաս ունենք, այդ խնդիրը ևս կփորձենք լուծել գալիք տարում:

- Ի՞նչ տոն է Ձեզ համար Նոր տարին, ի՞նչ սպասելիքներ ունեք նրանից։ Ձեր մաղթանքներն այս առթիվ:

- Նոր տարին ամենասիրված տոներից մեկն է, և քանի որ այն ավանդաբար ընտանեկան է համարվում, նաև հնարավորություն է՝ հավաքվել ողջ ընտանիքով: Զավակներիս ուսանող լինելու հանգամանքով պայմանավորված` վերջին տարիներին միշտ չէր հաջողվում ընտանիքով հավաքվել: Այս Նոր տարին մի փոքր կտարբերվի ամենալավ իմաստով, քանի որ հարս ունենք տանը, կրտսեր տղայիս ենք ամուսնացրել: Տարեմուտին ընդունված է միմյանց մաղթել հաջողություն, առողջություն, բարեկեցիկ կյանք: Սպասելիքները շատ են, բայց ինչպես սիրում ենք կատակով նշել, անհրաժեշտ է նաև հասնել այդ սպասելիքների և դրան համազոր հնարավորությունների արդյունավետ համադրությանը: Իսկ դա կարող է ստեղծվել միայն մշտական ու նվիրված աշխատանքով: Ուստի բոլորիս կմաղթեի խաղաղ ու ստեղծագործ աշխատանք՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի: 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ