ՈՍԿԵ ՏԱՌԵՐՈՎ Է ԳՐՎՈՒՄ ՆՐԱՆՑԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԱՆՈՒՆԸ

Պատմությունը վկայում է, որ ժողովուրդների հիշողության մեջ մնում են նրանք, ովքեր ընտրում են անանձնական կյանքի ճանապարհը, հատկապես սեփական ազգի ճակատագրական պահերին։

Այդպիսիներից է Արցախյան ազատամարտի նահատակ, ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Վաչագան Մարգարյանը։ Նրա անունը ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով մտցված է Ն զորամասի ՙՀավերժ զինվորներ՚ ցուցակում, նրա հիշատակին կահավորված է Պատվո անկյուն։ Հունվարի 14-ին Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված հերոսի հիշատակին. Վաչագան Մարգարյանը կդառնար 50 տարեկան։ Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, ԼՂՀ ՊՆ բաժնի պետ, գնդապետ Բարեղամ Մուրադյանը, մայոր Դավիթ Օհանջանյանը, հերոսի հարազատներ, մարտական ընկերներ, համագյուղացիներ, զինծառայողներ։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Վաչագան Մարգարյանի շիրիմին և զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրին, մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը։ Հերոսի կյանքի ու կենսագրության մասին զեկուցմամբ հանդես եկավ նրա մարտական ընկեր Հենրիկ Այվազյանը։ Նրա տեղեկությամբ՝ Վաչագան Մարգարյանը ծնվել է 1966թ. հունվարի 14-ին, Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում 1984-1986 թթ ծառայել է խորհրդային բանակում։ Ծառայությունն անցել է Վլադիմիր քաղաքում տեղակայված հրետանային զորամասում։ Զորացրվելուց անմիջապես հետո վերադարձել է ծննդավայր և աշխատանքի անցել Ստեփանակերտի ջրմուղ-կոյուղու գրասենյակում՝ որպես զոդող վարպետ։ Սպիտակի երկրաշարժի լուրն առնելով՝ հայրենասեր երիտասարդը չկարողացավ անմասն մնալ իր ժողովրդի ճակատագրից և առանց երկմտելու մեկնեց Աղետի գոտի ու երեք ամիս շարունակ մասնակցեց փրկարար աշխատանքներին։ Երբ վերադարձավ Ստեփանակերտ, նրան հանձնարարվեց թշնամու կողմից դեպի հայկական բնակավայրեր դժվարամատչելի տարածքներով անցնող պայթեցված ջրախողովակների զոդման աշխատանքները։ Առաջին իսկ օրից Վաչագանը մասնակցում էր Ղարաբաղյան շարժմանը։ Անվեհեր էր, սկզբունքային ու պատվասեր։ Տեսնելով, որ առճակատումն անխուսափելի է, 1990թ. նա անդամագրվեց Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ջոկատին ու նրա կազմում մասնակցեց հայկական բազմաթիվ բնակավայրերի պաշտպանական գործողություններին, ազերական կրակակետերի ոչնչացմանը։ 1991թ. տեղափոխվելով հայրենի գյուղի ջոկատ՝ մասնակցեց Քարին տակի հերոսական պաշտպանությանը։ 1992թ. սեպտեմբերի 1-ից ծառայության անցավ արդեն կազմավորված հակատանկային դիվիզիոնում՝ որպես հաշվարկի հրամանատար։ Մարտերի ամենածանր պահերին անգամ Վաչագանը չէր կորցնում հաղթելու հավատը։ Անվեհեր արցախցին իր մարտկոցով մասնակցել է Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրերի պաշտպանական և ազատագրական մարտերին՝ անձամբ շարքից հանելով թշնամու չորս տանկ, հետևակի մարտական երկու մեքենա, մեկ ՙԳրադ՚ կայանք և զինվորներով լեցուն մեկ ավտոմեքենա։ 1992թ. նոյեմբերի 16-ն էր։ Չլդրանի ուղղությամբ ծավալվել էին դաժան մարտեր։ Թշնամին մի քանի ուղղություններով փորձում էր ճեղքել մեր դիրքերը։ Վաչագանն ընկերների հետ դիմադրում էր թշնամուն։ Մարտի թեժ պահին հակառակորդի դարանակալ տանկից արձակված արկը խոցում է հրամանատարի ՀՄՄ-ն, և Վաչագան Մարգարյանը մարտիրոսվում է ընկերների հետ։ 1994թ. դեկտեմբերի 30-ին Արցախի Գերագույն խորհուրդը, բարձր գնահատելով նրա սխրանքները, հետմահու պարգևատրել է ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանով։ 2002թ. պարգևատրվել է ՙՄայրական երախտագիտություն՚ մեդալով, իսկ 2003թ. ապրիլի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՙԱրիության համար՚ մեդալով։ Հուզիչ էր հերոսի մարտական ընկեր Նաիրի Բեգլարյանի խոսքը. - Ես հպարտ եմ, որ ունեի Վաչագանի նման խիզախ մարտական ընկեր։ Համոզված եմ, որ երիտասարդ սերունդը գնահատում է Վաչագանին ու նրա նման բոլոր նվիրյալներին։ Վստահ եմ, որ իմ ընկերոջ խիզախությունը, ընկերասիրությունը, ընդգծված հմտությունները կփոխանցվեն նրա զավակներին, գալիք սերունդներին։ Անհուն կարոտ կար Վաչագան Մարգարյանի ուսուցչուհի Էվելինա Բալայանի ելույթում. - Վաչագանն իր ընտանիքի չորրորդ զավակն էր։ Ծնողները ցանկանում էին, որ իրենց որդին ևս հեքիաթի հերոսի պես գեղեցիկ, քաջ և խելացի լինի։ Վաչագանը մեծացավ ու դարձավ այդպիսին։ Կենսախինդ, անմիջական տղա էր։ Իսկույն մերվում էր շրջապատին, սիրում օգնել և՜ մեծերին, և՜ փոքրերին։ Ամեն մի հասարակական աշխատանքում Վաչագանն իր աջակցությունն էր առաջարկում։ Ուսուցիչների ու աշակերտների սիրելին էր։ Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, նա նետվեց մարտի դաշտ։ Մտածում էր, ահա կվերջանա պատերազմը, և հաղթանակով կվերադառնա ծնողների, կնոջ և երկու զավակների մոտ։ Ավա՛ղ, ճակատագիրն անգութ գտնվեց ապրելու տենչով լցված երիտասարդի հանդեպ։ Նորածին զավակին, ով իր անունն է կրում, տեսավ ընդամենը մեկ անգամ։ …Այսպես՝ ներկաների տաք հիշողությունների շնորհիվ վերակենդանանում է սիրելի սանի, համագյուղացու հոր պայծառ կերպարը։ Հերոսին նվիրված հուշ-ցերեկույթն ուղեկցվում էր զինվորների ասմունքով ու խրոխտ երգերով, իսկ դպրոցականների ելույթը մի յուրօրինակ գնահատանք ու երդում էր բոլոր նահատակներին։ Հերոսին նվիրված միջոցառման ընթացքում արտասուքներ էին երևում ներկաների աչքերում, սակայն դրանք հպարտության արցունքներ էին, քանզի հերոսներ ծնող այս գյուղում այսօր վերստին հնչեց ազատության և խաղաղության շեփորը։ 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ ք. Ասկերան