ՋՐԱԿՈՒՍՑԻ ՀՐԱՇԱԳՈՐԾԸ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, տարածման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար փայտարվեստի վարպետ Մելիք Վարդանյանին շնորհվել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:
Պատվավոր կոչումը մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հասցեատիրոջն է հասցրել հունվարի 24-ին՝ վարպետի ծննդյան 85¬ամյակին: Սենյակը, որը Մելիք Վարդանյանի համար ե՜ւ արվեստանոց է, ե՜ւ գրադարան, ե՜ւ ցուցասրահ, կարծես հեքիաթից տեղափոխված լինի մեր իրականություն: Բացվում են պահարանի փեղկերը, եւ թվում է՝ երաժիշտները կշարունակեն կիսատ թողած նվագը, գետնին տապալված եզը հաստաբազուկ պայտառներից ազատվելու վերջին փորձը կանի: Փայտե կոմպոզիցիաների մի մասը իսկապես շարժվում է: Սակայն ոչ թե հեքիաթի կախարդանքի, այլ իրենց ստեղծողի հնարամտության շնորհիվ: Տարիները մաշել են Մելիք Վարդանյանի առողջությունը, բայց՝ ոչ մտքի պայծառությունն ու խոսքի սրությունը: Ծնվել է 1931 թվականին: Ուսումնառությունից հետո հայրենի գյուղ՝ Ջրակուս է վերադարձել: Երկար տարիներ աշխատել է տեղի դպրոցում՝ որպես ուսուցիչ եւ տնօրեն: Փայտե արձաններից կոմպոզիցիաներ պատրաստելու գաղափարը հենց այդ ժամանակ է ծնվել: Անհրաժեշտությունից: Աշակերտներին պետք էր ցույց տալ արցախյան ավանդական կենցաղը: ՙԵրեխաների հետ խոսում էի մեր՝ արցախյան ավանդական կենցաղի, նիստուկացի մասին: Անգամ փորձում էի ասածս գրատախտակին նկարել: Բայց նկատում էի, որ ասածս տպավորիչ չէ: Հենց այդ ժամանակ էլ ծնվեց գաղափարը՝ այդ ամենը քանդակել՚,- նախապատմությունն է հիշում վարպետ Մելիքը: Առաջին գործը երեք երաժիշտներից կազմված կոմպոզիցիան է: Քանդակել էր փայտից: Փոքրիկ արձանիկների համար հագուստ կարելը հանձն չառավ անգամ Մելիքի դերձակ եղբայրը: Այնպես որ՝ ինքնուս փայտագործը ստիպված էր նաեւ դերձակ դառնալ: Հաջողվեց: Հետո ծնվեցին նոր հերոսներ: Շատ դեպքերում արձանիկներն իրական կերպարների են մարմնավորում: Վարպետը ոչ միայն կենցաղի պատկերներն է իրականին նմանեցրել, այլեւ իր հերոսների հագուստներում արցախյան տարազի մոռացվող տարրերն է վերարտադրել: Կոմպոզիցիաները հեշտ չեն ծնվել: Թել մանող կնոջ արձանիկը ստեղծելու համար շատ անքուն գիշերներ է անցկացրել. արդեն ժպիտով է հիշում նա: Արձանը պետք է շարժվեր, ճախարակը՝ պտտվեր: 1960-ականների վերջերին ցուցահանդեսների է մասնակցել՝ երկու անգամ Երեւանում եւ մեկ անգամ՝ Բաքվում: Հայրենակիցները Մելիքի գործերը բարձր են գնահատել: Բաքվում էլ աշխատանքների արժեքը լավ են հասկացել: Թերությունը մեկն էր. այն, որ հեղինակը հայ է, հիշում է Մելիք Վարդանյանը եւ ծիծաղում. ՙՑուցահանդեսի այցելուները ադրբեջաներեն էին իրար մեջ խոսում, չգիտեին, որ հիանալի տիրապետում եմ ոչ միայն այդ լեզվին, այլեւ մասամբ՝ պարսկերենին՚: Ընդհանուր առմամբ՝ 27 թեմատիկ կոմպոզիցիաներ է ստեղծել վարպետ Մելիքը: Իր բնութագրմամբ՝ մանր գործերի թիվը չի էլ հիշում: Դրանցից շատերը արտասահման են հասել: Մեր օրերի զարգացումներն էլ իրենց հետքն են թողել նրա աշխատանքներում: Արձանների մի ամբողջ շարք 88-ի երկրաշարժին եւ հրապարակ դուրս եկած Ղարաբաղյան շարժմանն է նվիրված: Ծեր մորը շալակած որդուն պատկերող կոմպոզիցիայի հիմքում Գետաշենի փախստականների իրական կերպարներն են: Ազատամարտին Մելիք Վարդանյանի մասնակցությունն այսքանով չի սահմանափակվել: Տիկնիկագործը զինագործ է դարձել, նորոգած-նորացրած զենքերն էլ անմիջապես մարտադաշտ են հասել: Նրա աշխատանքը բարձր է գնահատվել: Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Մելիք Վարդանյանը ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանն է արժանացել։ ՙԱյն, որ Մելիք Վարդանյանը նման բարձր գնահատականի է արժանացել, արդեն իսկ նշանակում է, որ նրա ավանդը չի անտեսվում, եւ նրա գործերը չեն կորչելու՚,-ասում է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Սրանք գործեր են ոչ միայն այսօրվա, այլեւ ապագայի համար. այդպես են գնահատում նրանք, ովքեր երջանկություն են ունեցել ժամեր անցկացնել վարպետ Մելիքի ստեղծագործությունների հեքիաթային աշխարհում: Վլադիմիր Զաքիյանը, ով վարպետին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորելու համար է Ջրակուս հասել, Մելիք Վարդանյանին 80-ական թվականներից է ճանաչում: Ծանոթացել է նախ քանդակագործի հետ, ապա սկսել հիանալ նրա մարդկային հատկանիշներով: Հոբելյարին շնորհավորելու համար ընկերներից ու նախկին գործընկերներից շատերն են Ստեփանակերտից ու Շուշիից Ջրակուս հասել: Մելիք Վարդանյանն այսօր մի հարցով է մտահոգված: Թոռներից եւ ոչ մեկն իր գործը շարունակելու ցանկություն չունի: Փորձել է աշակերտներ վերցնել: Սակայն երեխաների ծնողները չեն ոգևորվել այդ ոչ շահութաբեր մասնագիտությունը ստանալու հեռանկարով: Մեկ այլ մտահոգություն իր ստեղծագործությունների հետագա ճակատագրին է վերաբերում: Ելքը մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարն է առաջարկում. Շուշիում՝ հենց նախարարության շենքում, կարող են վարպետ Մելիքի անունով մի սենյակ բացել եւ այնտեղ նրա ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը կազմակերպել:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ