[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՏԱՐԵԼ ԶԻՆՎՈՐԻՆ՝ ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Փետրվարի 5-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի մի խումբ անդամների։

Քննարկվել են ՊԲ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, բարոյահոգեբանական վիճակին, մարտական ծառայության կրմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել միջանձնային, ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով ծագող խնդիրներին, դրանց լուծման ուղիներին ու տարբերակներին։ ՊԲ հրամանատարը հույս է հայտնել, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդումը կխթանի դեռևս առկա մի շարք հիմնախնդիրների հանգուցալուծմանը, բանակի հանդեպ հասարակության վստահության ամրապնդմանը։ Հանդիպման ընթացքում երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել հաճախակի լինել դիրքերում, հանդիպել նորակոչիկների հետ և ծագող ու ծագած խնդիրների համար արագ արձագանքմամբ ներկայացնել առաջարկներ ու գտնել հանգուցալուծումներ։ Նախարարի առաջարկություններին ականջալուր՝ հասարակական խորհրդի անդամները նախագահ Վիտյա Յարամիշյանի գլխավորությամբ կազմեցին փոքր խմբեր և մեկնեցին Պաշտպանության բանակի առաջնագիծ՝ տեղում ծանոթանալու առկա իրավիճակին։ Փետրվարի 8-ին խմբերից մեկը եղավ հարավ¬արևելյան ուղղությամբ տեղակայված մի զորամասում: Գնդապետ Հովիկ Աբրահամյանի հրամանատարությամբ գործող զորամասում խորհրդի անդամներն առաջին ձեռքից տեղեկացան, որ, չնայած հակառակորդի սադրիչ գործողություններին, զորամասի զինանձնակազմը պատվով է կրում մարտական հերթապահությունը։ Հրամանատարի իրազեկմամբ՝ դիվերսիոն խմբերի ներթափանցման բոլոր փորձերը կասեցվում են, ընթացիկ տարվա հունվար ամսից հակառակորդի կողմից նկատվում է կրակոցների նվազում։ Սակայն դա չի նշանակում, թե տղաների զգոնությունը նվազում է։ Դասակ-վաշտ-գումարտակ օղակում ամեն ինչ արվում է հակառակորդին արժանի պատասխան տալու համար։ Այցի շրջանակներում մասնակիցները հանդիպեցին ու զրուցեցին դիրքապահ զինվորների հետ, մոտիկից ծանոթացան ծառայությանը խթանող ու խոչընդոտող հանգամանքներին։ Հանրային խորհրդի անդամները ծանոթացան նաև զորամասին հարակից զինավանում ապրող սպաների սոցիալ-կենցաղային հիմնախնդիրներին։ Լսեցին ու կիսեցին նրանց մտահոգությունները՝ խոստանալով աջակցել խնդրո առարկա հարցերի լուծմանը։ Բարձրացված հարցերից առանձնացվեց և առաջնահերթությունը տրվեց սպաների կանանց աշխատանքի տեղավորման, զինավանում բանկոմատի, իսկ զորամասի տարածքում՝ հեռախոս-ավտոմատի տեղադրման, մանկաբույժի (որի կարիքը հատկապես շատ է զգացվում) հաստիքի տրամադրման և այլ խնդիրների։ Վերջին շրջանում գլուխ բարձրացրած սուր շնչառական հիվանդությունների հետ կապված մտահոգությունը մեզ տարավ զինվորական հոսպիտալ։ Հոսպիտալի պետ փոխգնդապետ Վահան Ոսկանյանի տեղեկատվությամբ՝ ներկայում իրենց մոտ բուժում են ստանում 35-40 հիվանդ ժամկետայիններ, որոնց մոտ առկա է հարբուխ, մրսածություն, թեթև հազ և այլն։ H1N1 վիրուսով հիվանդության դեպքեր իրենց մոտ չեն գրանցվել։ Նորակառույց ու բոլոր հարմարություններով ապահովված հոսպիտալում թափուր է միայն հետազոտող-սոնոգրաֆիստի պաշտոնը։ Ըստ Վ. Ոսկանյանի՝ շուտով այդ մասնագետն էլ կունենան։ Ինչ վերաբերում է մանկաբույժի բացակայությանը, հոսպիտալի պետի առաջարկած տարբերակը հետևյալն է. իրենց բժիշկներից մեկը կարող է 6-ամսյա վերապատրաստում անցնել Երևանում և, վերադառնալով, լրացնել այդ բացը։ Հոսպիտալի ընդունարանում առաջնային բժշկական զննում էին ստանում յոթ հոգի. լսելով նրանց բողոքներիը՝ պարզեցինք, որ նրանք ևս առողջական լուրջ խնդիրներ չունեն։ Հոսպիտալի պետը մեզ ուղեկցեց կաբինետից¬կաբինետ, հիվանդասենյակից¬հիվանդասենյակ, ծանոթացրեց պայմաններին, հընթացս ապացույցներ ներկայացնելով, հավաստեց, որ զորամասի զինանձնակազմի ու սպայական ընտանիքների առողջության պահպանումը հուսալի ձեռքերում է։ Հանդիպելով նորակոչիկների հետ՝ հանրային խորհրդի անդամները փորձեցին պարզել, թե ինչպես է ընթանում նրանց նոր իրավիճակին հարմարվածության շրջանը, ինչ պայմաններում են ապրում, մարզվում ու նախապատրաստվում մարտական հերթապահության կրմանը։ Ծառայության մեկ ամիսը չլրացած նորակոչիկ զինվորներն առույգ էին, արդեն հասցրել էին սերտել զինվորական կյանքի այբուբենը։ Էմիլը բոլոր ընկերների անունից խոստովանեց, որ կարոտում են հարազատներին, սակայն լցված են վճռականությամբ՝ հաղթահարելու ծառայողական բոլոր դժվարություններն ու պարզերես մնալու ոչ միայն իրենց ծնողների, այլև հրամանատարության առջև։ Հաճելի էր նորակոչիկների շարքում տեսնել ու լսել ՌԴ¬ից կամավոր ծառայության եկած Հենրիկ Ավետիսյանին ու Գևորգ Արզումանյանին։ Նորակոչիկների հետ սիրով ու նվիրվածությամբ աշխատող դասակի հրամանատարներ լեյտենանտ Արշակ Սարիբեկյանի և ավագ լեյտենանտ Արթուր Ղահրամանյանի հետ մեր զրույցը նույնպես նորակոչիկների հիմնախնդիրներին էր վերաբերում։ Նրանց հավաստմամբ ՙվատ զինվոր չկա, կա վատ հրամանատար՚, ու իրենք փորձում են լավ հրամանատար լինել և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ստացած գիտելիքներն ի սպաս դնել հայ զինվորի կայացման գործին։ Շրջայցի ավարտին հրամանատարի հետ ամփոփելով ստացած տեղեկություններն ու ի մի բերելով տպավորությունները՝ հանդիպման մասնակիցները համաձայնություն ձեռք բերեցին շարունակել համագործակցությունը և բանակ¬հասարակություն կապի շրջանակներում բոլոր հնարավոր միջոցներով նպաստել զինծառայողներին հուզող հարցերի ու պրոբլեմների լուծմանը։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ