[ARM]     [RUS]     [ENG]

ՍԽՐԱՆՔՆԵՐՈՎ ՍՐԲԱԳՈՐԾՎԱԾ ԿՅԱՆՔ

Կարմիր Շուկա ավանում է ապրում Արցախյան պատերազմի վետերան Հենրիկ Համզոյանը։

Տարիներն արդեն ձյուն են դրել նրա մազերին։ 60 տարեկան է։ Դանդաղ է շարժվում. սպիացած հին վերքերը զգացնել են տալիս, բայց չի ընկճվում, չի տրտնջում. հին ճակատայինները, ովքեր կրծքով են փակել ոսոխի ճանապարհը, չունեն այդ բնավորությունը։ Նրանք գիտեն, որ պատերազմն անողոք է բոլորի հանդեպ, որ մարդկանց կյանքը պատերազմում ճակատագիրն է տնօրինում։ Հենրիկը գոհ է ճակատագրից, քանզի հայրենի եզերքի համար է կռվել, որտեղ իր սրբություններն են, նախնիների շիրիմները։ Կռվել է հարազատ ավանի համար, ուր 24 տարի առաջ տագնապով էին բացվում առավոտները։ Վարանդա գետի ափին ընկած Կարմիր Շուկան այգիների մեջ է սուզված։ Ազատամարտի տարիներին հակառակորդը ձգտում էր ամեն գնով գրավել ավանը, կտրել Ստեփանակերտը Մարտունու և Հադրութի շրջանների հետ կապող միակ ճանապարհը, որն ավանի միջով է անցնում։ Այդ ճանապարհով էր տեղ հասցվում Ստեփանակերտից ուղարկվող օգնությունը։ Դա կյանքի ճանապարհ էր, որ այդ օրերին անընդհատ գնդակոծության տակ էին պահում ազերիները։ Հակառակորդի հրոսակախմբերը մի քանի անգամ փորձել են գրոհով վերցնել Կարմիր Շուկան, սակայն հետ են շպրտվել։ Պարտություն կրելուց հետո ազերիները խոշոր ուժեր են նետում ավանի ուղղությամբ, այդ թվում՝ զրահատեխնիկա։ Լավ զինված հակառակորդին հաջողվում է ճեղքել մեր պաշտպանությունը։ Մարտերն արդեն ընթանում էին ավանի մատույցներում։ Սակայն նրա պաշտպանները կատաղի դիմադրություն էին ցույց տալիս՝ գործելով աներևակայելի սխրանքներ։ Պատերազմական ծանր օրերի մասին Հենրիկի պատմածները լսելիս հուզվում էի։ Մարտունու շրջանի Խերխան գյուղն է նրա ծննդավայրը։ Բազմազավակ ընտանիքում է ծնվել։ Նա մի առանձին ջերմությամբ է հիշում կյանքից հեռացած ծնողներին, եղբորը։ Առաքինի մարդ էր հայրը՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան Վահան Համզոյանը, ուժեղ բնավորության տեր։ 40 տարի գյուղխորհրդի նախագահ է եղել։ Մեծ դեր է խաղացել երեխաների դաստիարակության գործում։ Նրանց պատգամել է. ուր էլ լինեն, չմոռանան հայրենի եզերքը, քաջերի ու խիզախների հողը, որտեղ իրենց պապերի շիրիմներն են։ Հենրիկը հավատարիմ մնաց հոր պատգամներին։ Ավարտեց միջնակարգը, այնուհետև՝ Երևանի ավտոճանապարհային տեխնիկումը, որից հետո ծառայեց խորհրդային բանակում (ինժեներական զորքերում)։ Զորացրվելուց հետո վերադարձավ հայրենի գյուղ։ Աշխատանքի անցավ ԼՂԻՄ ներքին գործերի վարչությունում։ Երկար տարիներ եղել է Կարմիր Շուկայի ենթաշրջանի ավագ թաղային տեսուչը։ Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Հենրիկն արդեն ընտանիքով ապրում էր Կարմիր Շուկայում։ Եվ նա առանց վարանելու ընդգրկվեց Մարտունում դեռևս նոր կազմավորված միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի շարքերում։ …Կուրոպատկինո գյուղի մոտ էր։ Դիրքերում 10 հոգով մարտական հերթապահություն էին իրականացնում։ Լուսադեմին կրակոցներ լսվեցին։ Արագ դիրքավորվեցին։ Կրակն ուժգնացավ, սակայն տղաները հանկարծակիի չեկան։ Լույսն արդեն բացվում էր։ Աղջամուղջի միջից Հենրիկը նկատեց, որ դիրքերի ուղղությամբ հակառակորդի ավտոմատավորների մի մեծաթիվ ջոկատ է շարժվում։ Կողքին Նորիկն էր, քիչ այն կողմ՝ Ստեփանն ու Արսենը, սպասում էին՝ մոտենան։ Ու հանկարծ ճարճատեցին ավտոմատի կրակահերթերը։ Ուժգին կրակահերթերից ազերիների մոտեցող շղթան երերաց։ Հակառակորդը դիմեց փախուստի։ Տղաները ոգևորված հակագրոհի անցան՝ Վահանը, Անդրանիկը, Վարդանը, Ռազմիկը։ Մարտական առաջադրանքը կատարելիս եղել են պահեր, երբ նրանց թվացել է, թե կյանքի վերջին ակնթարթներն են ապրում, թե դա անխուսափելի վախճանն է, բայց ամեն անգամ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկները գտել են ելքը՝ ցուցաբերելով խիզախություն ու տոկունություն։ Բայց այն, ինչ կատարվեց միլիցիայի ավագ լեյտենանտ Հենրիկ Համզոյանի հետ, վեր է մարդկային երևակայությունից։ Մարտունու ներքին գործերի բաժնից Հենրիկին հանձնարարել էին Ռուսաստանի ներքին զորքերի երկու բարձրաստիճան սպաների ուղեկցել Ստեփանակերտ։ Ճանապարհին սպաները պահանջել են մեքենան քշել Աղդամ։ Հենրիկը համառել է։ Ատրճանակներով զինված ծախու օմոնականներն սկսել են սպառնալ։ Նրանցից մեկը՝ փոխգնդապետի ուսադիրներով, ուղղակի ասել է. ՙՍա հրաման է, չկատարելու դեպքում...՚։ Հենրիկը հասկացել է ամեն ինչ։ Երբ մտել են Աղդամ, նրանք ստիպել են մեքենան կանգնեցնել ներքին գործերի վարչության շենքի մոտ։ Հետո թողել՝ հեռացել են։ Հենրիկին անմիջապես ձերբակալել են ու տարել հերթապահ մաս, դաժանորեն ծեծել, խոշտանգել։ Ծառայակից ընկերներից մեկն է փրկել նրա կյանքը։ Դժոխքից հրաշքով դուրս պրծած Հենրիկին ուշակորույս տեղափոխել են Երևան։ Գանգուղեղի ծանր վիրահատություն է տարել աննկուն ոգու տեր այդ մարտիկը, ապաքինվել, շարք վերադարձել ու շարունակել պայքարը զավթիչների դեմ։ Հենրիկ Համզոյանի մարտական կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում խոշոր ռազմական հենակետի վերածված ադրբեջանաբնակ Խոջավենդ գյուղի համար մղված մարտերը, որոնց մասնակցել է նաև միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը, որի մարտիկների համար զենքն ու ռազմամթերքը Հենրիկն է հասցրել, գիշերը, մեն-մենակ, դժվարանցանելի ճանապարհներով։ Վերջին կիլոմետրերն էին։ Սկսվեց հրետակոծությունը։ Արկերը պայթում էին արդեն շատ մոտիկ։ Պայթյունի ալիքից ցնցվել է ՙՈւԱԶ՚¬ը։ Հենրիկն ավելացրել է մեքենայի արագությունը։ Քշում էր ողջ թափով։ Ինչ էլ լինի, բեռը պիտի տեղ հասցնել, տղաներն իրեն էին սպասում։ Բեռը տեղ հասավ։ Հաջորդ օրը լռեցվեց Խոջավենդի ռայզմական հենակետը։ Մինգեչաուր քաղաքում էին ապրում երջանկահիշատակ Լեոնարդ Պետրոսյանի բարեկամները։ Այնտեղ հայերի դեմ կազմակերպած ջարդերից հետո ոչ մի լուր նրանցից։ Բարեկամների ճակատագիրը շատ էր մտահոգում Լեոնարդ Պետրոսյանին։ Խնդրանքով դիմել է Հենրիկին՝ օգնելու դուրս բերել նրանց։ 1989-ին էր։ Եվ Հենրիկը մեկնել է Մինգեչաուր։ Քաղաքի փողոցներում ամեն քայլափոխի վտանգ էր սպասվում։ Խուժանը, բարեբախտաբար, նրան չէր նկատել։ Ոտքով շրջել, գտել է տունը, ուր Լեոնարդ Պետրոսյանի բարեկամներն էին ապրում։ Ու տեսել է տունը տակնուվրա արած, իսկ տանը ոչ ոք չկար։ Նրանց պատահաբար ճանապարհին է հանդիպել՝ ծեծված, խոշտանգված, բերել հասցրել Մարտունի։ Հենրիկը կուսակցության Հադրութի շրջկոմի առաջին քարտուղար Գրիշա Բաղյանի կյանքն է փրկել նաև։ Սաֆոնովյան ռեժիմի օրերն էին։ Շրջաններում հաճախ էին խուզարկություններ կատարվում՝ հայ ՙծայրահեղականներին՚ հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով։ Սաֆոնովի հանձնակատարները եկան նաև Հադրութ՝ Գրիշա Բաղյանին ձերբակալելու։ Բարեբախտաբար, նա այնտեղ չէր։ Հենրիկը նրան գիշերը վտանգներով լի անտառներով բերել է Շոշ գյուղը, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։ 1991-ի աշնանն իրադրությունը սրվեց։ Հաճախակի դարձան ազերիների սադրանքները։ Իսկ նույն տարվա հոկտեմբերի 17-ին Հադրութի շրջանի Տող գյուղում տեղի ունեցած դեպքն իր դաժանությամբ ցնցեց ողջ արցախահայությանը։ Ազերի հրոսակները գիշերը հարձակվել են Միսակ Դանիելյանի տան վրա, խուժել ներս, սպանել տանտիրոջը, նրա կնոջը, որդուն ու թոռանը։ Սպանդ՝ խաղաղ ու անզեն մարդկանց նկատմամբ, թուրք մարդասպանների արյունոտ ձեռքերով։ Հենրիկն այդ օրերին Կարմիր Շուկայում էր։ Ներքին գործերի վարչության հանձնարարությամբ արտասահմանից Ժամանած լրագրողների խմբին պիտի ուղեկցեր դեպքի վայր։ Հադրութ տանող ճանապարհը փակել էին ազերի օմոնականները։ Անտառների միջով անցնող ճանապարհով երթևեկելը խիստ վտանգավոր էր այդ օրերին։ Մահը թուրքի կերպարանքով, ինչ իմանաս՝ ո՜ր ծառի հետևում է դարանակալել։ Եվ Հենրիկը պատվով է կատարել մարտական առաջադրանքը՝ վտանգի ենթարկելով կյանքը։ Երեք երեխայի հայր է Հենրիկը, վեց թոռան պապ։ Երբ զրուցում էինք, ասաց, որ հիմա իր կյանքն իր թոռներն են զարդարում, որ ինչքան տղա թոռ ունենա, մարտերում փառքով պսակված Պաշտպանության բանակին է տալու, բանակ, որը հին ճակատայինի համար սրբություն է, նրա ամենամեծ հպարտությունը։  

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ