Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ՝ ԼՂՀ ԱԿԱՀՄ-ՈՒՄ

ՙՏոնդ շնորհավո՜ր, հայրենիքի պաշտպան՚. այս խորագիրն էր կրում փետրվարի 23-ին ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության հուշաթանգարանում կազմակերպված միջոցառումը, որին ներկա էին ԼՂՀ պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միության անդամներ։

Բացման խոսքում ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահ Վերա Գրիգորյանը շնորհավորեց ներկաներին՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ։ ԱԿԱՀՄ վարչության նախաձեռնությամբ կազմակերպված յուրաքանչյուր միջոցառում նպատակ ունի առաջին հերթին սփոփել անհայտ կորած ազատամարտիկների հարազատների վիշտն ու ցավը, մեկ անգամ ևս ապացուցել, որ նրանք ապրողներիս հետ են։ ՙԺամանակն անզոր է իշխել ժողովրդի հիշողության վրա, քանզի բոլորիս բարոյական պարտքն է հայրենյաց պաշտպաններին հիշելը։ Հայտնի է, որ մեզ պարտադրված պատերազմում հանուն հաղթանակի իրենց կյանքը զոհաբերեցին հազարավոր հայորդիներ։ Շատերի ճակատագրերն էլ մնացին անհայտ։ Մինչ այսօր էլ մենք՝ անհայտ կորածների հարազատներս, շարունակում ենք որոնումները և հավատով սպասում, որ մի օր տուն կդառնան մեր սիրելիները՚,- ասաց Վերա Գրիգորյանը։ Տոնի կապակցությամբ, ինչպես նաև կազմակերպության հետ ակտիվ համագործակցության համար Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության ՙՀայրենիք և հավատ՚ հուշամեդալով, պատվոգրերով ու նվերներով պարգևատրվեցին մի շարք անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերեր, Պաշտպանության բանակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազատամարտի վետերաններ, անհայտ կորածների հարազատներ։ Պարգևատրվածների թվում էին ՙՆորայր և Հրայր եղբայրներ՚ արտադրական կոոպերատիվի հիմնադիր տնօրեն Մանվել Դավթյանը՝ հուշաթանգարանի ստեղծմանն աջակցելու համար, ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության տեղամասի պետ և արհկոմի նախագահ Նելսոն Մինասյանը։ ՙԵրանի թե այս միության կարիքը չլիներ։ Բայց իրականությունը ժխտել հնարավոր չէ. կազմակերպության անհրաժեշտությունն այսօր առաջին հերթին զգում են նրա հարկի տակ գտնվողները։ Մենք բոլորս պարտավոր ենք մեր հնարավորությունների սահմաններում մշտապես օգնել, սատարել զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին՚,- ասաց Մանվել Դավթյանը։ ՙՀայոց մայրերի ուսերին միշտ էլ ընկած է եղել ամենածանր բեռը։ Հայրենասիրության գործում ամենակարևոր ներդրումը, որ անում են մայրերը, իրենց պատվախնդիր կեցվածքն է՝ վիշտը սրտում, պատիվը՝ դեմքին։ Ուժ, կորով և համբերություն եմ մաղթում մեր մայրերին՚,- ասաց Նելսոն Մինասյանը։ Միջոցառման մասնակիցներին իրենց գեղեցիկ կատարումներով ու հայրենասիրական երգերով հաճելի պահեր պարգևեցին ԼՂՀ ՊԲ ՙԱսպետ՚ համույթի զինծառայողները։ 

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ