[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

 Գնահատականներ եւ դասեր` 28 տարի անց

 Սումգայիթյան ողբերգությունից արդեն 28 տարի է անցել: Տարիների ընթացքում ցավը չի անհետանում: Դեռ ավելին` անհատականից այն համազգային մակարդակ է տեղափոխվում: Ընդ որում` տարիների ընթացքում ավելի ամբողջական, ավելի ընդգրկուն են դառնում գնահատականները: Այն, ինչ կատարվել է Սումգայիթում 1988-ին, վաղուց արդեն պատահական չի համարվում։ Սումգայիթում հայերի կոտորածը պլանավորված էր եւ արտոնված: Դա ժամանակի եւ տարածքի առումով անհամեմատ մեծ ծրագրի բաղկացուցիչ մասն էր միայն: ՙՍումգայիթը՚ արցախահայության արդար պահանջատիրության պատասխանն էր. Լարիսա Ալավերդյանը սա սումգայիթյան ոճրագործության թեմայի վերաբերյալ ամենատարածված սխալն է համարում: ՙԹյուր մոտեցում է ՙՍումգայիթը՚ ԼՂԻՄ մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշման հետ կապելը: Առավել եւս` անընդունելի է այդ որոշումը սումգայիթյան ոճրագործության պատճառը համարելը,- ընդգծում է ՙԸնդդեմ իրավական կամայականության՚ ՀԿ նախագահ, Հայ-ռուսական համալսարանի քաղաքականության եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը:- Ընդհակառակը, 88-ի փետրվարի 20-ին արցախահայերն էին, որ պատասխանեցին արդեն տասնամյակներ շարունակվող ցեղասպանությանը՚: Որ ֆիզիկական ցեղասպանության իրական վտանգ կար Արցախում` ապացուցելու կարիք չկա, համոզված է Լարիսա Ալավերդյանը: Բավական է վերհիշել պարզապես Արցախի հետ Ադրբեջանի հոգածությանը հանձնված Նախիջեւանի ճակատագիրը: Տարածքն իսպառ հայաթափելուց հետո Բաքուն ձեռնամուխ է եղել հայկականության դրոշմ ունեցող քարերի, նյութական այլ արժեքների դեմ պայքարին: ՙՆախիջեւանը պատմական առումով շատ կարճ ժամանակահատվածում հայաթափվեց: Եվ նույնը, ըստ էության, պետք է Արցախում կատարվեր, եթե 1988-ին արցախահայությունը ոտքի չկանգներ՚,- գնահատում է Լարիսա Ալավերդյանը: Հակառակ խորհրդային եղբայրության գաղափարախոսությանը` Բաքուն տասնամյակներ շարունակ նպատակային քաղաքականություն էր վարում Ադրբեջանի հայաբնակ բնակավայրերը եւ բուն Արցախը հայաթափելու ուղղությամբ: Հերոսների ծննդավայր Չարդախլուի հայաթափումն այդ քաղաքականությունը նոր մակարդակի հասցնելու նախերգանքն էր: Մարսեցին: Հայերի դեմ բացահայտ պայքարի ծրագրի հիմքերը դրվեցին: ՙՄենք ապացույցներ ունենք, որ Արցախի եւ Խորհրդային Ադրբեջանի հայաբնակ բնակավայրերը հայաթափելու ծրագիրն արդեն պատրաստ էր: Խնդիր էր դրված իրականացնել Հյուսիսային Արցախի, Գարդմանքի եւ բուն ԼՂԻՄ-ի հայաթափումը՚,- թվարկում է ՙԸնդդեմ իրավական կամայականության՚ ՀԿ նախագահը: 1988-ին պարզապես Բաքվի եւ Կրեմլի շահերը համընկան: Բաքվին պետք էր հայերին դուրս մղել իրեն հասանելի բոլոր վայրերից, Կրեմլի համար էլ ընդունելի էր հայերի օրինակով Միության բոլոր ժողովուրդներին ահաբեկելը: Արդյունքը եղավ Սումգայիթում արտոնված ցեղասպանությունը: ՙԻ՞նչ է նշանակում` խորհրդային զորքերը Սումգայիթ են մտել ընդամենը երեք օր ուշացումով,- սումգայիթյան թեմայի հետ կապված կարծրատիպերից հերթականն է ժխտում Լարիսա Ալավերդյանը:- Ոչ թե ուշացան, այլ պարզապես այդպես էր պլանավորված՚: Լարիսա Ալավերդյանը գնահատական տալուց չի երկմտում: Դա ցեղասպանություն էր եւ վերջ: Միտքն ընդլայնում է: Ցեղասպանությունն ու նաեւ դրա միջոցով Մեծ Թուրանի իրագործման գաղափարն է եղել արհեստածին Ադրբեջան պետության ստեղծման հիմքում: ՙԱյո, արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան Ադրբեջան պետությունը 1918թ. ստեղծեց իր ծրագրերն այս տարածաշրջանում իրականացնելու համար: Իրեն հասանելի տարածքներում Թուրքիան ինքն է իրականացրել հայերի ցեղասպանությունը, շարունակությունն իրականացնողը պետք է Ադրբեջանը լիներ: Հեռանկարում ցնորական Մեծ Թուրանի ստեղծումն է: Սումգայիթի ոճրագործությունն էլ այդ քաղաքականության նորացված տարբերակի մեկնարկը դարձավ, որը հետագա տարիներին շարունակություն ունեցավ: Եվ այսօր էլ Ադրբեջանը, թեպետ իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, սակայն շարունակում է նույն քաղաքականությունը՚,- իրադարձությունների շղթան է ամբողջացնում Լարիսա Ալավերդյանը: Ստեղծումից ի վեր` Ադրբեջանը երեք անգամ իր անունը փոխեց, սակայն քաղաքականությունը նույնն է մնացել: Լարիսա Ալավերդյանը տարակուսում է: Այսօր քաղաքակիրթ աշխարհը փորձում է պայքարել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ: Բայց չէ՞ որ Ադրբեջանը նույն քաղաքականությունն իրականացնում է արդեն տասնամյակներ շարունակ: Քաղաքակիրթ աշխարհն այսօր միայն այդ հարցում չէ, որ պետք է վերանայի իր գնահատականները: Լարիսա Ալավերդյանը չի մոռանում Բաքվի ցեղասպանական քաղաքականության բուն զոհերին` փախստականներին: Նրանցից ոմանք մազապուրծ ապաստանել են Արցախում: Եվ Արցախի Հանրապետությունն է իր սուղ միջոցներով փորձում հոգալ հազարավոր փախստական ընտանիքների հոգսերը: Միջազգային կառույցները ձեռնպահ են մնում` պատճառաբանելով, թե Արցախը միջազգային ճանաչում չունի: ՙՍա անընդունելի է: Մարդկանց իրավունքները պետք է պաշտպանվեն, անկախ այն հանգամանքից, թե այդ մարդիկ որտեղ են ապրում՚,- արդեն նաեւ որպես ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան է ընդգծում Լարիսա Ալավերդյանը: Ոչ միայն հումանիտար հարցերն են անտեսվում, այլեւ իրավական: Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում շատ հարցեր են քննարկվում: Խորհրդային Ադրբեջանի տարածքից մազապուրծ հայերի իրավունքների հարցը հաստատ առաջինների շարքում չէ: ՙԱնտեսվում է այդ մարդկանց վերադարձի իրավունքը, անտեսվում է կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու նրանց իրավունքը՚,-թվարկում է ՙԸնդդեմ իրավական կամայականության՚ ՀԿ նախագահը: Այս ամենը Լարիսա Ալավերդյանն ուղենիշ է համարում հետագա աշխատանքների համար: Դրանց պետք է նաեւ արտերկրում ապաստանած հարյուր-հազարավոր փախստականներին ներգրավել: Պետք է իրավական փաթեթ ստեղծել, ներկայացնել բոլոր հասանելի վայրերում եւ պահանջել: Մեծ եղեռնի դասը հուշում է, որ 100 տարի սպասել պետք չէ: 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՄՆ