[ARM]     [RUS]     [ENG]

ԼԻԴԻԱ ԻՈՍԻՖԻ ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. փետրվարի 28-ին Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության մայրաքաղաք Տիրասպոլում վախճանվել է Արցախում հայտնի վաստակաշատ մանկավարժ, հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, ԼՂՀ երկրորդ գումարման  Գերագույն խորհրդի պատգամավոր Լիդիա Իոսիֆի Սարգսյանը:

 Լիդիա Իոսիֆի Սարգսյան-Արսենտևան ծնվել է 1936թ. նոյեմբերի 21-ին Ռոստովի մարզի  Նիկոլաևկա գյուղում, բանվորի ընտանիքում:

1944թ. սովորել է Տագանրոգ քաղաքի միջնակարգ դպրոցում: 

 1952թ. ուսումը շարունակել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում:  

1954-1959թթ. ուսանել է Երևանի զոոանասնաբուժական ինստիտուտի անասնաբուժության բաժնում, ավարտելուց հետո աշխատել մասնագիտությամբ:

 1964 թվականից անցել է մանկավարժական աշխատանքի:

1964-1971թթ. աշխատել է որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի, ապա՝ արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների գծով կազմակերպիչ:

1966-1971թթ. ուսանել է Տիրասպոլի Շևչենկոյի անվան պետական մանկավարժական ինստիտուտում` ստանալով կենսաբանության և քիմիայի ուսուցչի որակավորում:

1971թ. բնակություն է հաստատել Ստեփանակերտ քաղաքում և աշխատանքի անցել Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում՝ որպես պիոներական ջոկատավար:

1976թ. նշանակվել է ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, 1978թ. եղել է նույն դպրոցի ուսմասվար, այնուհետև` կենսաբանության ուսուցչուհի: 1984թ. ստացել է ավագ ուսուցչի որակավորում:

Լիդիա Իոսիֆի Սարգսյանը եղել է Ղարաբաղյան ազատագրական շարժման տարիներին ստեղծված Ռուս-հայկական բարեկամության միության նախագահ:

 Նրա ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությունը դրսևորվել է  Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժման առաջին տարիներին: Լինելով ԼՂ նախկին ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի պատգամավոր, նա մասնակցել է բոլոր հիշարժան նստաշրջաններին և ելույթ  ունեցել 1988թ. փետրվարի 20-ի ու 1991թ. սեպտեմբերի 2-ի պատմական նիստերին: 

1995թ. ապրիլի 30-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լիդիա Իոսիֆի Սարգսյանն ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման  Գերագույն խորհրդի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, Ստեփանակերտի թիվ 12 ընտրատարածքից: Նույն թվականի հունիսին ընտրվել է ԼՂՀ ԳԽ պաշտպանության, անվտանգության, պետական շինարարության, իրավունքի և օրինականության հանձնաժողովի նախագահ և այդ պաշտոնում աշխատել  մինչև 1998 թվականը: 

ԼՂՀ Ազգային ժողովն իր վշտակցությունն է հայտնում Լիդիա Իոսիֆի Սարգսյանի մահվան կապակցությամբ և զորակցություն` նրա հարազատներին ու ընկերներին: Լիդիա Իոսիֆի Սարգսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում:

 

ԼՂՀ  Ազգային ժողով