[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստին, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, մասնակցում էին շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներ, այլ պատասխանատուներ։

Նախքան օրակարգի հարցերին անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. փետրվարի 27-29-ը տեղի ունեցած սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը: Խորհրդի նիստն սկսվեց հաճելի արարողությամբ. համայնքային տնտեսության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և տեղական ինքնակառավարման մարմիններում երկարամյա անբասիր աշխատանքի համար Փառուխի համայնքի ղեկավար Արտյուշա Միքայելյանը պարգևատրվեց շրջվարչակազմի ղեկավարի պատվոգրով։ Սերգեյ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հարգելի պատճառով Ա. Միքայելյանն ազատվում է համայնքի ղեկավարի պաշտոնից։ Տեղում նշանակված համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կգործի մինչ ՏԻՄ ընտրությունների անցկացումը։ Շրջանի գյուղատնտեսության բնագավառում ունեցած հաջողությունների համար նախկին կոլտնտեսությունների ղեկավարներ Յուրի Արամյանը, Արշավիր Գալստյանը և Հենրիխ Խաչատրյանը պարգևատրվեցին Գյուղատնտեսության նախարարության Ոսկե մեդալով։ Պարգևները հասցեատերերին հանձնեց շրջվարչակազմի ղեկավարը։ Այնուհետև նիստի մասնակիցները լսեցին շրջվարչակազմի աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ Սուսաննա Մինասյանի տեղեկատվությունը վերադաս մարմիններից ստացված և ընդունված սեփական որոշումների ու գրությունների կատարման վերահսկողության վիճակի վերաբերյալ։ Հաշվետու ժամանակաշրջանում ինչպես վարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստերում, այնպես էլ շրջվարչակազմի ղեկավարի կողմից ընդունվել է 128 որոշում և 34 կարգադրություն։ Իսկ վերադաս մարմիններից ստացված 102 որոշումներից և 658 գրություններից կատարման վերահսկողության տակ է վերցվել 37-ը, շրջվարչակազմի ղեկավարի 128 որոշումներից՝ 12-ը։ Ս. Մինասյանի խոսքով՝ շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչները, համայնքների ղեկավարները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ հանձնարարված գործի հանդեպ պատասխանատվությունը բարձրացնելու և գործավարությունը ժամանակի պահանջներին համապատասխան վերակառուցելու ուղղությամբ։ Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր Աստղաշենի և Հիլիսի համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառմանն ու դրանց նպատակային օգտագործմանը։ Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանի տեղեկացմամբ՝ նշված համայնքների վարչական տարածքներում գրանցված են համապատասխանաբար 1249,3հա և 345,4հա գյուղատնտեսական նշանակության հողեր։ Համայնքների բնակիչներին սեփականության իրավունքով տրամադրված է համապատասխանաբար 231,1հա և 88,6հա, ինչպես նաև հարևան Խնձրիստանի և Պատարայի համայնքների բնակիչներին հատկացված են 110,2հա և 218,5 հա, իսկ Հիլիսի համայնքից Խնձրիստանի համայնքին՝ 13,5հա վարելահողեր։ Ինչպես նշեց Ա. Ղուլյանը՝ համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման առումով որոշակի խնդիրներ կան։ Բնակչությանը սեփականության իրավունքով տրամադրված վարելահողերի 30-40 տոկոսը պարբերաբար չի մշակվում։ Վարելահողերի մի մասը և խոտհարքերը օգտագործվում են որպես արոտավայրեր, իսկ օգտագործվող խոտհարքերի նկատմամբ վարձակալության պայմանագրեր չեն կնքվել։ Արդյունքում առանձին հողատեսակներ փաստորեն կորցրել են իրենց գործառնական նշանակությունը։ Նշված համայնքների ղեկավարների հետ նմանատիպ հարցեր քննարկելուց ցուցումներ տրվեցին առկա թերությունների վերացման ուղղությամբ։ Շրջանի կրթական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության, բանակ-դպրոց-հասարակություն կապի ամրապնդման դրվածքի մասին տեղեկանք ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը։ Բանակ-դպրոց-հասարակություն կապը պետական ռազմավարական ուղղություններից մեկն է, ինչին խորը գիտակցումով են վերաբերվում շրջանի հանրակրթական հաստատությունները, ասաց զեկուցողը։ Շ. Աղաբաբյանի խոսքով՝ տոն և հիշատակի օրերին համապատասխան ծրագրով շրջանի տարածքում տեղակայված զորամասեր այցելելն արդեն բարի ավանդույթ է դարձել։ Ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստող միջոցառումների շարքում նշվեց զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթների կազմակերպումը։ Ընթացիկ ուսումնական տարում նման միջոցառումներ են կազմակերպվել Նորագյուղի, Խնածախի, Սզնեքի, Խնձրիստանի, Սարդարաշենի և Պատարայի կրթօջախներում: 2015թ. կատարած աշխատանքների և ընթացիկ տարում նախանշված անելիքների մասին խոսեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասադրության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը։ Բաժնի առաքելությունն է ոչ միայն պահպանել, զարգացնել և տարածել մշակութային արժեքները, այլև շրջանում աշխուժացնել մշակութային կյանքը, վերականգնել հայկական ազգային ավանդույթներն ու սովորությունները։ Շրջանի մշակույթի բաժինն ակտիվ մասնակցություն է ունեցել հանրապետական մշակութային միջոցառումներին և մրցանակային տեղեր զբաղեցրել։ Բաժնի աշխատողների մշտական ուշադրության կենտրոնում են երիտասադրության հետ տարվող աշխատանքները։ 2015 թվականին կազմակերպվել են ինտելեկտուալ խաղեր, էքսկուրսիաներ դեպի Արցախի տեսարժան վայրեր, ազգային-ավանդական խաղեր, կլոր սեղաններ։ Այսուհանդերձ՝ շրջանի մշակութային օջախներում խնդիրներ կան՝ կապված շենքային անբավարար պայմանների, տեխնիկական հագեցվածության հետ։ Նիստի մասնակիցները լսեցին նաև ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ Ասկերանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Աբրահամյանի տեղեկատվությունը՝ 2015 թվականին կատարած աշխատանքների և հետագա անելիքների մասին: Նիստում քննարկվեցին նաև կազմակերպական հարցեր, ընդունվեցին համապատասխան որոշումներ։ 

 Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ