[ARM]     [RUS]     [ENG]

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ. ԼՂՀ–ՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը՝ Tert.am-ի հետ զրույցում խոսելով ԼՂՀ-ում ևս սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, տեսակետ հայտնեց, թե Սահմանադրության փոփոխության հարցը ժողովրդի իրավասությունն է, որը կլուծվի միայն ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ:

Պատասխանելով հարցին, թե Ղարաբաղի պարագայում խորհրդարանական կառավարման մոդելն արդարացվա՞ծ է համարում, Արարատ Դանիելյանը նշեց, որ կառավարման ձևը համապատասխանում է այս կամ այն պետության պատմական, ազգային, աշխարհագրական առանձնահատկություններին ու քաղաքական մշակույթին: ՙԿառավարման խորհրդարանական ձևն ունի և՜ առավելություններ, և՜ թերություններ, որոնց մասին կարելի է անվերջ խոսել: Ինչպես հայտնի է, խորհրդարանական համակարգի հիմքը պառլամենտարիզմն է, ինչը ենթադրում է բոլոր տեսանկյուններից իրավասու, կայացած պառլամենտ՚,-ասաց նա: Ըստ նախարարի՝ որպես կանոն, խորհրդարանական հանրապետությունների կայուն զարգացումն ապահովված է երկարատև խորհրդարանական ավանդույթներ ունեցող երկրներում: ՙՀամարվում է, որ կառավարման խորհրդարանական ձևի պայմաններում հստակ երևում են պետական քաղաքականության համար պատասխանատվության սահմանները, որը կրում է քաղաքական այն ուժը, որը խորհրդարանում ունի մեծամասնություն, և որի առաջնորդը, որպես կանոն, երկրի վարչապետն է՚,– ասաց նա: Մյուս կողմից, ըստ Ա.Դանիելյանի, կառավարման նոր ձև սահմանելու համար անհրաժեշտ են համապատասխան զարգացած քաղաքական և կուսակցական համակարգեր, ժողովրդավարական քաղաքական մշակույթ, խորն արմատավորված սահմանադրա-իրավական ժողովրդավարության ավանդույթներ: ՙԽնդիրն այն է, թե որքանով են մեր պետությունը և հասարակությունը համապատասխանում այդ չափանիշներին՚,- նշեց նա՝ միաժամանակ շեշտելով, որ, անկասկած, կարող են փաստել, որ դրանց ձևավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթանում է անկախության հռչակման պահից: ՙԲայց անկախության 25 տարիները, երևի թե, բավարար չեն հասարակության մեջ դրանց արմատավորման համար: Անհրաժեշտ է նաև ուսումնասիրել անցյալի փորձը, վերհանել գործող Սահմանադրության բացերը, թերությունները և դրանց տալ օբյեկտիվ գնահատական: Ներկա փուլում, երբ դեռևս չկան կոնկրետ առաջարկություն, նախագիծ, կարծում եմ՝ վաղ է որևէ քաղաքական կանխատեսումներ անել: Անկախ ամենից, Սահմանադրության փոփոխության հարցը ժողովրդի իրավասությունն է, այն կլուծվի միայն ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ՚,- եզրափակեց Ա. Դանիելյանը։