[ARM]     [RUS]     [ENG]

ԽՍՏԱՊԱՀԱՆՋ ՈՒ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ՝ ԻՐ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՆԴԵՊ

Արցախցի երաժշտասերների համար Լիլիթ Սաֆարյանը նոր անուն չէ. իր գեղեցիկ սոպրանոյով, երգի մատուցման ուրույն մեկնաբանությամբ և երգացանկում ընդգրկված գործերի բազմազանությամբ նա վաղուց է արժանացել հանդիսատեսի ուշադրությանը:

2014-ի գարնանն իր ստեղծած ՙԱվետում՚ վոկալ անսամբլի անդրանիկ ելույթով նա լուրջ հայտ ներկայացրեց` ազդարարելով մի նոր ու ինքնատիպ խմբի ծնունդը, որը չի պատրաստվում քայլել տրորված ճանապարհով: Միաժամանակ, այն երկար սպասված նվեր էր հոգևոր երաժշտությամբ հետաքրքրվողների համար:

Լիլիթը ծնվել է Ստեփանակերտում: Հասակ է առել մի ընտանիքում, որտեղ անպակաս են երաժշտությունն ու գեղեցիկ արվեստները: Հայրը` արվեստի վաստակավոր գործիչ Ալբերտ Սաֆարյանը, դեռ մանկուց խրախուսել է դստեր առաջին քայլերն արվեստի աշխարհում` քաջ գիտակցելով, որ բնատուր շնորհի` ձայնի ու ժառանգականության դեմ հարկ է ոչ թե պայքարել, այլ դրան օժանդակել: Ավելին` աչքի առաջ ունենալով իր մոր օրինակը, ով անչափ գեղեցիկ ձայն ուներ և սիրում էր երգել, բայց ում հայրն արգելել էր հանրության համար երգել, Ալբերտն օգնում էր դստերը խորհուրդներով` հոգու խորքում փայփայելով այն հույսը, որ Լիլիթը մի օր կյանքի կկոչի Քնար տատիկի անկատար երազանքը: Ասենք, որ այս ընտանիքը հավակնում է ՙերաժշտական՚ մակդիրը կրելու պատվին, քանի որ երաժշտությունն արդեն երրորդ սերնդի անբաժան ուղեկիցն է` ի դեմս փոքրիկ շեփորահար Արսեն Սաֆարյանի, ով արդեն իր հաջողություններով հպարտանալու իրավունք ունի: Դեռևս պատանի տարիքում, երբ Լիլիթը եկեղեցի էր գնում, երգչախմբի կամ մենակատարի երգեցողությունը նրան շատ էր գրավում: Այն ժամանակ նրա երազանքներն արվեստի աշխարհում այլ ոլորտում էին թևածում. բալետի պարուհի դառնալու փափագով նա ընդունվեց մայրաքաղաքի Գյուրջյանի անվան արվեստի դպրոց, սակայն շուտով հասկացավ, որ իր կոչումն այլ է… Տանն ուներ Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները, որոնցով այնքան էր տարվում, որ ակամայից սկսում էր երգել նրա հետ: Իսկ հետո, երբ մենակ էր երգում, կողքից հնչող կարծիքները` թե իր սիրելի երգչուհու նման է երգում, թևավորեցին նրան, որովհետև երգել այնպես, ինչպես Լուսինեն էր երգում, նրա մեծագույն փափագն էր: Երաժշտական ուսումնարանի վոկալ բաժին ընդունվելու որոշումն էլ հանկարծակի ընդունեց` անսպասելի նույնիսկ տնեցիների համար: Հոր հետ խորհրդակցելուց հետո, թե ինչ պիտի սովորել երգչախմբում երգելու համար (քանի որ ուզում էր նախ եկեղեցու երգչախմբում երգել, հետո մենակատար դառնալ), կես տարի պարապեց և ընդունվեց խմբավարության բաժին` ուսումը զուգահեռելով նաև վոկալի բաժնում: Մասնագիտական բարձրագույն կրթությունը երգչուհին ստացել է Երևանի պետական կոնսերվատորիայում` կրկին համատեղելով խմբավարությունն ու երգեցողությունը, որոնք նրա ստեղծագործական գործունեության ընթացքում առ այսօր շարունակում են քայլել կողք կողքի: Աշխատել է մի շարք համույթներում` որպես խմբավար, մասնավորապես ՙՍասուն՚ և ՙԿարին՚ համույթներում, գործիքավորել և ձայնագրել մի շարք երգեր: Ստեղծագործական կյանքի կարևոր էջերից են Երևանի Սիրահարների այգում նրա վարած ՙԵրգենք հայերեն՚ բացօթյա միջոցառումները: Երգել է Ս. Հովհաննես և Ս. Սարգիս եկեղեցիներում, իսկ Ս. Խաչ եկեղեցում երգչախմբի ղեկավարն էր ու մենակատարը: Համույթների հետ աշխատանքում նրան մեծապես օգնում է խմբավարի մասնագիտությունը, որովհետև հաճախ ստիպված է լինում գործ ունենալ ոչ վոկալիստների և անմշակ ձայների հետ: Իսկ որքանով է խմբավար Լիլիթն օգնում մենակատար Լիլիթին` հարցին երգչուհին պատասխանեց. ՙԵրբ կոնսերվատորիայի ուսանող էի, խանգարում էր. Գոհար Գասպարյանը ամբիոնի վարիչն էր, և երբ ես երգում էի, նա ասում էր. ՙԱղջի՜կ ջան, որ երգում ես, մի՜ ղեկավարիր՚, որովհետև ես ձեռքով չափ էի տալիս ինքս ինձ: Ինչ-որ տեղ խմբավարությունը խանգարում էր այդ առումով, բայց այդուհանդերձ դրանք իրար լրացնում են: Երկուսն էլ ինձ համար անչափ կարևոր են, և ՙԱվետում՚ վոկալ անսամբլի ստեղծումը լրացրեց այն բացը, որ մեջս կար: Այսինքն` ոչ միայն երգեմ, այլև ղեկավարեմ՚: Նշենք, որ իր կարճատև գործունեության ընթացքում ՙԱվետումն՚ արժանացել է հանդիսատեսի հավանությանը և պրոֆեսիոնալ երաժիշտների բարձր գնահատանքին: 2015-ին անսամբլը հանդես է եկել երկու տարբեր համերգային ծրագրերով՝ նվիրված Ավետման տոնին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հատկանշական է, որ թե՜ խմբավարի, թե՜ մենակատարի նրա աշխատանքը չի վարձատրվում: ՙԵս չեմ վարձատրվում բեմում լինելու համար՚. երգչուհու այս խոստովանությունը թեև արվեց առանց նյութական որևէ ակնկալիքի, այնուամենայնիվ, կարծում ենք, յուրաքանչյուր աշխատանք պետք է արժանիորեն գնահատվի. միայն խանդավառությամբ հեռու չես գնա: Լիլիթ Սաֆարյանը գոհ է 2015-ի ստեղծագործական ընթացքից. տարին նրա կյանքում նշանավորվեց անդրանիկ մենահամերգով, որն, անշուշտ, ներքին կուտակումների արդյունք էր, անցած ճանապարհի յուրօրինակ հանրագումար: Տարեվերջին կայացած այդ համերգը երգչուհու ինքնահաստատման ճանապարհին առաջին լուրջ ձեռքբերումներից պետք է համարել: Նրա երգացանկը հարուստ է ու բազմազան` հայ հոգևոր ու աշխարհիկ երգեր, ռոմանսներ, արևմտաեվրոպական և ռուսական կամերային և օպերային ստեղծագործություններ: Մեր հարցին` ի՞նչ սկզբունքով է ընտրություն կատարել, երգչուհին ասաց. ՙՆախ, դա կամերային վոկալ երաժշտության երեկո էր: Քանի որ հայկական հոգևոր և աշխարհիկ երաժշտությունը հաճախ եմ բեմ հանում, հանդիսատեսին ներկայանալով նաև օպերային ստեղծագործություններով, այս անգամ ծրագրում ներառեցի տարբեր ազգերի և տարբեր դարաշրջանների երաժշտություն: Դա մի գողտրիկ ծաղկեփունջ էր իմ սիրած ստեղծագործություններից, թեպետ ավելի ընդարձակ երգացանկի գայթակղությունը մեծ էր՚: Այս առումով մենահամերգը մի սքանչելի հրավառություն էր` Շուբերտ, Բախ, Չայկովսկի, Շտրաուս, Բաբաջանյան, Կոմիտաս, Ռ. Մելիքյան, Վերդի… Տարբեր լեզուներով երգող երգչուհին կարևորում է տեքստային աշխատանքը. թարգմանությամբ յուրացնում է բառ առ բառ` դրանով պայմանավորելով յուրաքանչյուր կատարման հաջողությունը: ՙԴա անհրաժեշտ է, որպեսզի բառը կենդանի մատուցեմ: Այլ հարց է, որ ունկնդիրը կարող է չհասկանալ, բայց երբ բառը կենդանի ես մատուցում, երգի հոգին տեղ է հասնում՚: Արդեն 5-րդ տարին է` Լիլիթ Սաֆարյանը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի վոկալ բաժնում աշխատում է որպես դասատու: Մանկավարժ Լիլիթի հպարտության ակունքը իր շնորհալի ուսանողներն են. ՙԱվարտած երկու ուսանող ունեմ, որոնց ընթացքից շատ գոհ եմ: 2015-ին ուսանողներիցս մեկն ընդունվել է կոնսերվատորիա և շատ էր ուզում միանալ մենահամերգիս, բայց դասերի պատճառով չկարողացավ: Շատ կուզենայի, որ փոխանցածս գիտելիքները բոլոր ուսանողները կարողանային յուրացնել: Ինչ-որ տեղ նույնիսկ անշնորհակալ գործ եմ համարում իմ աշխատանքը, որովհետև երբեք չգիտես, թե քո ուսանողը տվածդ ինչ տոկոսայնությամբ բեմ կհանի: Վոկալ մասնագիտությունը բարդ աշխատանք է, որը կախված է շատ այլ հանգամանքներից` նորմալ քուն, ճիշտ սնունդ, տրամադրություն և այլն. սրանք գործոններ են, որոնք էապես ազդում են ձայնի վրա՚: Գաղտնիք չէ, որ կամերային վոկալ երաժշտության հաջող կատարումը պայմանավորված է երկուսի` մենակատարի և նվագակցողի մանրակրկիտ մշակված համատեղ աշխատանքով: Մենահամերգը դաշնակահարուհի Նադեժդա Հակոբյանի և Լիլիթ Սաֆարյանի առաջին համագործակցությունը չէ. նրանք հրաշալի զգում են միմյանց` յուրաքանչյուրն իր արվեստով ներդաշնակորեն փոխլրացնում է մյուսին: Դաշնակահարուհին համերգի ընթացքում ոչ միայն նվագակցեց, այլև ֆրանսիացի կոմպոզիտոր Սեսիլ Շամինադի ՙՋրահարս՚ և իսպանացի Էռնեստո Լեկուոնայի ՙՄալագուենյա՚ ստեղծագործությունների իր վարպետ կատարումներով գերեց ունկնդրին: Երգչուհին խստապահանջ ու նախանձախնդիր է իր արվեստի հանդեպ. բեմական արտաքինը, արտիստիզմը, ստեղծագործությունն զգալու և մեկնաբանելու բնատուր ձիրքը տրամադրում են հանդիսատեսին, ով դահլիճից հեռանում է նորանոր հանդիպումների ակնկալիքով: Խնամքով ու ժանրային առումով բազմազան ընտրված ծրագիրը կարող էր գոհացնել անգամ ամենախստապահանջ ունկնդրին: Հատկապես կուզենայինք ընդգծել մի կարևոր հանգամանք. ռոմանսը` հայկական և ռուսական, ևս ծրագրի մաս էր կազմում: Ցավոք, հայ դասական երաժշտության մի գեղեցիկ բաժինը` ռոմանսը, գրեթե անտեսված է մեր երգիչ-երգչուհիների կողմից: Մեզ հետ զրույցում Լիլիթը նշեց, որ ինքը պատրաստ է ունկնդրին ներկայանալ հայկական ու ռուսական ռոմանսի ընտիր էջերով` առանձին համերգներով: Իհարկե, այս ծրագրերը հնարավոր կլինի կյանքի կոչել միայն մշակույթի նախարարության և շահագրգիռ այլ կազմակերպությունների օժանդակությամբ: Երգչուհին նաև իր երախտագիտությունը հայտնեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանին ՙԱվետում՚-ի համերգներին և իր մենահամերգին աջակցելու համար: Նշենք, որ նախարարության նախաձեռնությամբ երգչուհին ելույթներով հանդես է եկել արտերկրում` Նորվեգիայում, Դանիայում, Լիբանանում: 

Մելանյա ՄԻԼՈՆՅԱՆ