[ARM]     [RUS]     [ENG]

ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Մարտի 2-ին լրացավ Արցախյան գոյամարտի մասնակից, ԼՂՀ վաստակավոր բժիշկ, գրող-հրապարակախոս, ՀՀ գրողների միության անդամ, երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանի 77¬ամյակը:

2012թ. հուլիսին իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր ժողովրդի կողմից սիրված ու հարգված հայորդին և թաղվեց ՙԵռաբլուր՚ զինվորական պանթեոնում՝ զոհված զինակից ընկերների կողքին։ Բժշկի ծննդյան օրը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի մշակույթի տանը (գործում է 2008 թվականից) տեղի ունեցավ ՙՀավերժի ճամփորդը՚ խորագրով միջոցառումը, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ավանի վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բժշկի մարտական ընկերները, ընտանիքի անդամները, բարեկամներ, Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը, լրագրողներ: Ավանի մշակույթի տան ՙՀրաշամանուկ՚ ստուդիայի (ղեկավար՝ մշակույթի տան փոխտնօրեն Սասուն Առաքելյան) սաներն Արցախին նվիրված երգով ազդարարեցին ցերեկույթի սկիզբը, այնուհետև հնչեց ազգագրական, ռազմահայրենասիրական երգ ու երաժշտություն։ Ընթերցվեցին հատվածներ բժշկի մասին գրված տարբեր հեղինակների նյութերից: Մանրամասն անդրադարձ կատարվեց օրվա հերոսի կենսագրությանը՝ մանկություն, կրթություն, պատերազմի անցած ուղի, հետպատերազմյան քաշաթաղյան ժամանակաշրջան, հասարակական ու գրական գործունեություն: Ա. Բունիաթյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Աշտարակի շրջան: Ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտում, ավարտելուց աշխատել իր մասնագիտությամբ: Արցախյան պատերազմի ժամանակ Աբովյանի հիվանդանոցից մի խումբ բժիշկների հետ մեկնել է թեժ գիծ, մինչև վերջին օրը ծառայել վիրավոր ազատամարտիկներին կրկին շարք վերադարձնելու ոչ դյուրին գործին: Հանդեսը վարողների, մանուկների ելույթներին զուգահեռ՝ էկրանին ցուցադրվում էին հոլովակներ, լուսանկարներ բժշկի անցած ուղու մասին: Հնչեց նրա կենդանի խոսքը և՜ պատերազմի, և՜ հետագա տարիների մասին: Միջոցառման անմիջական մասնակիցների կողմից արվեցին մեջբերումներ պատերազմի տարիներին նվիրված 8-հատորյա հուշագրություններից, կնոջն ու երեք դուստրերին գրած նամակներից: Երևակայական հարցազրույցն առավել բացահայտեց մեծ հայի, բարեհոգի ու հոգատար բժշկի, արվեստագետի, սիրելի ամուսնու և ծնողի, նժդեհականի և դաշնակցականի էությունը: Նրա անցած ուղին բերվեց օրինակ՝ որպես իսկական հայի ճանապարհի: Բժիշկը լավ էր հասկանում, որ հարաբերական դադարը դեռ պատերազմի ավարտը չէ, դեռ շատ գործ կա անելու, հասկանում էր, որ ազատագրված տարածքները պետք է շենացնել, հենց այդ պատճառով իր հետագա կյանքը նվիրեց Քաշաթաղին. Բերձոր շրջկենտրոնում 1995-96 թվականներին հիմնեց հիվանդանոց: Գլխավոր բժիշկը նաև առաջին վերաբնակիչներից էր, ով արեց ամեն ինչ՝ բուժմիավորումը զարգացնելու, բնակչության առողջական խնդիրներին լուծում տալու համար: Եվ, չնայած հիվանդանոցային դժվար պայմաններին, կատարում էր վիրահատություններ, ազատագրված հայրենիքում ընդունում ծնունդներ՝ ունենալով պարտադիր պայման, որ ամեն նորածին քաշաթաղցի պետք է հայկական անուն ունենա: Մշակութային մասից հետո Արցախ Բունիաթյանի մասին հիշողություններ պատմեցին մարտական ընկեր Սարգիս Հացպանյանը, գործընկեր, Արցախյան գոյամարտի մասնակից, կանանց միության հիմնադիր և նախագահ գնդապետ Աիդա Սերոբյանը, ով նկարագրեց դաշտային հոսպիտալը և Արցախ Բունիաթյանի աշխատանքն այնտեղ: Գնդապետը նրան հետմահու պարգևատրեց ՙՀայոց բանակի 20¬ ամյակ՚ մեդալով, որն Արցախ Բունիաթյանի կնոջ՝ Սոնայի առաջարկով հանձնվեց բժշկի եղբորորդուն: Քաշաթաղի հոգևոր հովիվ Աթանաս վարդապետ Մովսիսյանը, ով դեռևս 1960-ական թվականներից է ընկերացել Արցախին, միասին են Վարագ Առաքելյանի և այլ նվիրյալների հետ Նժդեհի մասունքներն ամփոփել Սպիտակավոր եկեղեցու մոտ ու Խուստուփի լանջին, ներկայցրեց ընկերոջը՝ որպես իդեալական մարդասեր և հոգատար բժշկի, հայի: Արցախի կինը՝ Սոնա Հովեյանը, ով նաև բժշկի հեղինակած գրքերի խմբագիրն է, հաճախ գրի առնողը, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին: Երեկոն ամփոփեց Արցախի եղբայրը՝ Վովա Բունիաթյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին, մասնակից մանուկներին, կազմակերպիչներին, նշելով նաև, որ արդեն ժամանակն է՝ Քաշաթաղի շրջանային բուժմիավորումը կոչել բժշկի անունով: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը տեղեկացրեց, որ հիվանդանոցի նորակառույց շենքը շուտով կհանձնվի շահագործման, և բուժմիավորման անձնակազմի առաջարկով այն կկոչվի բժշկի անունով: Ավանի մշակույթի տան տնօրեն, Արցախի եղբոր դուստր Անահիտ Բունիաթյանի նախաձեռնությամբ իրականացված ցերեկույթը, որի ժամանակ նաև նախորդ տարի տպագրված ՙՀուշապատում՚ գրքի շնորհանդեսն անցկացվեց, ամփոփվեց Գուսան Հայկազունի ՙՊիտի գնանք…՚ երգով: 

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ ք. Բերձոր