[ARM]     [RUS]     [ENG]

ՙԳԱՐՈՒՆԸ ԱՅՆՔԱ՛Ն ԾԱՂԻԿ Է ՎԱՌԵԼ...

Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին... Ու այնպես գերող, այնպես հմայիչ։

Այդպես գերող ու հմայիչ մեկ էլ կարող է լինել միայն մայրը, կինը՝ արարիչը կյանքի, հենասյունը օջախի, պատվարը հավերժական սիրո։ Պատահական չէ, որ խորհրդանշորեն նույնանում են գարունն ու կինը, Մայրը՝ իր արարչագործ ու ստեղծարար առաքելությամբ։ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա մեկնարկով ու մինչև ապրիլի 7-ը տևող միջոցառումները վերստին փաստում են, որ մեր մայրերը, տիկնայք և քույրերը շրջապատված են ուշադրությամբ ու հոգատարությամբ։ Նրանք սիրված ու գնահատված են պետության, շրջապատի կողմից։ Մարտի 7-ին մայրաքաղաքի ՙՎալեքս¬Գարդեն՚ հյուրանոցային համալիրում Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության բաժնի (վարիչ՝ Կարինե Հարությունյան) նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։ Մեծարման երեկոյին հրավիրված էին ԱԺ պատգամավորներ, նախարարներ, մշակութային ու կրթական համակարգի պատասխանատուներ, ազատամարտի վետերան ու զինծառայող կանայք, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, վաստակավոր բժիշկներ ու մանկավարժներ։ Անվանի կանայք, ովքեր այս կամ այն բնագավառում իրենց նվիրված աշխատանքով ու ծառայությամբ նպաստել են Արցախի բարգավաճմանն ու զարգացմանը։ Երեկոյի կազմակերպիչներն ուրախ էին փաստելու, որ կրկին առիթ ունեն մեծարելու հայ կնոջը։ Նրան, ով անկախության գինն իր մաշկի վրա զգացել է ոչ միայն մարտի դաշտում, հակառակորդի հետ դեմ առ դեմ մարտնչող իր որդու միջոցով, այլև նկուղներում անկախության սերնդին դաստիարակելու, նրան անկոտրուն ոգի ներարկելու միջոցով։ Արցախյան գոյապայքարն ապացույցն էր այն բանի, որ հերոս է յուրաքանչյուր արցախցի կին։ Չէ՞ որ հենց նա է դաստիարակել ուժեղ ու հայրենասեր քաջորդիներին, մարտի մղել իր զինվոր¬ազատամարտիկ որդուն ու սպասել նրա հաղթական վերադարձին։ Երեկոյի մասնակիցները գլուխ խոնարհելով՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի բոլոր զոհերի և հետպատերազմյան տարիներին իրենց կյանքը զոհաբերած քաջարի մարտիկների հիշատակը։ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի դասախոս Սուսաննա Ավշարյանը ցանկացավ, որ կանայք սիրված ու գնահատված լինեն տարվա բոլոր օրերին։ Հանրապետության ժողովրդական արտիստ Նաիրուհի Ալավերդյանը ոչ միայն երգեց հանդիսավոր միջոցառման մասնակիցների համար, այլև իր բարեմաղթանքները հղեց բոլոր հայ կանանց ու մայրերին։ Մեր ազգը, ասաց նա, հզոր է նաև իր արժանապատիվ կանանցով։ Թող այլևս մեր մայրերի աչքերում արցունքներ չլինեն, իսկ եթե լինեն, ապա միայն ուրախության արցունքներ։ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը շնորհակալություն հայտնեց Ստեփանակերտի քաղաքապետարանին հաճելի անակնկալի համար, միաժամանակ նշելով, որ իր համար մեծ հպարտություն է գտնվել անվանի կանանց շրջապատում, վայելել նրանց ներկայությունը, ովքեր նշանակալից ներդրում են ունեցել Արցախյան հաղթանակների (նաև խաղաղ շինարարության) կերտման գործում։ Ըստ Ն. Աղաբալյանի՝ իր սերնդի համար մեծ պատիվ է պատասխանատվություն կրել այս ժամանակահատվածում, ասել է թե՝ նոր հաղթանակների կերտման ու արարման ժամանակաընթացքում։ Տոնական միջոցառմանը մասնակից շուրջ յոթ տասնյակ կանայք Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արժանացան նվերների։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ