[ARM]     [RUS]     [ENG]

ԶԱՐԳԱՑՄԱՆ 24 ՏԱՐԻ

ՙՀայկական պետականության կայացման ու զորացման գործին համայն հայության ուժերի եւ կարողությունների համախումբ գործադրման նպատակով որոշում եմ հիմնել Հայաստան համահայկական հիմնադրամը՚. Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի 1992 թվականի մարտի 3-ի այս որոշմամբ սկսվեց Հիմնադրամի ուղին, որն այսօր ոչ թե պարզապես գոյության 24 տարիներով, այլ Հայաստանում ու Արցախում կառուցված հարյուրավոր դպրոցներով ու մանկապարտեզներով, հիվանդանոցներով ու համայնքային կենտրոններով է չափվում: 

 25 տեղական մարմին ունի 22 երկրում: Նաեւ անչափելին կա:  Հայրենիքն ընդհանրապես չտեսած շատ հայեր իրենց արմատների հետ կապը հենց Հիմնադրամի ծրագրերին մասնակցելով են վերականգնել:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հիմքում ստեղծումից ի վեր ազգային միասնությունն ու համերաշխությունն է: Դա է, որ կարողացել է արդեն 24 տարի ընդհանուր գաղափարների շուրջ համախմբել այլ ոլորտներում հաճախ միմյանց հետ մրցակցող կառույցներին ու գործիչներին. ՙՀիմնադրամի ղեկավար մարմնում հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաներն են, բոլոր եկեղեցիների ներկայացուցիչները, ավանդական կուսակցությունները, ճանաչված գործիչներ եւ գործարարներ հայրենիքից եւ Սփյուռքից՚,- թվարկում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնի ղեկավար Հասմիկ Գրիգորյանը:

Ազատամարտից հետո, անկախ բնակության վայրից, ազգային միասնության ու համերաշխության ոգին հայերիս մեջ ամրապնդող կարեւոր օղակներից մեկը դարձավ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը: Նրա միջոցով յուրաքանչյուր հայ կարող է մասնակիցը դառնալ հայրենիքում իրականացվող ծրագրերին:  Իսկ երբ խոսքը ռազմավարական ծրագրերի մասին է` առավել կարեւորվում է ներդրված յուրաքանչյուր լուման: ՙՆման ծրագրերի շարքում կարող ենք առաջին հերթին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը տեսնել,- ընդգծում է Հիմնադրամի ներկայացուցիչը:- Դրան համարժեք կարող է դառնալ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը, որի շինարարությունը կավարտվի այս տարի՚: Սկսվել է նոր ծրագիրը: Դրամահավաք-2015-ի հռչակած նպատակին համահունչ` Արցախում արդեն մեկնարկել են բազմազավակ ընտանիքների համար բնակարանների կառուցման աշխատանքները: ՙԱրդեն սկսել ենք շուրջ երկու տասնյակ բնակարանների շինարարությունը: Դրանցից մի քանիսը պատրաստ կլինեն մոտակա ամիսներին՚,- վստահեցնում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ԼՂՀ ծրագրերի ղեկավար Վալերի Ղազարյանը:

Զուգահեռ` աշխատանքները շարունակվում են նաեւ ավանդական ուղղություններում` դպրոցաշինությունից մինչեւ համայնքային կենտրոնների կառուցում: Այս պահին Հիմնադրամի ֆինանսավորմամբ շինարարական աշխատանքներ են իրականացվում հանրապետության գրեթե բոլոր շրջաններում` մայրաքաղաք Ստեփանակերտից մինչեւ հեռավոր, սահմանամերձ գյուղեր: ՙՍտեփանակերտում համար 9 դպրոցն է հիմնանորոգվում, կառուցվում է Ուռուցքաբանական կենտրոնը, տարբեր շրջաններում համայնքային 6 կենտրոնների կառուցումն է շարունակվում, հնարավոր է սկսվի նորերի շինարարությունը՚,- թվարկում է Վալերի Ղազարյանը եւ հավելում` սա դեռ ողջ ցանկը չէ:

Ծախսերի թափանցիկության եւ բազմաշերտ հսկողության ապահովումը Հիմնադրամի կարեւոր սկզբունքներից մեկն է մնում: Իսկ որ իրականացվող ծրագրերը պահանջված են` փաստում է Արցախի կառավարությունը` արդեն տարիներ շարունակ որպես համաֆինանսավորող մասնակցելով Հիմնադրամի նախաձեռնություններին եւ դրանով իսկ ավելացնելով վերահսկողության մեկ շերտ եւս:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ