[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՍՈՒՐԲ ԳՈՐԾՆ Է

Մենք՝ հայերս, երբեք չենք վախեցել թշնամուց, քանի որ միշտ էլ ունեցել ենք բարձր մարտական ոգի և անսահման նվիրվածություն հայրենիքին։

Առավել ևս, չենք վախենում այսօր, քանի որ ունենք հզոր ու մարտունակ բանակ, որի շնորհիվ Արցախ աշխարհում ապրում ենք ազատ ու անկախ։

 Զինվորը ծառայության ընթացքում իսկապես փոխվում է, դառնում հասուն տղամարդ։ Դա արդյունք է ՊԲ-ում անցկացվող նպատակային զորավարժությունների և ճիշտ դաստիարակության։

Հայոց բանակի,  հայ զինվորի մասին է պատմում  ամիսներ  առաջ զորացրված՝ ԼՂՀ ՊԲ Ն զորամասի նախկին զինծառայող Վաչիկ ԴԱԴԱՅԱՆԸ։

Մեր զրուցակցի  խոսքով՝ բանակի մասին լսել է դեռևս դպրոցական տարիներին։ Անցնելով ՆԶՊ առարկան, հասցրել է յուրացնել  շատ բան։ Իսկ բանակում ծառայելու տարիներին նրան օգնեցին դպրոցում յուրացրած գիտելիքները։ 

Նախկին զինծառայողի բնութագրմամբ՝ բանակ մտնում ես անհոգ պատանու նման, իսկ այնտեղից դուրս գալիս որպես կայացած երիտասարդ։ Ծառայությունը ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ է երիտասարդին, քանի որ այն ուղի է հարթում հետագա դժվարությունների հաղթահարման համար, ուստի,   այն կյանքի կարևորագույն դպրոց է։ Սովորել է դիմակայել դժվարություններին, շրջապատի նկատմամբ լինել ուշադիր և հոգատար։ Մինչ այսօր էլ ընկերների հետ կապը պահպանում է։  

Հայրենիքը պետք է համեմատել ընտանիքի հետ, շարունակում է զրուցակիցս, եթե հայրն ու մայրը կատարում են իրենց պարտականությունները, ուրեմն կայուն է ընտանիքը։ Նույնը վերաբերում է հայրենիքին. բոլորը պետք է կատարեն իրենց պարտականությունները՝ իմանալով, որ գլխավորը հայրենիքին անմնացորդ ծառայելն է։ Արցախահայությունը մեզ պարտադրած  պատերազմից դուրս եկավ  հաղթանակած՝ թշնամուն  ապացուցելով, որ  այս  հողի վրա միշտ  ապրելու է հայը։

Վաչիկը հպարտությամբ կրել ու խնամքով պահում  է իր զինվորական հագուստը. մարդ առաջին տպավորությունն ստանում է հենց հագուկապից, պահվածքից։ 

Նա երբեք չի մոռանա մարտական դիրքերում իր անցկացրած ամիսները։ 

 Հպարտությամբ է վերհիշում այն պահը, երբ չորս ժամը մեկ իրեն էին վստահում հայրենիքի սահմանի որոշակի հատվածը։ Այս կյանքում ոչ մեկը ապահովագրված չէ, մանավանդ դիրքերում։ Մտավախություն միշտ էլ կար, ինչն էլ ստիպում էր, որպեսզի լինի ավելի զգոն ու աչալուրջ։ 

Կասկած չկա, եթե պետք լինի, նա կրկին  զենք կվերցնի ու կգնա մայր հողը պաշտպանելու։ Ասում է՝ միայն ինքը չէ, բոլորն են պատրաստ՝ հանուն հայրենիքի, հանուն մեր ազգի, հանուն մեր ազատ ու անկախ Արցախի լուսավոր ապագայի…

Մենք պարտավոր ենք պահպանել այն ամենը, ինչ ձեռք է բերվել հազարավոր զոհերի արյան գնով։ 

 

Սիրա ԱՎԱՆԵՍՅԱՆ