[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ

ՙՊատանի երկրապահը՚ հաջողությամբ հանձնեց ստուգատեսը

 2014-ի սեպտեմբերի 9-ին ՀՀ երկու նախարարությունների՝ պաշտպանության եւ կրթության եւ գիտության, ինչպես և Երկրապահ կամավորականների միության միջեւ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որով պաշտոնապես ամրագրվեց, որ Հայաստանի բոլոր դպրոցներում գործելու են ՙՊատանի երկրապահ՚ հայրենասիրական ակումբներ: 

Տեղեկացնենք, որ ՀՀ  ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի կազմում ընդգրկված են Կապանի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի և Քաշաթաղի տարածքային բաժանմունքները: Փետրվարի 24-ին մարզային խորհրդի փոխնախագահ, Գորիսի տարածքային բաժանմունքի նախագահ Սուրեն Բաղդասարյանի, փոխնախագահ Արայիկ Ղասումյանի, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի նախագահ Սեյրան Պողոսյանի հետ մեկնեցինք Կապան, որտեղ մարզպետարանի հարակից հրապարակում կայացավ ՙՊատանի երկրապահ՚ ակումբների ջոկերի ստուգատես: Այստեղ էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ագարակի, Քաջարանի և այլ տարածքային բաժանմունքների պատանի երկրապահները: 

Մինչ ստուգատեսը ՀՀ ԵԿՄ մարզային խորհրդի բոլոր բաժանմունքների ներկայացուցիչները՝  խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ, այցելեցին Կապանի՝ Արցախյան գոյամարտում մարտիրոսված հերոսների պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին զոհվածների շիրիմներին, սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու և Հայրենական մեծ պատերազմի նահատակներին նվիրված հուշակոթողի պատվանդաններին։ Հրապարակում, որտեղ շարվել էին դպրոցահասակ երկրապահները, ՙՊատանի երկրապահ՚ ակումբների մարզխորհրդի նախագահ կապիտան Զարզանդ Նիկողոսյանը  մարզային խորհրդի նախագահին զեկուցեց, որ պատանի երկրապահները պատրաստ են ստուգատեսին:  Այնուհետև զինվորական երաժշտության հնչյունների ներքո դրոշակակիր վաշտը հրապարակ բերեց ՀՀ, ԼՂՀ պետական և ԵԿՄ դրոշները: Հնչեցին ՀՀ և ԵԿՄ օրհներգերը: Պատանի երկրապահներին տերունական աղոթքով օրհնեց Կապանի հոգևոր հովիվ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու քահանա Տեր Վահան Հեբոյանը: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Մխիթար Հարությունյանը, ողջունելով ներկաներին, ընթերցեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ուղերձը: ԵԿՄ ՙԵրիտասարդ երկրապահ՚ ակումբների Սյունիքի մարզային խորհրդի նախագահ, Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը կարևորեց պատանի և երիտասարդ երկրապահների դերը՝ որպես վաղվա զինվոր ու երկրի քաղաքացի: Իր որդու ընկերներին ողջունեց պատանի երկրապահի հայր Ռոբերտ Բակունցը: Պատանի երկրապահ, Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Աննա Թադևոսյանը նշեց, որ հասակակիցներով գիտակցում են իրենց դերը և որ հուսախաբ չեն անի առաջինն իրենց ծնողներին, ուսուցիչներին, հրամանատարներին և մեր ողջ ժողովրդին: 

Ելույթներից հետո պատանի երկրապահները հանդես եկան մարզական և մարտարվեստի ցուցադրական ելույթներով՝ դրսևորելով իրենց հմտությունները, ուժն ու ճարպկությունը: Եղավ նաև մշակութային մաս: Զ. Նիկողոսյանը ջոկերի հրամանատարներին տվեց հանձնարարականներ, երեխաներին խորհուրդներ՝ հետագայում ավելի լավ հանդես գալու համար: Հանդիսավոր մասից հետո ստուգատեսի մասնակիցներն օգտվեցին դաշտային խոհանոցից՝ վայելելով զինվորական կերակուրներ: Կապանի տարածքային բաժանմունքի նախագահ Մանվել Օհանյանը կարևորեց պատանի երկրապահի դերը բանակի ավելի մարտունակ դառնալու և բարոյահոգեբանական մակարդակի  բարձրացման գործում: Քաջարանի բաժանմունքի նախագահ Հովիկ Մատինյանը, ով երկար տարիներ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ և լավ գիտի մանուկների հոգեբանությունը, նշեց, որ մեծ է աշակերտների ցանկությունը՝ ընդ-գրկվել պատանի երկրապահների ակումբներում: 

Մեղրիի տարածքային բաժանմունքի նախագահ Հայկ Աղամալյանը հպարտ էր իր պատանիներով, ովքեր լավ հանդես եկան ստուգատեսում: Վերադարձին  Շուռնուխ գյուղի մոտակայքում Սուրեն Բաղդասարյանը վերհիշեց պատերազմական տարիները, հատկապես 1990-92 թվականները, երբ Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի շրջանների թուրքերին թև ու թիկունք էր խորհրդային բանակը, ճանապարհը հաճախ վերահսկվում էր նրանց կողմից: Այս տարածքում է վիրավորվել ինքը, այստեղ է զոհվել եղբայրը՝ Վոլոդյան: Այժմ ճանապարհն ազատ է, հայ ազատամարտիկներին հաջողվեց ազատագրել նաև մեր պատմական հայրենիքի՝ Ադրբեջանին բռնակցված տարածքները՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Կովսական, Քաշունիք, Աղահեճք-Քաշաթաղ և այլ գավառներ, որոնք այժմ Արցախի Քաշաթաղի շրջանի կազմում են, վերստին հայացել  ու շենանում են:  ՙՊատանի երկրապահ՚-ի առաքելությունն է հենց այսօրվանից դառնալ մեր հայրենիքի տերն ու պաշտպանը, բժիշկն ու հողի մշակը, ուսուցիչն ու շինարարը, և նման ստուգատեսներ հենց այդ նպատակն  են հետապնդում:    

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ 

ք. Բերձոր