[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՐՏԱՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏՎԵՑ ԼԱՎ

Մարտի 12-ին տեղի ունեցավ Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանի հաշվետվությունը 2015 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցում էին նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն ու Մարտունու շրջվարչակազի ղեկավար Կարեն Թովմասյանը։

 Ըստ համայնքապետի զեկույցի, տարեկան բյուջեով նախատեսված ծախսերի պլանը կատարվել է 79,3 տոկոսով։ Քաղաքում բարեկարգման աշխատանքներ են կատարվել ճանապարհաշինության և լուսավորության ուղղությամբ։ 2015թ. բերքի տակ կատարվել է 1186,53 հա աշնանացան մշակաբույսերի ցանքս, որից 813,8 հա ցորեն, 212,5 հա գարի, 85,23 հա սոյա և 11 հա սորգո։ Կառավարությունն աջակցել է հողօգտագործողներին էժան գներով դիզվառելիք ձեռք բերելու հարցում։ Տարին բերքառատ է եղել. ցորենի բերքատվությունը կազմել է հա-ից մինչև 30ց։ 2016-ի բերքի տակ կատարվել է 1250 հա հերկ։ Գործող 13 կոմբայնները, 32 տրակտորները, 10 շարքացաններն ու 53 բեռնատարներն էլ ամբողջացնում են համայնքի մեքենատրակտորային պարկը։

2016թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքում առկա է 729 գլուխ ԽԵԱ, որի 363-ը՝ կովեր։ Մանր եղջերավորների թիվը կազմում է 1420 գլուխ։ Արտադրվել է 671ց միս։ Համայնքում խնդիրներ կան՝ կապված ջրամատակարարման ցանցի հետ, բայց  այս ուղղությամբ էլ նշանակալի աշխատանքներ են տարվել։ Առաջիկայում կստեղծվի համայնքի կոմունալ տնտեսությունը, ինչից հետո աղբահանության իրականացումը նոր հիմքերի վրա կդրվի։ Արդեն գործում է շտապ օգնության ծառայությունը, շուտով հերթը կհասնի նաև հրշեջ ծառայությանը։

Քաղաքապետ Արթուր Աղաբեկյանի մեկ տարվա գործունեությունը ճարտարցիները գնահատեցին լավ։

Հնչած հարցերը վերաբերում էին արոտավայրերի ռացիոնալ օգտագործմանը, տնկանյութի, սերմացուի և պարարտանյութի տրամադրմանը, ներքին ցանցին, ջրահեռացմանը, դաշտամիջյան ճանապարհներին, շրջանում մսամթերման կետի ստեղծման անհրաժեշտությանը և օրախնդիր այլ հարցերի։ Հարցերի վերաբերյալ պարզաբանումներով հանդես եկան քաղաքապետն ու գյուղատնտեսության նախարարը։

Արամ Մխոյանը նշեց, որ բերքահավաքին նախապատրաստվելու համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն նվիրել հակահրդեհային  միջոցառումներին։ Այս աշխատանքներին հողօգտագործողն ինքը ևս պիտի իր ակտիվ մասնակցությունը բերի։

Պարարտանյութերն ու սերմացուն կտրամադրեն, իսկ նոր այգի հիմնադրել ցանկացողներն էլ տնկանյութ ստանալու համար պետք է ներկայացնեն հայտեր։ Նախարարը հատուկ անդրադարձ կատարեց ոռոգման համակարգի բարելավման և արդիականացման անհրաժեշտությանը և այդ նպատակով պետության կողմից նոր այգի հիմնել ցանկացողներին կաթիլային ոռոգում իրականացնելու համար խողովակների տրամադրման և արտեզյան ջրհորների գործարկման հանգամանքին, ինչպես նաև խոզաբուծության մեկնարկած  ծրագրին, որի նպատակը, սպառողներին էկոլոգիապես անարատ միս մատակարարելուց զատ, նաև աշխատատեղերի ստեղծման խնդրի լուծումն է։

Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ