[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՎԵՏԱԲԵՐՆԵՐԻՑ

ՙՄարտադաշտում մեկն էլ զինվոր է...՚, ճակատային գծում յուրաքանչյուր զինվոր անփոխարինելի է, առաջին հերթին՝ իր մարտական ընկերոջ համար. նախևառաջ զինվորը գիտի զինվորի արժեքը, շարքայինը՝ շարքայինի...

Շարքային Ալեքսանդր Շահնազարյանի քույրը՝ Արեգան, գտնում է, որ հերոսներ են բոլոր նրանք, ովքեր գիտակցված մահվան են գնացել, կամովին ու արժանապատվորեն կրել իրենց Խաչը՝ իրենց բաժին պայքարն ու պատերազմը։

Կամավորականները տարիք չեն ունեցել, նրանք  երիտասարդական ավյունով են մարտնչել՝ լինեն 18, թե 48 տարեկան...   44¬ամյա Ալեքսանդրին հարազատները փորձել են հետ պահել սելավի բերանն ընկնելուց։ Մի որոշ ժամանակ նա ծառայել է սակրավորական գումարտակում, պահեստապետ էր, իրիկունները տուն էր գալիս, զավակները փոքր էին, կինը, մայրն ու քույրը՝ խնամքի կարոտ, բայց նա գտավ, որ իր տեղը  առաջին գծում է, այնտեղ, որտեղ իր ընկերները կենաց ու մահու պայքար էին մղում։ Գնաց ու անդամագրվեց 2-րդ վաշտին։ Հարազատները  վերջին փորձն արեցին, բայց՝ ապարդյուն։ Հետո Ալեքսանդրին հազվադեպ էին տեսնում, կարճ ժամանակով տուն էր մտնում՝ հարազատների որպիսությունն իմանալու, ու շտապում էր միանալու ընկերներին։

Նա մասնակցել է բազմաթիվ մարտերի։ Իրենց վաշտում ամենատարիքովն էր, սրտի բոլոր գաղտնիքները քրոջ հետ էր կիսում, ասում էր, թե շատ է հոգնել, բայց չի կարող ընկերներին թողնել, դա դավաճանություն կլիներ նրանց հանդեպ։ ՙՄիշտ առջևից եմ գնում, ջահելներից մի քայլ առաջ, առաջին ՙուռա՚¬ն ես եմ կանչում, երբ հաղթանակն արդեն իրական ու շոշափելի է՚,¬ պատմում էր քրոջը։ Ժամանակից շուտ ճերմակել, ծերացել էր, վաշտում բոլորը ՙԴեդ՚ էին ասում, սիրում, հարգում ու քաշվում էին  նրանից։ Էությամբ հանդարտ ու հանգիստ էր, մորն էր քաշել, Զինա մայրիկին, ով ծովի պես հանդարտ ու ծով բնավորությամբ բացառիկ հայուհի է, բոլոր հոգսերն ու դժվարությունները տանում էր մեծամորը վայել արժանապատվությամբ,  երբեք նրա բերանից տրտունջ ու դժգոհություն չես լսի։ Զգացմունքներն արտահայտելու մեջ անչափ զուսպ է՝ նման բոլոր որդեկորույս մայրերին և նույնքան տարբեր՝ իր հոգեկան վայրիվերումներով ու տվայտանքներով, որդեկորույս մորն առանձնահատուկ ներաշխարհով՝ սևը ներս արած, սպիտակը՝ դուրս, ինչպես ասում են։ 

Ալեքսանդրը, հարազատների պնդմամբ, հաստատ մորն է քաշել... Ինքն ու իր աշխարհը, ուրույն գույն ու ներկապնակով, խաղաղ ու հանդարտ իր գործին։ Սիրում էր նկարել, նվագում էր տարբեր՝ երաժշտական գործիքների վրա, զբաղվում էր սպորտով։ Օժտված էր շնորհով, ինչի որ մատը կպցներ՝ կանաչում էր, ցանկացած պահի համար նա զբաղմունք ուներ, նրան երբեք չէիր տեսնի պարապ նստած։ Մեծ սեր ուներ մերձավորների հանդեպ։ 

Անչափ նպատակամետ էր,  նրա համառությունը սահմաններ չէր ճանաչում։ Մի անգամ ընտանիքով զբոսանքի էին գնացել, սարի ծերպին թառած մենավոր ծաղիկ՝ էդելվեյս նկատեց, ինչքան տնեցիները փորձեցին հետ պահել, մագլցելով հասավ ժայռի կատարն ու ձեռ¬ոտ արյունոտելով՝ պոկեց այն։ Ի՞նչ իմանաս, հավանաբար մտքում դրել էր, որ էդելվեյս ծաղիկը պոկողին նախախնամությունը երջանկություն է պարգևում (այդպես են ասում), բայց ավա՛ղ, նրան ընդամենը 44 տարվա կյանք էր կանխորոշել։

Ալեքսանդրը  մաքառումներով լի ճանապարհ անցավ, մի ողջ պատերազմ կրեց իր ուսերին՝ իր բաժին պատերազմը, ու երբ այնքա՛ն մոտ էր հաղթանակը... 94-ի ապրիլի 11-ին՝ իր ծննդյան օրը, տուն եկավ, ընդհանրապես, չէր սիրում ծնունդ նշել, բայց այդ օրը... նույնիսկ պարեց (նրան առաջին  անգամ էին տեսնում պարելիս), հետո  կենաց առաջարկեց՝ կրկին զարմացնելով բոլորին, որովհետև նա անուղղելի քչախոս էր։ Քեռուն՝ Ռոմային, պատվիրելու պես ասաց. ՙԵթե ես մեռնեմ, իմ տեղը թափուր չթողնես, դու կվերցնես ավտոմատս՚,-  ասաց ու գնաց, գնաց ու չեկավ...

Քույրը՝ Արեգան, գիշերը երազ տեսավ. տան պատին կախված Քրիստոսի նկարը ծածկված էր արյան պուտերով, առավոտյան առան սոսկալի լուրը... Ապրիլի 12-ին Ալեքսանդրն ընկերներով շրջափակման մեջ էր ընկել, թշնամու  արձակած հրթիռը բզկտել էր նրա մարմինը, տղաներն ազատել են շրջափակումից, մի կերպ հասցրել Աղդամի հոսպիտալ։ Ալեքսանդրը վերջին շնչում շշնջացել է իր զավակների անուններն ու...

22 տարի է արդեն՝ Ալեքսանդրը բացակա է իր ընտանիքից, բայց միայն ֆիզիկապես։ Զոհվելուց 10 տարի անց տուն էին բերել Ալեքսանդր Շահնազարյանի ՙԱրիության համար՚ մեդալով պարգևատրվելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն ու մեդալը, որ տրվում է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության և անձնական խիզախության համար։

Ասում են՝ մայրը պարգևն առել է ափերի մեջ ու շշնջացել բոլոր մայրերի սրտի խոսքը. ՙԹող էլ ոչ մի ծնող չկորցնի իր որդուն, չլինի պատերազմ՚։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ