[ARM]     [RUS]     [ENG]

ԵՎՍ ՄԵԿ ԱՌԻԹ՝ ՄԵԾԱՐԵԼՈՒ ՄԱՅՐԵՐԻՆ

Գարնան ամենագեղեցիկ ու լուսավոր տոների՝ ՙՄարտի 8 - Ապրիլի 7՚-ի՝ միամսյակի կապակցությամբ ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունն իր հարկի տակ հյուրընկալեց  հանրապետության առաջին տիկին Անահիտ Սահակյանին, ԱԺ նախագահի տիկնոջը՝ Լիանա Ղուլյանին և վարչապետի տիկնոջը՝ Քրիստինե Հարությունյանին՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ։ 

 Հյուրերը եղան ԼՂՀ ԱԿԱՀՄ հուշաթանգարանում, որտեղ՝ որպես մասունք, սրբությամբ պահվում-պահպանվում են արցախյան ազատամարտում անհայտ ճակատագրերի արժանացած ազատամարտիկների իրեր, գրառումներ, կենսագրական տվյալներ և նրանց մարտական ուղու մասին պատմող վավերագրություններ։ 

Բարձրաստիճան պետական այրերի տիկնանց հետ հանդիպմանը, որ կայացավ կազմակերպության գրասենյակում, ներկա էին միության վարչության անդամները, անհայտ կորած ազատամարտիկների մայրեր։ Օրն այստեղ տոնական էր, փոխադարձ շնորհավորանքների ու բարեմաղթանքների պակաս չկար։ 

Ողջույնի խոսքում ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահ Վերա Գրիգորյանը շնորհավորելով բոլոր կանանց ու աղջիկներին՝ գարնան հիասքանչ տոների առիթով, արևշատություն, սեր, քնքշություն, կանացի երջանկություն մաղթեց նրանց։ ՙՄեր ժողովուրդը պատմության քառուղիներում իր երթն ապահովել և իր ազգային նկարագիրը պահպանել է ընտանիքի մոր՝ կնոջ միջոցով,- ասաց տիկին Վերան։- Նրա շնորհիվ մարտի դաշտում գտնվող ռազմիկն իր թիկունքն ամուր է զգացել։ Իսկ եթե կին է եղել կողքին՝ որպես զինակից ընկեր, տասնապատիկ հզոր ու անպարտելի է դարձել՚։  Միության նախագահն անդրադարձավ նաև կազմակերպության կողմից արված գործերին ու առաջիկա անելիքներին, այլ կազմակերպությունների հետ համագործակցությանը։ 

Անհայտ կորած ազատամարտիկ Սլավիկ Միրզոյանի  կնոջ  Էվելինա Աղաջանյանի խոսքը՝ շնորհավորանքներից զատ, լի էր հույսով ու սպասումով. ՙՄԵր պետականության կայացման գործում մեծ է կնոջ դերը, ու մենք քաջ գիտակցում ենք դա։ Հայ կինը միշտ էլ եղել է հանդուրժող, համբերատար, և մեզ վերապահված առաքելությունը մենք փորձում ենք պատվով կատարել թե՜ աշխատանքում և թե՜ ընտանիքում…Տարիներն անցնում են, բայց մեր վիշտը, ցավը ամոքող չկա։ Դժվար է անհայտության քողի տակ տարիներ շարունակ ապրելը, բայց մենք դարձյալ չենք հուսահատվում՝ սպասում ենք, որ մի օր էլ մեզ համար փոքրիկ մի լույս կճառագի՚։ 

 Միջոցառման մասնակից մայրերին ու կանանց շնորհավորեց նաև Նարինե Աղաբալյանը։ ՙՄարդու համար թերևս ամենադժվարը անորոշությունն է, որի ցավը զգում եք դուք արդեն երկու տասնամյակ։ Ի դեմս այս կազմակերպության՝ դուք գուցե թե գտել եք փոքրիկ մի սփոփանք, որը ձեզ ուժ է տալիս, բորբոք է պահում հույսի կրակը ձեր հոգիներում։ Թե ինչպիսի զարգացումներ, ինչ լուրեր կլինեն վաղը կամ մյուս օրը՝ ոչ ոք չգիտի, բայց դուք շարունակում եք համբերատար սպասել՝ մարմնավորելով հայ կնոջ, հայ մոր կերպարը։ Մենք գլուխ ենք խոնարհում ձեր առջև…՚։

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը հետաքրքրվեց միության խնդիրներով, մասնավորապես՝ որոնողական աշխատանքներով ու արձանագրված հաջողություններով։

Տոնական օրն ուղեկցվեց պարգևատրումներով, նվերներով ու ծաղիկներով։ Նվերների հովանավոր՝ անհատ ձեռնարկատեր (ՙՍանտա՚) Վարդուշ Մնացականյանը միության հետ սերտ համագործակցության համար պարգևատրվեց ԼՂՀ ԱԿԱՀՄ ՙՀայրենիք և հավատ՚ մեդալով։   

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ