[ARM]     [RUS]     [ENG]

ԺԱՄԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ասկերանի շրջանի Նոր Նորագյուղն Արցախի խոշոր և բարգավաճող գյուղերից է։

Այն սարահարթ է իջել 1966 թվականին։ Հին Նորագյուղի հիմնադրման մասին ստույգ տեղեկություններ չկան, քանզի բնակավայրը մինչ այդ երկու անգամ փոխել էր տեղը։ Ոմանք ասում են, որ այն հիմնադրվել է 18-րդ դարում, ոմանք էլ դա վերագրում են ավելի վաղ ժամանակներին։ 

Մարտի 26-ին նորագյուղցիները նշեցին նոր գյուղի հիմնադրման 50 տարին։ Նշեցին մեծով ու փոքրով, երկրիս ղեկավարության հետ։ Նոր Նորագյուղի կեսդարյա հոբելյանի առթիվ այստեղ կազմակերպված տոնակատարություններին իրենց մասնակցությունն էին բերել Արցախի իշխանությունները՝ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի վարչակազմը՝ Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ, Ժամանել էին հյուրեր Հայաստանից, ԼՂՀ տարբեր բնակավայրերից։ Վաղ առավոտից Նորագյուղում թնդում էր երգ-երաժշտությունը։ Համայնքի ղեկավար Էդուարդ Մարդյանի ուղեկցությամբ հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը ծաղիկներ խոնարհեց Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված նորագյուղցիների հիշատակը հավերժացնող խաչքարին։ Գյուղապետարանի ակումբում, որտեղ կայացավ  հանդիսավոր ժողովը, Նախագահ Սահակյանն ու հյուրերը դիտեցին հին և նոր Նորագյուղի մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսը (հեղինակ՝ Վալերի Պետրոսյան)։

Հանդիսավոր ժողովին բացման խոսք ասաց համայնքի ղեկավարը։ 

Հնչեց երկրի օրհներգը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակը։ 

Գյուղի հիմնադրման ու նախապատմության մասին՝ մտահղացումից մինչև իրականացում, հանգամանալից զեկուցումով հանդես եկավ  միջնակարգ դպրոցի տնօրեն Էրիկ Վարդանյանը։    

Հին Նորագյուղի դիրքն անհարմար էր (փռված էր Սարեն Խաչ բարձունքի թեքության վրա) և դժվարություններ էր ստեղծում բնակիչների համար։ Կոլտնտեսականների հիմնական աշխատանքի վայրը գտնվում էր գյուղից  8-10կմ հեռավորության վրա՝ Շիկահող կոչվող հարթավայրում։ Գյուղամիջյան ճանապարհներն անհարմար էին ու նեղ, տնամերձները՝ անջրդի: Նոր տներ կառուցելու համար հարմար տեղ չկար: Գյուղի երիտասարդությունը թողնում-հեռանում էր… Բնակավայրի ապագան հայտնվել էր վտանգի տակ։  

1961 թվականի փետրվարին Նորագյուղի խոշորացված կոլտնտեսության  վարչության նախագահ ընտրվեց Արշավիր Ալեքսանի Գալստյանը, ով ոչ միայն նախաձեռնեց գյուղը լեռներից  հարթավայր տեղափոխելու գործը, այլև իր իսկ ջանքերով կարողացավ իրականացնել նոր գյուղի կառուցումը: 1965թ. ապրիլի վերջին  Ա. Գալստյանը հրավիրեց չորս գյուղերի` Նորագյուղի, Սարդարաշենի, Ռևի, Ղշլաղի ակտիվի նիստ, որտեղ առաջ քաշեց Նորագյուղի և Սարդարաշենի  վերաբնակեցման հարցը: Ակտիվի մասնակիցները տվեցին իրենց համաձայնությունը, և նույն թվականի մայիսի 14-ին Սարդարաշեն գյուղում հրավիրվեց  չորս գյուղերի ներկայացուցիչների ընդհանուր ժողով, որը պաշտպանեց նշյալ գյուղերի վերաբնակեցման  նախաձեռնությունը։ Կայացված որոշման մասին տեղեկանք ուղարկվեց  Ստեփանակերտի շրջխորհրդի գործկոմ, որից հետո գյուղի  տեղափոխման հարցը հասավ մարզխորհրդի գործկոմ, որի նախագահն այդ ժամանակ ծննդով նորագյուղցի  Մուշեղ Գրիգորիի Օհանջանյանն էր։ Մարդ, ով լավ   գիտեր հարազատ  գյուղի վիճակը և ամեն ինչով սատարում էր  համագյուղացիներին: Եվ, ինչպես ակնկալվում էր, Մ. Օհանջանյանը ոչ միայն իր համաձայնությունը տվեց վերաբնակեցմանը, այլև մեծապես աջակցեց գյուղի տեղափոխմանը:  

Նախաձեռնությունը պաշտպանեց կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար Գուրգեն Մելքումյանը: Մարզի համար ամենաբարձր մակարդակով որոշում կայացվեց աջակցել հին Նորագյուղի տեղափոխման գործընթացին:

1966թ. մարտի 13-ին հանդիսավոր կերպով դրվեց նոր Նորագյուղի առաջին տան առաջին հիմնաքարը։ Այդ օրն էլ դարձավ գյուղի հիմնադրման  օրը: Նույն տարվա մայիս ամսին արդեն սկսված էր հարյուրից ավելի առանձնատների  շինարարությունը։

Բազում դժվարություններ եղան Նորագյուղի և Սարդարաշենի վերաբնակեցման  ժամանակ: Բայց ժողովուրդը կարողացավ հաղթահարել դրանք, որովհետև մեծ թիվ   էին կազմում գյուղի կառուցմանն ակտիվորեն աջակցողներն ու մասնակիցները: Ժամանակի ընթացքում գյուղը  մեծացավ, շենացավ և դարձավ շրջանի ամենամեծ ու ամենամարդաշատ  բնակավայրը:

Երբ սկսվեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարը, Նորագյուղն  իր աշխարհագրական դիրքով ու հայրենասեր զավակներով զգալի դեր խաղաց հաղթանակի կերտման գործում: Գյուղը դարձավ անհաղթահարելի պատնեշ ազերական  Խոջալուի դեմ։ Այդ տարիներին մարդիկ մեկ անգամ ևս համոզվեցին, որ միանգամայն ճիշտ էր ժամանակին հին Նորագյուղը տեղափոխելը:   Մեր ազատագրական պայքարին հարյուրավոր նորագյուղցիներ են մասնակցել, նրանցից 33-ն իրենց կյանքն են զոհաբերել հանուն Արցախի:

վՀուրախություն բնակիչների՝ Նորագյուղի զարգացման համար այսօր նոր հեռանկարներ են բացվում: ԼՂՀ-ում զբոսաջրջության, էկոտուրիզմի զարգացման  ծրագրով նախատեսվում  է համայնքի  տարածքում` հին Նորագյուղում, ստեղծել էկոգյուղ, որը նոր հնարավորություն կընձեռի գյուղի հետագա  զարգացման ու բարգավաճման համար։ 

Հոբելյանական օրվա կապակցությամբ ելույթ ունեցան և շնորհավորանքի խոսք ասացին Նորագյուղի նախկին ՙՀաղթանակ՚ կոլտնտեսության երկար տարիների հաշվապահ Արամազդ Զաքարյանը, դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Գալստյանը, ովքեր նույնպես փաստեցին գյուղի տեղափոխման անհրաժեշտությունն ու դրդապատճառները։ Ի՞նչ տվեց նոր Նորագյուղի վերաբնակեցումը՝ իր իսկ հարցին Արամազդ Զաքարյանը պատասխանում է. ՙՆախ՝ կառուցեցինք հարմարավետ տներ, դադարեց երիտասարդության հոսքը գյուղից, կոլտնտեսականներն սկսեցին աշխատել էլ ավելի նվիրվածությամբ ու քիչ դժվարություններով, մարդիկ տեր կանգնեցին իրենց հող ու ջրին, վերջ տրվեց ազերիների վնասարարությանը, կոլտնտեսությունը դարձավ շահութաբեր, բարձրացավ աշխօրի ինքնարժեքը, մարդիկ սկսեցին ապրել բարեկեցիկ ու ապահով կյանքով… Այս ամենի համար ներկա սերունդը պարտական է ավագ սերնդին, հատկապես Արշավիր Գալստյանին ու Մուշեղ Օհանջանյանին՚։ 

Նոր գյուղի հիմնադրման մտահաղացումն Արսեն Բարսեղյանինն էր, այն իրականացրեց Արշավիր Գալստյանը։ Այս գաղափարն է ընկած ՙԱսք Նորագյուղի մասին՚ պոեմի հիմքում, որի հեղինակը Սուսաննա Գալստյանն է։ 

Արցախի ազատամարտիկների միության տարածքային միավորման նախագահ Վլադիկ Պետրոսյանը  ելույթում իրազեկեց, որ Նորագյուղն արդեն ունի իր զինանշանը. նախօրեին համայնքի ավագանին հաստատել է այն։ Սա Արցախի գյուղական բնակավայրերի համար եզակի դեպք է՝ ընդօրինակման արժանի։ Զինանշանի հեղինակը Ասկերանի շրջանային ՙԲերդ՚ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանն է։ 

Իր ելույթում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բացառիկ իրադարձություն համարեց օրվա միջոցառումը։ Նրա խոսքով՝ այսքան մեծ ներկայացուցչական պատվիրակությամբ՝ երկրի Նախագահի, իշխանությունների բոլոր թևերի պատասխանատուների մասնակցությամբ տոնախմբությունը  վկայությունն է այն դերի, որ ունեն նորագյուղցիները մեր երկրի կյանքում, նրա բոլոր բնագավառներում։ ՙԵս ականատեսն եմ ու ժամանակակիցը այն բոլոր իրադարձությունների ու զարգացումների, որոնց մասին առանձին հպարտությամբ ու ոգևորությամբ են խոսում այստեղ։ Գուցե ժամանակն է այսօր խոստովանություն անելու. երբ Նորագյուղը սկսեց բարձրանալ իր երկհարկանի տներով, բարեկարգ և  ուղղաձիգ փողոցներով, քաղաքատիպ ենթակառուցվածքներով, հարևան գյուղերի բնակիչներիս համար այն բարի նախանձի նյութ ու թեմա դարձավ։ Շատ բնական ու ողջունելի է այն, որ նորագյուղցիների երախտապարտ ներկա սերունդն իր հարգանքն ու գնահատումն է ցուցաբերում գյուղի հիմնադրման կազմակերպիչների խմբին՝ Արշավիր Գալստյանի գլխավորությամբ, համագյուղացի Մուշեղ Օհանջանյանին, ով այն ժամանակներում ինքնավար մարզի ղեկավարներից էր։ Սա նշանակում է, որ գյուղի պատմության նորագույն հատվածի գլխավոր հերոսը հենց Նորագյուղի հասարակությունն է։ Այդ մարդիկ են միասնական աշխատանքով իրականություն դարձրել հին Նորագյուղի և Սարդարաշենի տեղափոխումը, ինչը մի քանի սերունդների վաղեմի երազանքն է եղել։ Անգամ Խորհրդային Միության պես երկրում բնակավայրերի տեղափոխման նման խոշորամասշտաբ ծրագրերը շատ լուրջ ու դժվար գործերի շարքն էին դասվում, և փոքր-ինչ ձախողումն անգամ հերիք էր, որ սառեցվեին։ Բայց նորագյուղցիներն իրենց աշխատասիրույթամբ ու համառությամբ կարողացան տրամաբանական ավարտին հասցնել այդ տնտեսական, ժողովրդագրական և, ինչպես հետո պիտի պարզվեր, ռազմավարական ծրագիրը՚,- ասաց Աշոտ Ղուլյանը։

Նորագյուղ համայնքի բնակիչներին շնորհավորական ուղերձ էր հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Այն ընթերցեց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, արմատներով նորագյուղցի Անդրանիկ Մարտիրոսյանը։ 

Բնականաբար, տոնական օրն առանց պարգևատրումների չանցավ։  Նորագյուղ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած ավանդի համար և հիմնադրման 50-րդ տարեդարձի կապակցությամբ գյուղի մի խումբ բնակիչներ պարգևատրվեցին ԼՂՀ վարչապետի հուշամեդալով։ Եվս մի խումբ բնակիչներ Ասկերանի շրջվարչակազմի և Նորագյուղի համայնքի ղեկավարների կողմից արժանացան պատվոգրերի ու նվերների։ Նորագյուղ համայնքի ավագանու որոշմամբ գյուղի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Մուշեղ Օհանջանյանին և  Արշավիր Գալստյանին։ 

ՙՀպարտության զգացում եմ ապրում, որ, ժամանակին լինելով ղեկավար պաշտոններում, արել եմ ինձնից կախված ամեն ինչ՝ իմ հարազատ ծննդավայրի, իմ երկրամասի անունն ու պատիվը բարձր պահելու համար։ Եթե Նորագյուղը չլիներ այժմյան տեղում՝ կդառնար Խոջալուի արվարձաններից մեկը, ինչպես այդ բախտին արժանացավ նախկին գինտրեստի խաղողագործական թիվ 2 սովխոզը։ Ուրախ եմ, որ որդիական իմ պարտքն եմ կատարել ինձ ծնող, սնող ու դաստիարակող ծննդավայրիս հանդեպ՚,- ասաց Մուշեղ Օհանջանյանը։ 

Արշավիր Գալստյանը վերհիշեց այն դժվարություններն ու խոչընդոտները, որոնց հաղթահարումն ահռելի ջանքեր էր պահանջել։ Հեշտ չի եղել. հաճախ առողջության հաշվին է արել։ Նրա խոսքով՝ արվածին երկրի ղեկավարության գնահատումը պարտավորեցնում է նորագյուղցիներին՝ չհեռանալ արմատներից, լինել միասնական։ Այդպե՜ս կարող են հասնել հաջողությունների։ Նա հիմա էլ համոզված է, որ միայն խոշոր տնտեսությունն է ի վիճակի դա անել. մանր տնտեսությունը չի կարող հաջողության հասնել։ 

Միջոցառման մասնակիցները դիտեցին գյուղի մասին պատմող տեսահոլովակը։ Գրական-երաժշտական ու թատերականացված համարներով հանդես եկան դպրոցականները (գեղարվեստական ղեկավար ու կազմակերպիչ՝ Լիանա Հայրիյան)։    

Նորագյուղցիներին շնորհավորեց Նախագահ Բակո Սահակյանը. ՙՍա սովորական հոբելյանական միջոցառում չէ։ Կազմակերպիչներն ու նախաձեռնողները ցանկացել են հարգանքի տուրք մատուցել, խոնարհվել ավագ սերնդի ներկայացուցիչների առջև։ Այսօր մենք ականատեսը դարձանք ու մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ապրում ենք մեր նախնիներից ժառանգած արժեքների համաձայն՝  մեր հայացքն ուղղած  դեպի ապագան,  չմոռանալով մեր անցյալը։ Նման մտածողությունը չի կարող մեզ հաջողության չհասցնել։ Ես առիթ եմ ունեցել այս տարիների ընթացքում Նորագյուղին առնչվել դեռ մինչև պատերազմը, պատանեկան տարիներին, և կարող եմ ասել հետևյալը՝ այստեղ ապրում են բարի մարդիկ։ Բարության հիմքը դա աշխատասիրությունն է, առանց որի հնարավոր չէ սխրագործություններ կատարել։ Այս տարիներին քանիցս մենք ընդօրինակել ենք նորագյուղցիներին, օրինակ ենք բերել նրանց, և, բարեբախտաբար, այդ հատկանիշներն այսօր էլ Նորագյուղում առկա են, որի ապացույցն է նաև օրվա միջոցառման մասնակից պատանի սերունդը։ Նորագյուղը շարունակում է ծնել ու դաստիարակել  սերունդ, որը հակված է նախնիների ժառանգած արժեքների ու հատկանիշների համաձայն կառուցել իր կյանքը։ Ամենայն բարիք և նոր հաջողություններ ձեզ՚։

Մինչ ուշ երեկո գյուղում շարունակվում էր տոնակատարությունը, որի շրջանակներում անցկացվեցին մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներ։ Գյուղի հասարակությանը, հատկապես երեխաներին՝ հիացրեց լարախաղացը, իսկ ուշ երեկոյան տեղի ունեցավ հրավառություն։ 

Շնորհավո՛ր տոնդ, Նորագյո՜ւղ։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ