[ARM]     [RUS]     [ENG]

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակը խստորեն դատապարտել է Ադրբեջանի գործողությունները` դրանք որակելով ահաբեկչություն

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 4-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին և նրա ղեկավարած պատվիրակության անդամներին:

 Ողջունելով  հյուրերին, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը  վստահություն է հայտնել, որ Կնեսետի խորհրդարանականների  այցն արդյունավետ կլինի հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար: Տիկին Նաղդալյանն առանձնապես կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ  համատեքստում  նշանակալի դերակատարություն վերապահել բարեկամական խմբերին:  ԱԺ փոխնախագահի խոսքով, երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տարբեր բնագավառներում,  որոնցից են մասնավորապես, առևտրատնտեսական, մշակութային, գյուղատնտեսական, ոլորտները, քաղավիացիան և տուրիզմը:


ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը  բարձր է գնահատել ցեղասպանությունների ճանաչման  և կրկնության կանխարգելման գործում Իսրայելի ներդրումը և  կարևորել Կնեսետում Հայոց ցեղասպանության  հարցի քննարկման հետ կապված զարգացումները: Հերմինե Նաղդալյանը հույս է հայտնել, որ Կնեսետի արձագանքն այդ կապակցությամբ ծանրակշիռ կլինի: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Իսրայելի կառավարությանը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար և հույս հայտնել, որ առաջիկա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին Իսրայելի պատվիրակությունը մասնակցություն կունենա:


Հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ է եղել հայ ժողովրդի համար ներկա ծանր իրավիճակին: Անդրադառնալով  ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, Հերմինե Նաղդալյանը բարձրաձայնել է  Ադրբեջանի ահաբեկչական և ագրեսիվ քաղաքականության մասին, որն առավել սրվել է վերջին օրերին: ԱԺ փոխնախագահը այս համատեքստում կարևորել է միջազգային հանրության միջամտությունը և հույս հայտնել, որ Իսրայելը՝ որպես ահաբեկչության դեմ պայքարում ներդրում ունեցող պետություն, իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին:


Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացման, ինչպես նաև՝ տարբեր ոլորտներում գործուն համագործակցության անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց արդյունքում արդեն ուրվագծվել են կոնկրետ ծրագրեր՝ ուղղված գործարար կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Տիկին Պլոսկովն անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը և  միասնաբար պայքարել ցեղասպանությունների կանխարգելման համար:


Անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում ընթացող իրադարձություններին,  Թալի Պլոսկովն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին և խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները՝ որակելով դրանք որպես ահաբեկչություն՝ ուղղված ողջ տարածաշրջանին:  Կնեսետի փոխխոսնակը կիսելով հայ ժողովրդի մտահոգությունը,  իր պատրաստակամությունն է հայտնել՝ համատեղ բարձրաձայնելու ստեղծված անընդունելի իրավիճակի մասին և կոչ  արել  Ադրբեջանին դադարեցնել այդ՝ որևէ տեղ  չտանող քաղաքականությունը: