[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՎՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու օր առաջ հայտարարություն էր տարածել սահմանում կրակը միակողմանի դադարեցնելու մասին։

ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով այն, նշեց, որ այդ հայտարարությունը միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում։ Իրականում, ըստ Նախագահի մամլո խոսնակի, Ադրբեջանի իշխանությունները այդօրինակ մեթոդներով փորձում են պարտակել ագրեսորի իրենց կեցվածքը։ ՙԴա պաշտոնական Բաքվի նման երկրորդ հայտարարությունն է՝ վերջին 12 ժամվա ընթացքում,-ասաց Դ. Բաբայանը։- Բայց ինչպես տեսնում եք, դա որևէ ձևով չի արտացոլվում նրանց գործողություններում՚։ 

Ներկայացնելով սահմանում տիրող ընդհանուր իրավիճակը՝ Դ. Բաբայանն ասաց, որ վաղ թե ուշ՝ հակառակորդը ոչ թե նահանջելու, այլ հետ է շպրտվելու։ ՙՆահանջելը ուրիշ հասկացություն է. դա այն է, երբ կրելով կորուստներ՝ թշնամին նահանջում է։ Ճիշտ է՝ Ադրբեջանը մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ ասելով մեկ բան, բայց անելով լրիվ հակառակը, բայց դա որևէ ձևով չի փոխում իրականությունը… Մենք այս հակառակորդին լավ ենք ճանաչում, գիտենք նրա ինչպես թույլ, այնպես էլ ուժեղ կողմերը։ Եվ անելու ենք ամեն ինչ՝ մեր սահմանները պաշտպանելու համար՚,- ընդգծեց նա։ Դ. Բաբայանի խոսքով (ինչի ականատեսն ենք նաև բոլորս)՝ Արցախում բնականոն, աշխատանքային առօրյա է, իհարկե, հագեցած ժամանակացույցով, ոչ մի խուճապային տրամադրություն չկա։ Բնականաբար, ամեն ինչ արվում է այնպես, ինչը յուրահատուկ է պատերազմող երկրին։ ՙՀուսով ենք՝ թեժ իրավիճակը կմնա միմիայն սահմաններում, ինչը, սակայն, չի նշանակում, որ մենք պատրաստ չենք համարժեք հարված տալ հակառակորդին և հարկ եղած դեպքում դիմել այլ քայլերի։ 

Ինչ վերաբերում է հարավային  (Հադրութի)  ուղղությանը՝ հակառակորդին նախօրեին հաջողվել էր ժամանակավորապես վերցնել որոշ հենակետեր, սակայն  այնուհետև նա հետ  է շպրտվել, ինչը ռազմական գործողություններին բնորոշ երևույթ է։ Եթե երբեմն հակառակորդին հաջողվում է 2-3 մետր առաջ գնալ՝ դա չի նշանակում, որ կարող է փոխվել ռազմական իրավիճակը, առավել ևս՝ նախաձեռնությունն անցնել թշնամու ձեռքը։ Պահի դրությամբ տալիս ենք համարժեք պատասխան։ Կա այսպիսի մի օրինաչափություն. ագրեսորը կամ հանցագործը չի ճանաչում ոչ բարոյական, ոչ այլ նորմեր. նա ճանաչում է միայն ուժը՚,- ասաց Դ. Բաբայանը, միաժամակ նշելով, որ,   դժբախտաբար, ունենք զոհեր, բայց ոչ այնքան, ինչքան ներկայացնում է Ադրբեջանը. հակառակորդը փորձում է իրենց զոհերի  թվաքանակը վերագրել հայկական ուժերին։

Անդրադառնալով Թալիշ գյուղում ադրբեջանական զինուժի վայրագություններին, Դ. Բաբայանը նշեց, որ նրանք դաժանաբար սպանել են գյուղում մնացած հատուկենտ խաղաղ բնակիչների։ ՙԱդրբեջանցիների պահվածքը զարմանալի չէ և ոչ էլ բացառություն։ Երկու օր առաջ էլ նրանք դպրոցական երեխայի են սպանել՝ արկակոծելով դպրոցը, մանկապարտեզը։ Ապրիլի 2-ին ադրբեջանական զորամիավորումները Թալիշ մտնելու փորձ են արել, բայց ներկայում լրիվությամբ վտարված են։ Թալիշը հայկական է, հայկական էլ մնալու է՚,- ընդգծեց Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության  ղեկավարը։